Նախարարություններում կադրային ջարդ են սպասում

Նախարարություններում կադրային ջարդ են սպասում

Նորանշանակ 8 նախարարների համար ճանաչողական շաբաթ է: Նրանք հանդիպում են տեղակալների, վարչությունների եւ բաժինների պետերի հետ: Ոմանք, ինչպես քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, մտնում են աշխատասենյակներ, գնահատում «ռեմոնտն» ու գույքի մաշվածությունը, առանձնազրույցներ են ունենում աշխատողների հետ: Մի մասին խոստանում են, որ թողնելու են աշխատելու, մյուսները լուռ դիմումներ են գրում: Բոլոր 8 նախարարները, առանց բացառության, խոստանում են, որ կադրային ջարդ չեն անի, եւ որ ով կաշխատի, նա կմնա, բայց նրանց դժվար է հավատալ: Ամենաաշխույժ կադրային շարժը երեկ արդարադատության նախարարությունում էր: Արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը, որը Հրայր Թովմասյանի մտերիմն էր, եւ նախարարի մամուլի քարտուղար, նախկինում ընդդիմադիր լրագրող Կարինե Քալանթարյանը միաժամանակ աշխատանքից ազատման դիմումներ են գրել: «Ես եկել եմ նախարար Հրայր Թովմասյանի հետ, իմ առաջին պետական աշխատանքին, եւ, կարծում եմ, տրամաբանական է, որ նրա հետ էլ գնում եմ»,- ասաց Կարինե Քալանթարյանը, ավելացնելով, որ չգիտի, թե որտեղ է աշխատելու, բայց կլինի մասնավոր, ոչ թե պետական հատվածում:



 



«Ձեր ցանկությա՞մբ եք հեռացել, ինչո՞ւ» հարցերին արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը պատասխանեց. «Երկու հիմնական պատճառով եմ հեռանում: Նախ, որ նախարարն ազատ լինի կադրային հարցերում, երկրորդը՝ որոշակի ժամանակ զբաղվելու եմ փաստաբանական գործունեությամբ»: Նա նկատի ունի «Դիալոգ կոնցեռն» փաստաբանական գրասենյակը, որտեղ բաժնետեր է, եւ այս փոփոխության մասին մտածում էր վերջին կես տարին: Արդարադատության ներկայիս նախարար Հովհաննես Մանուկյանի հետ շփում ունեցել է, երբ վերջինս դիվանագիտական աշխատանքով էր զբաղվում, «դրական եւ ջերմ հարաբերություններ է ունեցել, բայց զուտ աշխատանքային համագործակցություն չի եղել»: Իսկ Հովհաննես Մանուկյանը չի՞ առաջարկել Օրբելյանին մնալ եւ աշխատել: «Որոշ քննարկումներ կլինեն նրա հետ, բայց այս պահի դրությամբ իմ ցանկությունը մասնավոր աշխատանքն է: Իհարկե, դեռ ունեինք ծրագրեր, մի մասը հասցրինք, մի մասը՝ ոչ: Չեմ բացառում, որ հետագայում կվերադառնամ համակարգ»,- ասաց նա: Մեր տեղեկություններով, երեկ իրերն են հավաքել նաեւ արդարադատության մյուս «հրայրականները»՝ փոխնախարար Գրիգոր Մուրադյանն ու օրինականության վերահսկողության տեսչության պետ Նորայր Փանոսյանը: Երեկվա դրությամբ, սակայն, ազատումները պաշտոնապես ձեւակերպված չէին: Ո՞վ կդառնա արդարադատության նոր նախարարի աջ ձեռքը: Համակարգին մոտ կանգնած մարդկանց շուրթերին երեկ Հովհաննես Մանուկյանի մտերիմ, նրա ընկեր՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախկին նախագահ Էդվարդ Մուրադյանի անունն էր: 2009 թվականի մարտին նա հրաժարական գրեց վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնից, անհասկանալի պատճառաբանությամբ՝ թե իբր սպառել է հետաքրքրությունը համակարգի նկատմամբ: Նրանից քիչ առաջ իր պաշտոնից հրաժարվել էր նաեւ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը, եւ երկու ընկերների հրաժարականները մամուլն անմիջապես կապեց իրար հետ: Չի բացառվում, որ արդարադատության նորանշանակ նախարարը վերհիշի հին ընկերոջը: Այսպիսով, արդարադատության համակարգ վերադառնում են նախկին նախարար Դավիթ Հարությունյանի կադրերը: Մեր տեղեկություններով, Հովհաննես Մանուկյանի նշանակումը նույնպես Դավիթ Հարությունյանի միջնորդությամբ է եղել: Իրեն հավատարիմ Նունե Խաչատրյանին, որը գլխավոր դատախազ Կոստանյանի խորհրդականն էր, իսկ Քոչարյանի ժամանակ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարը եւ այդ համակարգում ստվերային կարդինալի դեր էր կատարում, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն արդեն նշանակել է իր տեղակալ եւ տարել է կառավարություն: Իսկ դատաիրավական ԾԻԳ-ի նախկին ղեկավար Արթուր Թունյանին, որը նույնպես իր կադրերից էր, խորհրդական է նշանակել:



 



Երեկվա դրությամբ ազատման դիմումները նախարարություններում շատ չէին: Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հետ աշխատանքից ազատման դիմում է գրել թերեւս միայն նրա քարտուղարուհին՝ օգնական Ռուզաննան, որը նրա կողքին է երկար տարիներ: Նոր նախարարի՝ Արմեն Մուրադյանի կինն էլ՝ խորհրդական Ելենա Ամիրխանյանը, դիմում է գրել ոչ թե Դումանյանին հավատարիմ լինելու, այլ էթիկական պատճառներով, քանի որ չի կարող սեփական ամուսնու խորհրդականը լինել: Մյուս 6 նախարարություններում հայեցողական պաշտոններ զբաղեցնողները չեն շտապում իրենց կամքով հեռանալ: Այլ հրաժարականներ երեկվա դրությամբ չեն եղել: Ոչ պաշտոնական լուրեր կան, որ առաջին հերթին մի շարք մամուլի քարտուղարներ կհեռանան, քանի որ նոր կառավարությունը խնդիր ունի հանրությանն արագ արդյունք ցույց տալ: Նախեւառաջ, խոսքն էներգետիկայի եւ քաղաքաշինության նախարարությունների մամուլի քարտուղարների մասին է: «Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը կադրային փոփոխություններ չի արել: Այս օրերի ընթացքում նա ծանոթացել է նախարարության աշխատակազմի հետ, առաջիկայում նախատեսում է այցելել նաեւ ձեռնարկություններ»,- ասաց մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը: Երբ է նախարարը այցելելու «Նաիրիտ» եւ ատոմակայան, որտեղ նրան կնճռոտ զրույցներ են սպասվում, քարտուղարը չգիտեր:



 



Պետք է նկատել, որ հայեցողական պաշտոններ զբաղեցնողները՝ հին նախարարների օգնականները, խորհրդականները, չեն շտապում հեռանալ, այլ գնում են «փողային» հարցեր լուծող օղակների ղեկավարները: Օրինակ, «Բնապահպանական փորձաքննությունների» ՊՈԱԿ տնօրեն Անդրանիկ Գեւորգյանը, որը նախարար Արամ Հարությունյանի մերձավորն էր համարվում: Լուրեր կան, որ այս օրերին պաշտոնից պատրաստվում է հրաժարվել Հարությունյանի մեկ այլ մերձավոր եւս՝ բնապահպանական ԾԻԳ-ի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը, որը, սակայն, ասաց, որ առայժմ գնալու ծրագիր չունի: Բնապահպանության նոր նախարարը՝ Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանը, հավաքել է կոլեկտիվին եւ ասել է դասական նախադասությունը՝ աշխատողները կմնան, ինչը հույսեր է ներշնչել նախարարության աշխատակազմին: Նախարարը, որը կոշտ մարդու համբավ ունի, նաեւ պահանջել է, որ ավելի սերտ աշխատեն հասարակական կազմակերպությունների հետ: Հավանաբար, նա ահով է հիշում, թե ինչպես էին այդ հասարակության ներկայացուցիչները գետի պղտոր ջուր խմեցնում նախկին նախարարին: Բայց երբ նա եկավ Արարատի մարզպետարան, սեփական թիմը հավաքեց իր շուրջ, ազատվելով Լոնդիկի կադրերից, եւ չի բացառվում, որ նույնն էլ այստեղ անի: Ի դեպ, Արամայիս Գրիգորյանն առաջին իսկ աշխատանքային օրով մեկնել է Ֆրանսիա՝ գործուղման, որի  համար անձնական պատճառներ ունի:



 



Էկոնոմիկայի նոր նախարար Կարեն Ճշմարիտյանն առայժմ փոփոխություններ չի կատարել, սակայն այստեղ սպասում են փոխնախարարների հրաժարականների, որոնց հետ Հովիկ Աբրահամյանը դժվար թե աշխատի, քանի որ նրանք բոլորը Տիգրան Սարգսյանի թիմից էին: Առաջին ամպերը կուտակվել են Տիգրան Սարգսյանի մտերիմ Կարինե Մինասյանի գլխին: Ի դեպ, էկոնոմիկայի նախարարությունում 5 փոխնախարար կա: Փոփոխությունների սպասում են նաեւ սպորտի եւ երիտասարդության բազմակուսակցական նախարարությունում: Նոր նախարարը՝ ԲՀԿ-ական Գաբրիել Ղազարյանը, ով Օլիմպիական կոմիտեի սպորտի բաժնի պետն էր եւ նախարարության շենքի առաջ կանգնող տղաներից, ցանկալի է բոլոր նրանց համար, ովքեր աշխատանքի էին ընդունվել նախարար Յուրի Վարդանյանից առաջ, իսկ նրա օրոք զգույշ էին «ման գալիս շենքում», աշխատում էին նախարարի աչքին չերեւալ: Այժմ, յուրայինի գալով, նրանք գոտեպնդվել են:



 



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ