ОСОБО ԿՌՏԱԾ ՈՒ ԽԶԲԶԱԾ ԱՐՁԱՆ

ОСОБО ԿՌՏԱԾ ՈՒ ԽԶԲԶԱԾ ԱՐՁԱՆ

«Ախր ո՞նց ասեմ, ջահել աղջիկ ես». պապիկը նստել էր Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց գտնվող Զորավար Անդրանիկի արձանի մոտ, հարցնում էի՝ ինչո՞ւ իր դուրը չի գալիս այս արձանը, իսկ վերջինս տվայտանքների մեջ էր ընկել, չգիտեր ոնց բացատրեր, որ ազգային հերոսի ձիերին պատիվ չի բերում կռտած լինելը։ Հետաքրքիր մտքերի պատկեր է, երբ տարիքով մարդիկ կողմ են արձանի ձիերի «ամբողջական» լինելուն, իսկ երիտասարդների մեծ մասը համարում է, որ արձանը պարտեզին մոտ է, որտեղ երեխաներ շատ են լինում, այնպես որ, հարիր չէ՝ «ինչ կա-չկա, սաղ տեսնեն»։



 



«Արձանը եկեղեցու հետ չի գնում։ Մի հատ հեռվից նայեք՝ Լուսավորիչ եկեղեցու քարի գույնն ու արձանի գույնը։ Հա, մեկ էլ պոչը շատ անբնական են սարքել, ոնց որ սառած-ցցված պոչ լինի»,- ասում է «հեռուն լավ տեսնող» մի տիկին։



 



«Արձանը խզբզած է ամբողջովին։ Բայց особо ոչ լավն ա, ոչ վատն ա։ Որ կողքից նայում եմ, այնպես չի, որ էսթետիկական հաճույք եմ ստանում»,- կարծիք է հայտնում շտապող տղամարդը։



 



«Առանձնապես այնպես չի, որ շատ ուշադրություն գրավող արձան է, սակայն ամոթ է, որ ձիերի, ինքներդ հասկանում եք ինչերը, կտրել են». այս կարծիքը հայտնող տիկինը եւ ընդհանրապես մարդիկ, ում հետ խոսեցի արձանի մասին, չէին նկատել, որ ձիերի ոտքերի տակ օձ էլ կա։



 



Անդրանիկ Օզանյանի արդեն երկրորդ չստացված արձանը տեղադրվել է 2002 թվականի դեկտեմբերի 25-ին։ 9,5 մետր բարձրությամբ Զորավար Անդրանիկի արձանը, որն այժմ հպարտությամբ իր վրա կրում է «Արեգ+Մաշա=սեր» կամ «Արմինե, ես սիրում եմ քեզ», վանդալիզմային-սիրատոչոր արտահայտությունները, պատրաստված է բրոնզից եւ բազալտից։ Արձանի վրա աշխատել են քանդակագործ Արա Շիրազն ու ճարտարապետ Ասլան Մխիթարյանը։



 



Ֆեյսբուքյան թեժ մեկնաբանություններից հասկանալի է դառնում, որ երեւանցիների մեծ մասն արձանը «չստացված» է համարում, քանի որ 2 ձիերի գաղափարը գուցե լավն է, սակայն հեղինակների մոտ չի ստացվել վարպետորեն համադրել 2 ձիերին, որոնք խորհրդանշում են Արեւելյան եւ Արեւմտյան Հայաստանը։



 



«Դե, կռտած ձիերն ու անմխիթար տեսքը մի կողմ դրած՝ արձանի համար պետք է նաեւ գեղեցիկ շրջակա միջավայր լինի։ Արձանը ոչ մի բանի հետ չի գնում այստեղ, համ էլ էնքան բարձր է, որ ընդհանուր տեսքը մարդկանց համար տեսանելի չէ». ժամանակին հայոց լեզվի ուսուցչի դիտարկումն է։



 



«Խեղճ Անդրանիկ Օզանյանի գլխին գալովի ա». ահա եւս մեկ կարծիք։ Ի դեպ, մարդիկ մատնանշում էին նաեւ մեկ այլ ազգային հերոսի չստացված արձանը։ Վարդան Մամիկոնյանի՝ Խանջյան եւ Վարդանանց փողոցների հարեւանությամբ տեղադրված արձանը սովետի ժամանակ պիտակվել է «շաքարաքլոր» անունով։ Ի դեպ, երբ Վարդան Մամիկոնյանի արձանի մասին հարցում էի անում, մարդիկ էլի շարունակում էին խեղճ կենդանիների սեռական օրգանների թեման. քանդակե՞լ «այդ» մասը, թե՞ ոչ։



Դեռ չկա մի այնպիսի արձան, որ մարդիկ միանշանակորեն մերժեին կամ սիրեին այն։ Շարունակեք ուշադիր լինել ձեր շրջապատում հանդիպած արձանների նկատմամբ, իսկ ես կշարունակեմ հավաքել ձեր կարծիքները։



 



Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ