Վարելահողերի 50, լավագույն դեպքում 70 տոկոսն է մշակվում

Վարելահողերի 50, լավագույն դեպքում 70 տոկոսն է մշակվում

Հողի սեփականաշնորհումը Հայաստանի երրորդ հանրապետության ամենահամարձակ քայլերից էր, եւ այդ համարձակությունը պայմանավորված էր կենսական պահանջով։ Զարկերակները կտրած՝ անլույս, անգազ, շրջափակված երկրում այդ փոքրիկ հողակտորով գյուղացին կարողանում էր ընտանիքի հացի խնդիրը լուծել։ Հողակտորի զգալի մասում ցորեն էր ցանում՝ տան կարիքների համար, մյուս մասում՝ բանջարեղեն, որը վաճառում էր շուկայում։ Հետագայում հողի նկատմամբ պահանջներն սկսեցին փոխվել. հացի խնդիրը լուծած գյուղացին ձգտում էր հողից նաեւ եկամուտ ստանալ, որով կհոգար իր ընտանիքի պահանջները եւ ֆերմերային տնտեսություն ստեղծելու հնարավորություն կստանար։



 



Նորիկ Թադեւոսյանը, որ Խորհրդային Հայաստանում շուրջ 40 տարի աշխատել է ագրոնոմ՝ գյուղատնտես, իսկ այժմ Արարատյան դաշտում հողի սեփականատեր է, գտնում է, որ հողի նկատմամբ պահանջները փոխվել են. «Հիմա եկամուտ ստանալու համար հողերը պիտի խոշորացվեն, այսինքն՝ մի քանի հողատեր միանան եւ մասին մշակեն իրենց հողերը։ Այս միջոցն արդյունավետ է մի քանի պայմանով, նախ՝ կրճատվում է ծախսերի մեծ մասը. փոքրիկ հողակտորի վրա աշխատելու համար տրակտորը մի քանի կիլոմետր գալիս է ու ետ գնում, էդպես հերթով բոլորի համար, եւ սա ամեն մեկի վրա կրկնակի ծախս է նստում, իսկ միասին լինելու դեպքում տրակտորը մի անգամ կգա եւ մի քանի մարդու հողի վրա կաշխատի։ Կարող են միանալ եւ տեխնիկա ձեռք բերել, քանի որ ոչ բոլոր գյուղերում կան համապատասխան տրակտորներ, պիտի մի գյուղում վերջացնի գործը, նոր գա մյուս գյուղ, այդ դեպքում էլ աշխատանքն է հետ ընկնում։ Վրաստան կամ Ռուսաստան գնացող ֆուրը մեծ քանակությամբ տեսականի է ուզում, ասենք՝ միանգամից մի քանի տոննա ծաղկակաղամբ, փոքր հողակտոր ունեցող գյուղացին չունի այդքան, եւ ֆուրը չի տանում, իսկ միասին մշակելու դեպքում կապահովեն այդ քանակությունը։ Էլի շատ խնդիրներ կան, որ հողերը միասին մշակելու դեպքում լուծվում են, ասենք՝ ոռոգման ջուրը կարող են ջրաչափով օգտագործել, որ էժան է նստում, բնական աղետների դեմ պայքարելն էլ է արդյունավետ այդ դեպքում»։



 



Գյուղացին այսօր ծախսերը հաշվելով, որոնք հիմնականում արդյունավետ չեն եւ թանկ ու կրկնակի են նստում, հրաժարվում է հողը մշակել։ Գրեթե բոլոր սեփականատերերը նույնն են ասում, որ այսօր վարելահողերի 50, լավագույն դեպքում 70 տոկոսն է մշակվում, դա պայմանավորված է ոչ միայն գյուղացու առձեռն փող չունենալով, որ տեղում վճարի ոռոգման ջրի ու տեխնիկայի համար, այլ նաեւ ձգձգվելու, ժամանակին աշխատանքները չհասցնելու, բերքը լիարժեք չիրացնելու խնդրով։



 



Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ում գործունեության հետ է կապված սեփականաշնորհումը, նշում է. «Հողի սեփականությունը պետք է պահպանվի, որպեսզի մենք արդյունավետություն ունենանք, այլ հարց է, որ մասնավոր հողատերերը միավորվեն փոխօգնության կոոպերատիվներում, կրկնում եմ՝ փոխօգնության, այլ ոչ թե կոոպերատիվներում՝ կոլխոզների նման։ Հողի սեփականությունը կոոպերատիվներում չպիտի փոխվի։ Եթե ուզում է պետությունը, փոխօգնության, կոոպերացիայի հարցում թող օգնի, բայց հողի սեփականությանը ձեռք չտա։ Հողերը միացնել չի կարելի, կոոպերատիվներ ստեղծել ոչ թե միացնելու, այլ համատեղ մշակելու եւ միասին բերքը քաղելու համար։ Ես այդ մասին գիրք եմ գրել, դա այն հաջորդ քայլն էր, որ մենք պետք է անեինք, բայց ես աշխատանքից դուրս եկա։ Փոխօգնության կոոպերացիան այն է, որ այսօր պետք է արվի, դա մեր գաղափարն է, նաեւ համաշխարհային փորձն է, եւ դա մենք գրել ենք սրանից 17-18 տարի առաջ։ Դա չի իրականացվել, հիմա տեսնենք՝ այս նոր կառավարությունը կիրականացնի՞, թե՞ ոչ»։



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ