Չի բացառվում, որ մարդիկ մի օր մնան փլատակների տակ

Չի բացառվում, որ մարդիկ մի օր մնան փլատակների տակ

Սարի թաղի 18-րդ փողոցի բնակիչները վերջին 11 տարիներին ապրում են էքստրեմալ պայմաններում։ Դժվար է նկարագրել, թե ինչ է իրենից ներկայացնում չորրորդ կամ հինգերորդ աստիճանի վթարային տունը՝ դա տեսնել է պետք։ Երբ բնակիչները ցույց են տալիս իրենց սենյակները, ավելի ճիշտ՝ այն, ինչ մնացել է երբեմնի ամուր տներից՝ քարուքանդ հատակներով, ճաքած պատերով, անկախ քեզնից վտանգ ես զգում։ Մի խոսքով, Սարի թաղը «հոսում» է, տների հիմքերը ողողած ջուրը քայքայում է թաղամասը։ Այստեղ առայսօր սարսափով են հիշում, թե ինչպես 2006թ. հենց բնակիչների աչքի առջեւ փլվեց իրենց փողոցի մի երկհարկանի տուն։ Չնայած դրան, առայսօր Սարի թաղի վթարային տներում ընտանիքներ են ապրում։ Հոսող հողի տակից դուրս են գալիս տարբեր կենդանիներ ու միջատներ՝ այնպես, որ մարդիկ ապրում են օձերի, կարիճների ու այլ սողունների հետ։ «Մենք ուզում ենք ցույց տալ քաղաքապետին, որ կարիճներն ու օձերն անընդհատ մեր տանն են: Հիմա նույնիսկ սեւ կարիճներ են ի հայտ եկել, որոնք շատ վտանգավոր են»,- ասաց Սարի թաղի բնակիչ Աիդա Հովհաննիսյանը։ Օրեր առաջ էլ մոտակայքում` ավտոճանապարհին, փոսեր են առաջացել, որոնք գնալով մեծանում են։



 



«Գիշերը քնում ենք, առավոտյան արթնանում եւ տեսնում նոր ճաքեր, փոսեր։ Չենք բացառում, որ մի օր ամբողջ փողոցը կհայտնվի փոսի մեջ։ Այսպես շարունակել ապրել այլեւս չենք կարող, քաղաքապետարանը կարծես թե մեզ վրա ծիծաղում է ու ձեռք առնում։ Պետք է պատերը մի օր մեր գլխին թափվեն, մարդիկ մահանան, որ նոր խելքները գլուխները հավաքեն»,-ասում է տիկին Աիդան։ Փլուզման ենթակա տներից մեկն էլ թիվ 42 տունն է։ «Գիշերը քնած էինք, դմփոց եկավ, ինձ թվաց՝ երկրաշարժ է, երեխեքին վերցրել եմ ժամը 3-ի կողմը, փախել եմ դուրս։ Պարզվեց՝ սողանք է, տները նստում են»,- ասաց Անի Հայրապետյանը՝ նշելով, որ լոգարանի, զուգարանի պատերն իրարից հեռացել են, հարեւանի տունը երեւում է ճեղքից։ Բնակիչները պնդում են, որ իրենց տների սեյսմակայունությունը վերջնականապես խաթարվեց, երբ դիմացի տները քանդեցին, իսկ սարերից եկող ջրերը լցվեցին իրենց տների տակ։ Այսօր վթարային տներում բնակվողները նույնիսկ չգիտեն, թե ինչ պահանջեն տեղական իշխանություններից՝ համարժեք փոխհատուցո՞ւմ, թե՞ իրենց տների ամրացում։ Մինչ նրանք մտածում են, տան պատերի ճաքերն էլ ավելի են խորանում: Վերջիններս երանի են տալիս այն ընտանիքներին, ովքեր 10 տարուց ավելի իշխանությունների հետ կռիվ տալուց հետո բնակարաններ են ստացել։ «2001 թվականից բողոքի ակցիաներ, նստացույցեր, նամակներ քաղաքապետին, նախագահին, հազիվ 10 հոգու 2013 թվականին Սիսակյան 22 հասցեում բնակարան տրամադրեցին։ Նրանց բախտը բերեց՝ ընդգրկվեցին կառավարության 2009-2011թթ. պետական բյուջեներով նախատեսվող բնակարանային շինարարության ծրագրերի մեջ եւ ստացան բնակարաններ։ Մենք էլ մեր հերթին շարունակում ենք պայքարի այն ճանապարհը, որով նրանք են անցել»,-ասում է Անին եւ պարզաբանում. այսինքն՝ 10 տարի պետք է պայքարենք, որ բնակարան ստանանք։ Բնակիչներից մեկն էլ նշում է, որ 2011թ. սեպտեմբերին Երեւանի քաղաքապետարանը հավաքել է սողանքի գոտում գտնվող բոլոր տների բնակիչների անձնագրերը եւ առաջարկել նոր բնակարաններ։ «Ամեն մեկին նոր հասցե տվեցին, եւ երեք օր մենք Երեւանով մեկ մի հասցեից մյուսն էինք գնում՝ մեզ համար բնակարան նայելով վեցերորդ զանգվածում եւ Քանաքեռի շրջանում, սակայն վերաբնակեցումն այդպես էլ տեղի չունեցավ։ Իսկ այսօր տան պատերը փլվում են մեր գլխին»,-ասում է Նարինե Կարապետյանը։ Բնակչի խոսքով, ամեն օր ուրախանում են, որ հաջողվել է ողջ մնալ։ «Իրավիճակն ավելի է վատթարանում։ Ճաքերը մեծանում են, տունը տարուբերվում է բառիս բուն իմաստով։ Ո՞նց կարող է նման բան լինել։ Հարց է առաջանում. եթե ֆինանսավորում չկար, ինչպե՞ս էին բաշխել բնակարանները, ինչպե՞ս էին հասցեներ տվել։ Իսկ այսօր մեզ առաջարկում են սպասել մինչեւ 2015թ.։ Թող դա սողանքին ասեն, թող նա էլ սպասի»,- ասում է զայրացած կինը։ Սարի թաղի 18-րդ փողոցում մնացած բնակիչներն անընդհատ նամակներ են գրում քաղաքապետարանին՝ ներկայացնելով ստեղծված իրավիճակը, բայց քաղաքապետարանը նույն «հոգնած» պատասխաններն է ուղարկում, որ ընդգրկված են սողանքի գոտում եւ մի օր բնակարաններով կապահովվեն։ Մեր հարցմանն էլ նմանատիպ մի պատասխան էին ուղարկել։



 



«Գնացածներից շատերն իրենց բնակարանները քանդել են, սակայն կան մի քանի տներ, որ չեն քանդել, եւ այնտեղ հնարավոր է ապրել, այդ տներում այդքան ճաքեր չկան, որքան մեր տներում»,-ասում է տիկին Աիդան՝ նշելով, որ այդ տներից մի քանիսում բնակվում են։ Գրիգորյանների տան մի հատվածն ամբողջովին քանդված է, բնակվում են մի փոքր սենյակում, որն էլ ամեն վայրկյան կարող է փլվել նրանց գլխին։ «Մեր խնդիրն ուրիշ է, մեզ բնակարաններ պետք է տային՝ չտվեցին, մենք էլ ստիպված ապրում ենք, եթե մեզ մի բան պատահի, իշխանություններն են մեղավոր լինելու»,-ասում է բնակիչը։



 



Սակայն այստեղ ոչ միայն անտարբերություն կա սողանքին հանձնված բնակիչների նկատմամբ, այլեւ կոռուպցիայի տարրեր: Բանն այն է, որ Սիսակյան հասցեում բնակարան ստացածների տները քանդելու փոխարեն վերաբնակեցվել են ինչ-որ անձանց կողմից՝ բնականաբար, քաղաքապետարանի թույլտվությամբ: Մեր այն հարցմանը, որ բնակիչների կողմից հանձնված տները վերաբնակեցվում են, քաղաքապետարանից պատասխանեցին, որ ընդամենը մեկ ընտանիք է հրաժարվել վերաբնակեցումից, եւ վթարային տներն իրենց միջոցներով քանդվել են, իսկ տարածքներն էլ դարձել են բնակության համար ոչ պիտանի։ Սակայն մեր այցելության պահին առնվազն 4-5 տուն՝ տարհանվածներից, վերաբնակեցվել էր: Թերեւս ուշքի կգան, երբ աղետ լինի, եւ մարդկային զոհեր ունենանք:



 



Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ