Քառյակի նախագիծ vs կառավարության նախագիծ

Քառյակի նախագիծ vs կառավարության նախագիծ

Այսօր ԱԺ ոչ իշխանական քառյակը պատրաստվում է քննարկել կուտակայինի մասին օրենքի հետ կապված իրենց առաջարկած նախագծի վերամշակված տարբերակն ու այն ներկայացնել կառավարությանը, քանզի ԱԺ վերջին եռօրյա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած նախագիծը՝ փաթեթային տեսքով, ըստ էության, չի գոհացրել ոչ իշխանական ուժերին: Հիմա նրանք իրենց առաջարկներն են պնդում ու այն նախագծի տեսքով կներկայացնեն կառավարությանը, որից ստացված պատասխանից էլ պարզ կդառնա քառյակի քայլերի հաջորդականությունն այս հարցում: Նախագծի մասին զրուցեցինք ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ:



 



- Պարոն Մինասյան, ի՞նչ նախագիծ եք պատրաստվում ներկայացնել կառավարությունը: Վերամշակումից հետո ի՞նչ փոփոխություններ է կրել այն:






- Նախ ասեմ, որ մենք 3 նախագիծ ունենք: Առաջին նախագիծը, որ կոչվում է «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», դա մայր փաթեթն է, երկրորդ նախագիծը վերաբերում է կառավարության կողմից ներկայացված օրենքի 76 հոդվածի կասեցմանը, եւ երրորդ նախագիծը վերաբերում է կառավարության արդեն վերջին վերամշակած նախագծին՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասով: Մենք այս փուլում քննարկումները դեռ վերջնականացրած չունենք, բայց նախագծի նախնական տարբերակը պատրաստ է: Էությունը հետեւյալն է, որ մեր նախորդ առաջարկների հիման վրա ու նաեւ «Դեմ եմ» շարժման մոտեցումների հիման վրա ներկայացնում ենք առաջարկություններ, այդ առաջարկությունները կառավարության կողմից ընդունվելու դեպքում մենք կանկնալենք, որ դրա մասին հրապարակային ներկայացում լինի, թե այդ առաջարկություններից որոնք են ընդունվում եւ որոնք են մերժվում, որից հետո մենք որոշում կկայացնենք հետագա ընթացքի հետ կապված, այդ թվում նաեւ արտահերթ նիստ գումարելու անհրաժեշտության եւ հրամայականի մասով:



 



- Այսինքն՝ արտահերթ նիստ գումարելու անհրաժեշտությունը կախված է կառավարության պատասխանի՞ց:






- Ըստ էության՝ այո, որովհետեւ մեր առաջարկները, որ մենք ներկայացրել ենք թե նախկինում եւ թե հիմա, արդեն կառավարության ներկայացրած այս նոր փաթեթի նախագծի վերաբերյալ, բխում են ելակետային 4 հիմնական հարցերից. առաջինը պարտադիր բաղադրիչի փոխարինումն է կամավորով, երկրորդը. գործատուներին հնարավորություն պետք է տրվի նախորդ ժամանակահատվածում ներկայացրած հաշվետվություններում ճշտումներ կատարել, երրորդը. հաշվետվությունների միջից պետք է հանվի «թռչնակը» («պտիչկա»)՝ որպես ինքնաշխատ եղանակ, եւ չորրորդ. պետք է ազատել բոլոր տույժերից եւ տուգանքներից այն գործատուներին, ովքեր որ պահումներ եւ փոխանցումներ չեն կատարել: Այդ թվում նաեւ սրա շրջանակներում պետք է վերադարձվեն այն գումարները, որոնք չեն հայտնվել ֆոնդերում:



 



- Լավ, կառավարության ներկայացրած նախագիծն ինչո՞վ չարդարացրեց ձեր հույսերը, որ որոշեցիք նոր նախագիծ ներկայացնել, քանզի վարչապետը կարծես հուսադրող խոստումներ էր տալիս ձեզ հետ այս վերջին անակնկալ հանդիպման ժամանակ:






- Խնդիրն էս դեպքում հույսերն արդարացնել-չարդարացնելու մեջ չէ, այլ, ավելի շատ, վարչապետի հայտարարության մեջ պարտադիր բաղադրիչը դե ֆակտո կասեցնելու մոտեցումների մեջ է: Մենք գտնում ենք, որ պարտադիր բաղադրիչի դե ֆակտո կասեցումը պետք է ուղեկցվի նաեւ համարժեք իրավական ձեւակերպումներով, այլ կերպ ասած՝ այն պետք է նաեւ օրենքով ամրագրվի, ինչը հնարավորություն կտա, որ մինչեւ նոր համակարգի մշակումը եւ բարեփոխումների նոր փաթեթի պատրաստումը քաղաքացիների կամահայտնությամբ լինի նման բաղադրիչի մասնակցությունը: Եթե մենք թողնում ենք անորոշության մեջ, ինչը որ այս պահին կառավարության նախագծում է ներկայացված, նշանակում է թողնում ենք, որ մնա կոնֆլիկտը գործատու-աշխատող հարաբերության մեջ՝ մի կողմից, մյուս կողմից՝ խրախուսում ենք, որ հարկային մարմինները եւ տարբեր գերատեսչություններ իրենց լծակներն օգտագործեն քաղաքացիների կամահայտնությունից դուրս նրանց սեփականությունը հանդիսացող աշխատավարձի միջոցները պահել եւ փոխանցել ֆոնդերին:



 



- Այս դեպքում ՍԴ որոշումն ի՞նչ է նշանակում:






- Ուրեմն միանշանակ է, որ Սահմանադրական դատարանի որոշումը վերացրել է պարտադիր բաղադրիչը: Այն, ինչ փորձ է արվում ներկայացնել որպես անցումային փուլ կամ տարաժամկետված մինչեւ սեպտեմբերի 30-ը, ամենեւին չի կարող ներկայացվել, մեկնաբանվել ու կիրառվել քաղաքացու կամահայտնությունից դուրս նրա սեփականության իրավունքը վերցնելու մոտեցմամբ: Սա միանշանակ է, եւ որեւէ իրավական հիմք, որը թույլ կտա թե գործատուներին, թե գերատեսչական մարմիններին ճնշման միջոցով փոխանցել կամ պահել գումարները, ես համարում եմ հակաիրավական, որովհետեւ, նորից եմ կրկնում, որ ՍԴ որոշումը չի տվել այդպիսի հնարավորություն: Սակայն, հաշվի առնելով, որ տարբեր մեկնաբանություններ են տեղի ունենում, մեր նպատակն այն էր, որ օրենքով միարժեքորեն հաստատվի Սահմանադրական դատարանի որոշումը կամավորության սկզբունքի կիրառման մասով, որպեսզի որեւէ անձ, որեւէ քաղաքացի կամ գործատու իրավունք չունենա այլ կերպ ներկայացնել համակարգը:



 



- Իսկ ՍԴ որոշումն ինքնին արդեն օրենք չէ՞:






- ՍԴ որոշումը ոչ միայն օրենք է, այլեւ օրենքից ավելին է, ավելի բարձր է, քան օրենքն է, եւ դա է ամրագրում նաեւ Սահմանադրությունը: Բայց էստեղ խնդիրն այն է, որ ՍԴ որոշումը փորձում են տարբեր կերպ ներկայացնել, եւ դա ճիշտ մոտեցում չէ: Ինձ համար միարժեք է՝ ՍԴ որոշումը բավարար հիմք է, որպեսզի որեւէ մեկը չկարողանա այլ մեկնաբանություններ կիրառել, բայց, հաշվի առնելով, որ կառավարության տեսակետը, այդ թվում՝ նաեւ նախորդ կառավարության տեսակետը տարբերվում է էս առումով, ուստի մենք ուզում ենք օրենքով հստակ ամրագրվի, որ կամավորության սկզբունքն է գործում, ոչ թե պարտադրանքը:



 



- Թեպետ Հովիկ Աբրահամյանի ասած «դե ֆակտո» կասեցմանը, շատ պետական կառույցներում եւ մասնավոր ընկերություններում շարունակում են պահումներ կատարել, քանզի դրանց ղեկավարները, ստանալով փաստացի ազատություն՝ չկատարել պահումներ, կառավարությանը հաճոյանալու համար, այդուհանդերձ, պահումներ կատարում են:






- Բնականաբար, ոչ միայն գործատուներն են փորձում ինքնուրույն ինչ-որ վարքագիծ դրսեւորել, մենք ականատես եղանք նաեւ ԿԳ նախարարի հանձնարարական հրամանին, որով փորձ էր արվում բոլոր հանրակրթական հաստատություններին հանձնարարել, որ կուտակայինը պահեն եւ փոխանցեն: Սա նշանակում է, որ մենք չպետք է թողնենք նման հնարավորություն, քանզի դա նշանակում է շարունակել ոտնահարել ՀՀ քաղաքացու սեփականության իրավունքը: Հարգելով հանդերձ վարչապետի հայտարարությունն ու նրա մոտեցումն այս հարցին՝ գտնում եմ, որ հայտարարությունը պետք է իսկապես դառնա օրենք, եւ միայն այդ դեպքում մենք կբացառենք որեւէ գործատուի կամ գերատեսչական մարմնի ճնշման հնարավորությունն աշխատակիցների նկատմամբ: Միայն այդ դեպքում է հնարավոր անորոշությունը, որ այս նախագծում կա, վերացնել:



 



- Քանի որ նախագիծը բաժանվել է քառյակի բոլոր ուժերին, այս հարցի շուրջ բոլո՞րն են միակարծիք, թե՞ տարաձայնություններ կան:






- Քառյակը դեռ չի քննարկել, հուսով եմ, որ այս նախագիծը ներկայացնելիս կքննարկի եւ վերջնական դիրքորոշում կհայտնի:



 



- Իսկ ՕԵԿ-ից  որեւէ մասնակցություն կա՞ այս գործընթացին, թե՞ առաջարկ չի եղել:






- ՕԵԿ-ին տրվել է նախագիծը, հիմա իրենք էլ կքննարկեն, կասեն, եւ մենք որեւէ առարկություն չունենք, որ արտահերթ նիստի հրավիրմանը նաեւ ՕԵԿ-ը մասնակցի: Բացի այդ, մենք միշտ էլ խրախուսել ենք, որ մեր տարբերակն ընկալելի լինի բոլորի կողմից: Բայց այս քննարկմանը չեմ կարծում, թե ՕԵԿ-ը մասնակցի:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ