Աշխատակիցները պահանջում են 7 ամսվա աշխատավարձը

Աշխատակիցները պահանջում են 7 ամսվա աշխատավարձը

«Արմավիայից» հետո հերթը հասավ Հրազդանի «Միկա ցեմենտին»: Դեռ 2008թ. գործարար Միքայել Բաղդասարովը փորձում էր գործարանը վաճառել ռուսական «ՌԱՏՄ-Ցեմենտ հոլդինգին», սակայն գործարքն այդպես էլ չկայացավ: Գործարանի տեխնոլոգիաները բարոյապես մաշված են եւ էներգածախսատար, վերազինման համար անհրաժեշտ է լուրջ ներդրումներ անել: Սակայն 2013թ. գործարանը սնանկ է ճանաչվել եւ գրավի դիմաց գրավադրվել «ՎՏԲ-Հայաստան բանկում»: Այժմ գործարանի աշխատակիցները հարկադիր պարապուրդի են մատնված: Աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ գործարանը չի աշխատում, վառարանները վերանորոգվում են, իսկ իրենք 7 ամսվա աշխատավարձ չեն ստացել: Խոստացել են մինչեւ հունիսի 15-ը վճարել, բայց հույս չունեն, որ կստանան. «Ո՞նց կարող ա մարդ 7 ամիս առանց աշխատավարձի մնա: Թող Նաիրան աշխատավարձ չստանա, հլա տեսնեմ ի՞նչ կանի: Բա աշխատել ենք էդ 7 ամիսը, պահանջում ենք մեր աշխատավարձերը, կարող ա՞ դրանց սիրուն աչքերի համար ենք աշխատել»: Աշխատողների շրջանում տարածված լուրերի համաձայն, գործարանն ուզում է գնել մարտունեցի Սերոբ Շառոյանը, ով գործարանում աշխատում է որպես գլխավոր մեխանիկ: Մեկ այլ աշխատող էլ ավելացրեց, որ նման խոսակցություններ արդեն երկար ժամանակ գնում են, բայց դեռ հստակ ոչինչ չկա: Փորձեցինք իմանալ, թե որքանով են իրական այս խոսակցությունները: Զանգահարեցինք գործարան: Ընդհանուր բաժնից մեզ ասացին, որ հարցերին իրավունք չունեն պատասխանել: Իսկ թե ով է իրավասու պատասխանել՝ չգիտեին:



 



Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ