Հայկական քարից փափուկ պաղպաղակներ

Հայկական քարից փափուկ պաղպաղակներ

«Մեր աշխատակիցները կատակում էին, որ եթե ման գանք, որ պաղպաղակն է նորմալ, ավելի հեշտ կլինի գտնել, թե որն է աննորմալ։ Քաղաքացին այսօր չգիտի իր կերածն անվտանգ է, թե վտանգավոր»։



 



«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը տեղեկացրեց, որ իրենք ուսումնասիրել են վաճառքում գտնվող բոլոր պաղպաղակները և լուրջ խախտումներ են գտել․ «Պաղպաղակն այն արտադրանքն է, որ բարձր ռիսկ է պարունակում։ Չի բացառվում, որ այս մթերքներն արդեն ժամկետանց են։ Րոպե առաջ այս արտադրանքների վաճառքը պետք է կասեցվի։ Դիտարկվել են հետևյալ պաղպաղակները՝  Թամարա, Էլիտ Շանթ, Բոնիլատ, Գրանդ Քենդի, Երևան կաթ, Անի, Բիո կաթ և Աշտարակ»։



 



Ամենաշատ խախտումները մասնագետները հայտնաբերել են «Աշտարակ կաթ»-ի պաղպաղակների դեպքում․ «Մատնանշման խախտումներ արձանագրվել են հիմնականում Թամարա, Էլիտ Շանթ, Գրանդ Քենդի, Անի ապրանքանիշերի մոտ։ Օրենսդրական դաշտը վատն է, դրա համար էլ բուսամթերք են վաճառում, դա պաղպաղակ կոչել չի կարելի»։ Արտակ Պիպոյանի խոսքով՝ ստուգումներն արդյունք չեն տալիս․ «Ստուգումից հետո վիճակն ավելի է վատացել։ «Թամարա» ընկերությունում ստուգեցին, հերիք չի շարունակում են վաճառել, ստուգումից հետո սկսել են արտադրման ամսաթիվն էլ չմատնանշել»։



 



Իբր ամեն ինչ լավ էր Հայաստանում, հիմա էլ հանգիստ պաղպաղակ չենք կարող ուտել։ Երևանյան շոգն արդեն սկսել է, բազմաթիվ պաղպաղակի սառնարաններ են ավելացել փողոցներում, բայց ինչ իմանաս՝ այդ պաղպաղակները քանի ամիս են մնացել այնտեղ։  Լրագրողական հարցումներից էլ պարզ է դառնում, որ մարդկանց մեծ մասն ամենևին էլ ուշադրություն չի դարձնում արտադրման ժամկետին։ 30 րոպե պաղպաղակ վաճառող կրպակի մոտ կանգնեցի, առնվազն 70 մարդիկ պաղպաղակ գնեցին․ նրանք ընտրում էին պաղպաղակը և միանգամից ուտում այն՝ առանց ժամկետ կամ բաղադրություն նայելու՝ ինչ էլ քարից փափուկ լինի սկզբունքով։



 



Սիրան Հունանյան