Պատգամավորները երկրպագում են Իսպանիայի հավաքականին

Պատգամավորները երկրպագում են Իսպանիայի հավաքականին

Արդեն երկու օր է, ինչ մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Ֆուտբոլասեր հայ հասարակությունն անհամբեր սպասում է յուրաքանչյուր օրվա խաղին։ Մեր քաղաքական գործիչների, հատկապես պատգամավորների մեջ էլ կան բազմաթիվ ֆուտբոլասերներ, ովքեր հետեւում են աշխարհի խաղերին եւ ունեն նախընտրած թիմեր։



 



ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը ֆուտբոլի աշխարհի առաջնությունում երկրպագում է Բրազիլիայի եւ Իսպանիայի հավաքականներին։ Ֆուտբոլային խաղերը Սահակյանը նախընտրում է վայելել ընկերների հետ՝ գարեջրի սեղանի շուրջ։ Ինչ գարեջուր է նախընտրում, Սահակյանն ասաց. «Խմում եմ «Կիլիկիայի» էն փոքր շշերով գարեջուրը եւ Պիլզների ռոզլիվը, «Ալեքսանդրապոլի» փոքր շշերովն էլ եմ սիրում»: Մեր կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ ինչո՞ւ հենց «Կիլիկիա», այլ ոչ «Կոտայք», արդյո՞ք քաղաքական ենթատեքստ կա այստեղ, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Գարեջուր խմելն ինքնին արդեն քաղաքական ենթատեքստ ունի»:



 



ՀՀԿ-ական գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը եւս այս երկու հավաքականներին է երկրպագում, բայց առաջին հերթին՝ Իսպանիային, իսկ երկրորդ տեղում՝ նոր Բրազիլիային։ Ի՞նչ պայմաններում է սիրում վայելել ֆուտբոլը, Ս. Ավետիսյանն ասաց, որ սիրում է հատկապես տանը դիտել ֆուտբոլ, որ խանգարող չլինի, քանզի չի սիրում շատ մեծ միջավայրում դիտել, որպեսզի կարողանա խաղային ամեն մի դրվագ ֆիքսել եւ վերլուծել։ Նա նաեւ նշեց, որ գարեջուրը կամ այլ ֆուտբոլային «ատրիբուտներն» իրեն ավելի շատ խանգարում են, քան հավելյալ հաճույք պատճառում։



 



Ֆուտբոլային հետաքրքրությունների եւ աշխարհի առաջնությանը հետեւելու մասին հետաքրքրվեցինք նաեւ ՀՀԿ-ական իգական սեռի պատգամավորներից։ Շուշան Պետրոսյանն ու Կարինե Պողոսյանը, օրինակ, ասացին, որ հետաքրքրված չեն ֆուտբոլով ու չեն հետեւում աշխարհի խաղերին։ Շուշանը, սակայն, նշեց, որ անկախ ամեն ինչից՝ ինքը չի երկրպագի այն թիմին, որին Ադրբեջանն է հովանավորում։ Թե որ թիմն էր դա, չկարողացավ հիշել, փոխարենը նրա կուսակցական գործընկերուհի Արփինե Հովհաննիսյանը, ով միջանցքում ներկա էր այդ պահին մեր զրույցին, հուշեց, որ դա իսպանական «Ատլետիկո Մադրիդն» է, որն ակումբ է, ոչ թե ազգային հավաքական։ Արփինեն էլ, ի տաբերություն իր գործընկերուհիների, պարզվեց՝ ֆուտբոլի ակտիվ երկրպագու է եւ քաջածանոթ է բոլոր ակումբներին ու հավաքականներին եւ իրեն համարում է իսպանական ակումբների, հատկապես «Ռեալ Մադրիդի» երկրպագու ու հետեւում է Իսպանիայի գրեթե բոլոր առաջնություններին։ Հետեւաբար, նա աշխարհի առաջնության այս խաղերին եւս հետեւելու է ու երկրպագելու է հենց Իսպանիայի հավաքականին։



 



Ֆուտբոլի երկրպագու է նաեւ Ազգային ժողովում Արփինեի դիմացի հարեւան, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով խնդրեց անպայման նշել, որ ինքը Բրազիլիայի հավաքականին է երկրպագելու։



 



ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի համար էլ ֆուտբոլը զուտ արվեստ է, դրա համար էլ նա որեւէ թիմի չի երկրպագում՝ ով ուզում է հաղթի, կարեւորը գեղեցիկ խաղն է: «Բացարձակ ոչ նայում եմ ռեյտինգին, ոչ հետեւում եմ, ոչ էլ որեւէ մեկին երկրպագում եմ: Ինձ համար դա արվեստ է, մարդու մարմնի, ստեղծագործության, կատարելության, համատեղ պայքարի արվեստ»,- ասաց Մանուկյանը: Նա եւս սիրում է ֆուտբոլ դիտել տանը՝ բազմոցին ու գարեջրի ուղեկցությամբ։ Իսկ թե ինչ գարեջուր է նախընտրում, Մանուկյանն ասաց՝ «Կիլիկիա», բայց առանց քաղաքական ենթատեքստերի, քանի որ չգիտի, թե ում են պատկանում «Կիլիկիան», «Կոտայքը» կամ գարեջրի որեւէ այլ ապրանքանիշ:



 



ԱԺ ԲՀԿ խմբակցությունից Տիգրան Ուրիխանյանն էր միայն, որ ասաց՝ ֆուտբոլի երկրպագու չէ, չի հետեւում այս խաղերին, ֆուտբոլ դիտում է միայն այն ժամանակ, երբ Հայաստանի հավաքականն է խաղում։ Իսկ Հայաստանի խաղերն էլ նայում է միայն հայրենասիրական մղումներից ելնելով։



 



Վահե  ՄԱԿԱՐՅԱՆ