Ո՞վ է մեր պետականության գոյության երաշխավորը

Ո՞վ է մեր պետականության գոյության երաշխավորը

Ռուսաստանցի հեռուստալրագրող Դմիտրի Կիսիլյովը Հայաստանի խորհրդարանում ասել է, թե «աշխարհում հայկական պետականության գոյության միակ երաշխավորն Ռուսաստանն է»: Նիկոլ Փաշինյանը Կիսիլյովի խոսքում հայ ժողովրդի, նրա նահատակների դեմ վիրավորանք է տեսել, իսկ պուտինիզմի գաղափարախոսի հետ հանդիպմանը ներկա Հայ Բաբուխանյանն էլ հակադարձել է, որ «նահատակների մասին խոսք չի եղել»:



 



Բաբուխանյանը , երեւի, Կիսիլյովին լավ չի հասկացել: Որովհետեւ եթե «Ռուսաստանն է հայկական պետականության գոյության երաշխավորը», ապա դա, իրոք, վիրավորանք է հայ ժողովրդի նահատակների` Սարդարապատի, Բաշ-Ապարանի հերոսամարտերի եւ Արցախյան պատերազմի նահատակների հիշատակին: Որովհետեւ 1918թ. մայիսի 28-ին Հայաստանի անկախությունը հռչակվել, Բաթումի պայմանագրով Թուրքիայի կողմից ճանաչվել է ոչ թե Ռուսաստանի «մեծահոգության», այլ` հայ ժողովրդի հազարավոր զոհերի արյան գնով: Ինչ վերաբերում է 1991թ. –ին Հայաստանի եւ Արցախի անկախացմանը, ապա ամեն ինչ տեղի է ունեցել մեր աչքի առաջ: Եւ յուրաքանչյուր բանական մարդ գիտի, համոզված է եւ պարտավոր է խոստովանել, որ ամեն ինչ կատարվել է ի հեճուկս ԽՍՀՄ-ի (Ռուսաստանի իրավանախորդի):




Եթե Դմիտրի Կիսիլյովն ասեր, որ «Ռուսաստանը Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն է», ապա դա նորմալ կընկալվեր. երկու երկրների միջեւ դեռեւս 1997թ.-ին ստորագրվել է ռազմաքաղաքական համագործակցության մասին պայմանագիր, Հայաստանն անդամակցում է ՀԱՊԿ-ին: Եւ դրանում ոչինչ վիրավորական չկա. ՆԱՏՕ-ն էլ հանդիասնում է կազմակերպության անդամ երկրների անվտանգության երաշխավորը, եւ, ասենք, Լատվիան դրանից իրեն վատ չի զգում, լատիշ ժողովրդի ազգային զգացմունքները չեն վիրավորվում, երբ ԱՄՆ-ում մեկն այդ մասին բարձրաձայնում է:
Բայց Կիսիլյովը խոսել է «հայկական պետականության (նույնիսկ` ոչ պետության) գոյության երաշխավորության» մասին: Եւ դա ամենից առաջ հնչում է ... որպես սպառնալիք: Կկամենա՞ Ռուսաստանը` «աշխարհում հայկական պետականություն կլինի», չի կամենա` «ոչ»,- ահա այսպես է հասկացվում պուտինիզմի գաղափարախոսի միտքը: Աշխարհում ոչ մի դաշնակից երկիր մյուսի «գոյության» նման «երաշխավորություն» չի ստանձնում: Կամ, գոնե, հրապարակային չի նվաստացնում «կրտսեր եղբորը»: Մանավանդ որ, կրկնեմ, Հայաստանի անկախության գործում Ռուսաստանը որեւէ շոշափելի ներդրում չունի` 1918թ. մայիսի 28-ից ի վեր:




Սպառնալիքը, որ «Թուրքիան ձեզ կհոշոտի» պետք է ընկալել այնպես, որ մեկ անգամ արդեն Թուրքիան մեզ հոշոտել է ... Ռուսաստանի առնվազը լուռ համաձայնությամբ: Բավական է հիշել, թե ինչ էր գրում գեներալ Յուդենիչը Կովկասի փոխարքա Վորոնցով- Դաշկովին, որպեսզի պարզ լինի, թե Կովկասյան ռազմաճակատում ռուսական զորքերի «կադրիլը» (Սիմոն Վրացյանի բնորոշումն է) ինչ դիվային նպատակ էր հետապնդում: Այն տարիներին, ստույգ` 1916-ի ամռանը, Հայոց ազգային բյուրոն Կովկասի փոխարքային ուղղված նամակում բացեիբաց կասկածում էր, որ «գուցե մենք սխա՞լ ճանապարհ ընտրեցինք»: Ավաղ, դա ուշացած «իմաստնություն» էր. կատարվելիքն արդեն կատարվել էր, Արեւմտյան Հայաստանը հայաթափվել, հայկական կամավորական ջոկատները ցրվել, իսկ Ռուսաստանն ստեղծել էր «Պատերազմի իրավունքով գրավված տարածքների (Արեւմտյան Հայաստանի) գեներալ-նահանգապետություն», եւ Յուդենիչն առաջարկել էր Հայաստանի փոխարեն կազմավորել երկու` «Արաքսի եւ Եփրատի կազակություն»:




Անցյալին անդրադառնալն, ինչ խոսք, անշնորհակալ զբաղմունք է: Բայց երբ ստիպում են, պարտավոր ենք ինչ-ինչ իրողություններ նկատել տալ, թեեւ դա ամենից առաջ մեզ համար է ցավոտ: Կիսիլյովին` ի՞նչ: Նրա հայրենիքը չի մասնատվել, ժողովրդի կեսը չի սպանվել, աշխարհով մեկ չի սփռվել:




Եւ, այդուհանդերձ. Կիսիլյովին հիշեցնում եմ. Հայրենական մեծ պատերազմին Արցախից զորակոչվել է 1895- 1925թ.թ. ծնված 44 000 հայ տղամարդ: Նրանցից 22 000-ը չի վերադարձել: Ահա այդ պատճառով է, որ ԼՂԻՄ հայ բնակչության` 1939թ. տվյաալներով 139 000, թվաքանակը վերականգնվել է... Հայրենական մեծ պատերազմից միայն 40 տարի անց` 1979-ին: Նման էթնոցիդի ենթարկվել են, երեւի, միայն ԽՍՀՄ օկուպացված տարածքների ժողովուրդները:
Եւ, աստծու սիրուն, չասեք, թե նրանք «ընդհանուր հայրենիքն են պաշտպանել», չասեք, որ «եթե Գերմանիայն Ստալինգրադի ճակատամարտը շահեր, Թուրքիան մտնելու էր Կովկաս եւ ավարտին էր հասցնելու հայոց ցեղասպանությունը»: Մինչեւ կոկորդ ես կուշտ եմ ստալինյան գաղափարախոսության այդ կոպտատաշ կաղապարներից: Որովհետեւ եթե Թուրքիան Կովկաս ներխուժելու մտադրություն ունենար, ապա ի՞նչն էր խանգարում, որ նույն 1941-ի հունիսի 22-ի գիշերն անցներ Ախուրյանը: Կամ ինչու՞ Ստալինը Կովկասը պաշտպանելու համար զորք էր մտցնում Պարսկաստան, իսկ Թուրքիա` ոչ: Ավելին, իսկ ինչու՞ Ստալինը չպատժեց ուխտադրուժ Թուրքիային, չգրավեց գոնե Կարսը, որ ռուսական կայսրության մաս էր մինչեւ Բրեստ-Լիտովսկի պայմանագրով բոլշեւիկներն այն կնվիրեին Մուստաֆա Քեմալին:




21-րդ դարում հեքիաթներին նույնիսկ մանուկները չեն հավատում. Թուրքիան եւ ԽՍՀՄ-ը (Ռուսաստանը) կապված էին 1921թ. մարտի 16-ի «Բարեկամության եւ եղբայրության մասին» պայմանագրով: Կապված են նաեւ այսօր: Ռուսաստանցի քաղաքագետ Օլեգ Կուզնեցովն ավելի քան անկեղծորեն գտնում է, որ «Ռուսաստանը Նախիջեւանի անվտանգության երաշխավորն է»: Բայց դա կես- ճշմարտություն է: Ամբողջականն այն է, որ Ռուսաստանը եւ Թուրքիան են Նախիջեւանի` որպես Ադրբեջանի հովանու ներքո հատուկ տարածքի, անվտանգության երաշխավորը: Եւ այդ գիտակցմամբ է, որ Ադրբեջանի ՊՆ մամլո խոսնակն ասում է. «Նախիջեւանից «Սմերչը» կարող է խոցել Հայաստանի ցանկացած կետ»:
Իսկ Դմիտրի Կիսիլյովը «պահանջում է», որ Երեւանում տաքսու վարորդների համար ռուսաց լեզվի դասընթացներ կազմակերպվեն կամ, ավելի լավ է, «բոլոր հայ երեխաներն ռուսական դպրոցներում սովորեն»: Որովհետեւ, տեսնու՞մ եք, «չի կարելի լինել անվտանգության` մի եւ մշակութային մյուս համակարգում»: Հետաքրքրական է` Իսրայելում, որ ԱՄՆ հետ միեւնույն անվտանգության համակարգում է, անգլերենը որպես երկրորդ պետական լեզու ընդունելու խնդիր երբեւէ հնչեցվե՞լ է, ասենք, Կնեսետում հյուրընկալված` CNN –ի լրագրողի կողմից: Բացառվում է: Այդ իսկ պատճառով էլ, երեւի, անգլերենն Իսրայելում հարգի է:



 



20-րդ դարասկզբի հայ մտավորականության «ամենառուս» դեմքն, ամենայն հավանականությամբ, Վահան Տերյանն էր: 1914թ.-ի ապրիլին նա Թիֆլիսում կարդաց մի դասախոսություն` «Հայ գրականության գալիք օրը», որտեղ նաեւ քաղաքական հարցեր շոշափեց: Տերյանն անկեղծորեն հավատում էր, որ Արեւմտյան Հայաստանի հարցի լուծման ամենաընդունելի տարբերակն «ռուսական զորքերից այդ տարածքների գրավումն է »: 1915-ի նոյեմբերին, մինչդեռ, Ցոլակ Խանզադյանին գրած նամակում նա արդեն կասկածում էր ոչ միայն Ռուսաստանի, այլեւ առհասարակ «ռուս ժողովրդի միսիային»:



Եւ դրանում նրան օգնել էր... ռուս գրող Մաքսիմ Գորկին, ով իր ժողովրդին անվանել էր «չոր, անհոգի եւ ազգայնական»: Գորկին հեղինակությու՞ն է Կիսիլյովի համար: Երեւի` միայն որպես «պրոլետարական հեղափոխության մրրկահավ»: Իսկ ինձ համար Գորկին թանկ հեղինակություն է այնքանով, որ մեր զգայուն բանաստեղծ Վահան Տերյանի «աչքերը բաացել է» Ռուսաստանի իրականության հանդեպ:
Կիսիլյովը դնում է Հայաստանում ռուսական մշակույթի «օտարացման» խնդիրը: Ամենեւին: Ռուս գրականությունը եւ մշակույթը Հայաստանում միշտ հարգի են: Որովհետեւ Հայաստանն ինքը մշակույթի եւ մշակութային երկիր է: Հայաստանում հարգի չի եղել եւ հարգի չէ իմպերիական գաղափարախոսությունը: Հայաստանում մշակույթ չեն համարել ոմն Վելիչկոյի մտավարժանքները: Հայաստանում երբեք հարգի չի լինելու «կիսիլյովականությունը», քանի որ դրա ակունքներում «վելիչկոյականությունն» է:




Եւ պետք չէ քաղաքական գործիչներին մղել, որպեսզի Դմիտրի Կիսիլյովին արժանի պատասխան տան: Քաղաքականությունը միշտ եղել, կա եւ մնալու է կոնյունկտուրային: Կիսիլյովին պատասխանում է հոգեւոր Հայաստանը, այն Վեհը, Հաստատունը, Մշտամնան, որի ազնիվ որձաքարի վրա են բեկվել բոլոր օտար նվաճողների բարբարոս սրերը: Վերջին արտահայտությունը Չարենցինն է, ով նույնպես ռուսական մեծ, դեմոկրատական մշակույթի գիտակ էր: Եւ, այնուամենայնիվ, ստալինյան մղձավանգի օրերին բանաձեւել է. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:
Ահա այդ հավաքական ուժն է աշխարհում հայ պետականության, Հայաստանի եւ Արցախի անվտանգ գոյության միակ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ...



 



Վահրամ Աթանեսյան