Դիմադրության մեր թևերը մինչև չբացենք, ընկած ենք մնալու

Դիմադրության մեր թևերը մինչև չբացենք, ընկած ենք մնալու

Ֆեյսբուքում էլ ակտիվիստներ կան, որ ամեն հոդվածիդ ստատուսով արձագանքում են: Նրանց միջոցով կարող ես իմանալ՝ հոդվածդ հանրությանը դու՞ր է եկել, թե ոչ: Ահա մի այդպիսի ակտիվիստի բացակայությունը զգացի: Կառավարության նշանակումների թունդ պահին չկա ու չկա: Ինչ որ առիթով հեռախոսի համար էր թողել. վերցրի ու զանգեցի՝ ու՞ր ես: Ահա թե ինչ պատասխանեց. «Մի քանի հոգու նշանակումից հետո անկողին եմ ընկել: Ճնշումս բարձրացել, չի կարգավորվում: Առիթմիա է սկսել: Բժիշկն ասաց, որ էլ ինտերնետ չմտնեմ ու չհետևեմ քաղաքական իրադարձություններին: Բժիշկն էլ խոստովանեց, որ չնայած բժշկական իր զինանոցին, չի դիմանում այս նոր նշանակումներին և իր օրգանիզմն էլ է արձագանքում  հիվանդագին տարբեր դրսևորումներով»:



-Լավ,- նեղսրտեցի,- ահագին ժամանակ բացակայում ես,- հիմա վիճակիդ մեջ փոփոխություն չկա՞:



- Չէ, նույնն եմ,-պատասխանեց:- Հիմա էլ ճնշումս բարձրանում է, որ բան չեմ իմանում: Ախր երկիրը ծնողից թանկ բան է, ո՞նց կարող ես նրա մասին չմտածել: Ծնողիդ չարչարում, տանջում են, տեսնելն է է տանջալի, չտեսնելն էլ: - Մանավանդ, որ ձեռքներս կապել, անլեզու հայվանի նման մեզ մի կողմ են գցել:- Ճղղա, հա ճղղա, ո՞վ է ուշադրություն դարձնում:- Մեզ նման երեխեքը ո՛չ լինեն, որ մեկը ինձ նման իր առողջության մասին է մտածում ու պառկում, մյուսը գլուխը վերցնում ու փախչում է, մնացածներն էլ ծնողին տանջողի հետ միացած, ասում են՝ բանակցում ենք: Միասին են տանջում ծնողին:



- Հիմա ի՞նչ ես անելու,- նրա վիճակից հուսահատ հարցրի ես:



- Էդ նորանշանակներն են ինձ փրկելու՝ Հովիկը, Գալուստը, Երվանդը, Գագոները, Նարեկը, բոլոր, բոլոր հին գայլերը: Մարդու դեմ որ այդքան գել ու գազան գան, ի՞նչ պիտի անի: Աստծուց ուժ է ստանալու ու դուրս գա նրանց դեմ:- Հո չե՞մ թողնի,  որ ինձ գելերն ուտեն, երկիրը գելերը ուտեն: Սա պատերազմ է արդեն՝ մեր չփլաղ ջանը անտեսելու, մեր ծնողին պաշտպանելու համար:



Այստեղ սիրտս տեղն ընկավ ու հասկացա, որ դիմադրության մեր թևերը մինչև չբացենք, ընկած ենք մնալու:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ