Բաց նամակ ՀՀ առողջապահության նախարարին

Բաց նամակ ՀՀ առողջապահության նախարարին

Հարգելի պարոն նախարար,



 



Ձեզ կրկին դիմում է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի աշխատակիցների մեծամասնությունը:Պատկերացում կազմելու համար մեր խնդրանքի էության և մեր նամակի հիմքերի մասին՝ խնդրում ենք ընթերցել սթ. փետրվարի 26-ին առողջապահության նախարարին ուղղված մեր նախորդ նամակը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դուք նորանշանակ եք և խնդրին անտեղյակ: Նույնիսկ մեր նորանշանակ տնօրենի՝ Արեգա Հակոբյանի ստեղծած վախի, խարդավանքներով լի անառողջ մթնոլորտը ետ չկանգնեցրեց մեզ այս նամակը գրելու մտքից: Հարգելի պարոն նախարար, մենք խորին հիասթափություն ապրեցինք նրա վերանշանակման փաստի առիթով, քանի որ չէինք պատկերացնում, որ առողջապահության նախարարությունը քմահաճ վերաբերմունք կտածի՝ հաճոյանալով ոմն մեկի, ով իրավունք չունի ոչ միայն բժիշկ, այլ նույնիսկ մարդ կոչվելու: Բոլորս էլ իրազեկ ենք մրցույթի այսպես ասված «արդար» լինելու մասին՝ ի տարբերություն Ձեր անձնակազմի կառավարման վարչության պետի «համոզիչ» մեկնաբանությունների:



 



Հարգելի պարոն Մուրադյան, մենք նաև շնորհակալ ենք Ձեզ այս մի քանի ամիսների ընթացքում բարեկիրթ տնօրենի հետ, ճիշտ է կարճատև, սակայն բարոյահոգեբանական ջերմ մթնոլորտում արդյունավետ համագործակցության համար: Ճիշտ է ասել ժողովուրդը, թե «ամեն ինչ համեմատության մեջ է երևում» :



Հարգելի պարոն նախարար, կարծում ենք, որ գիտակցում եք, որ մասնագիտությամբ հոգեբույժ անձնավորության համբերատարությունը և հանդուրժողականությունը դրված է բարձր սանդղակի վրա և արդեն պարզ պետք է լինի Ձեզ՝ինչի մասին է խոսքը: Ինչ եք կարծում՝ մենք



ինքներս լինելով հիասթափված, հուսահատ, պետության կողմից անտարբերության մատնված և ինքներս հոգեպես ճնշված կարող ենք համապատասխան օգնություն ցուցաբերել հոգեպես անառողջ մարդկանց: Ինչ վերաբերում է վերանշանակված մեր նախկին տնօրենին՝ ըստ նրա իր հետ աշխատել չցանկացողները կարող են իրենց դիմումի համաձայն դուրս գալ աշխատանքից (հիշեցնում ենք Ձեզ՝ խոսքը վերաբերում է աշխատակիցների գերակշիռ մեծամասնությանը): Միթե այս կլինիկան Արեգա Հակոբյանի անձնական ՍՊԸ-ն է: Այսօրվա դրությամբ՝ արդեն աշխատանքից ազատման դիմումներ են գրել պատկառելի, գիտական կոչումներ ունեցող, ոչ միան բուժանձնակազմի, այլ նաև հիվանդների կողմից հարգանք վայելող մասնագետներ: Հետևությունները թողնում ենք Ձեզ:



Հետևաբար՝ ևս մեկ անգամ խնդրում ենք Ձեր աջակցությունը և խնդիրը լրջությամբ ու շրջահայացությամբ դիտարկելը: Հուսով ենք, որ մեր սպասելիքները կարդարացնեք: Հարգելի պարոն Մուրադյան, մեր կենտրոնը իսկապես արժանի է մարդկային բարձր որակներ և իսկապես համապատասխան գիտելիքներ ունեցող տնօրենի: Արդարությունը քնում է, բայց չի մահանում:



Մեր նամակը անարձագանք թողնելու պարագայում՝ դիմելու ենք ավելի բարձր ատյաններ՝ընդհուպ նախագահ:



Հաշվի առնելով վերոհիշյալ անձի բնորոշ մի շարք հատկանիշներ՝ գրությունը այս անգամ էլ թողնում ենք անստորագիր՝ հայցելով Ձեր ներողամտությունը:



 



Հ.Գ. Եթե այս հրապարակումն էլ անարձագանք մնա խոստանում ենք ավելի աղմկահարույց դեպքեր հրապարակել, որտեղ ակնհայտ երևում է վերոնշյալ տիկնոջ արատավոր վարքը։ Հարգելի խմբագրություն, խնդրում ենք տեքստը կայքէջում տեղադրել ամբողջությամբ: