Ներդրումներ՝ առանց ակնկալիքի

Ներդրումներ՝ առանց ակնկալիքի

Հայաստանի նման քայքայված տնտեսություն ունեցող երկրի կառավարության ղեկավարի պաշտոնն ստանձնող ցանկացած մարդու աչքը դուրսն է, իսկ միտքը թափառում է սփյուռքահայ գործարարների գրպանների պարունակություններում: Սակայն, ինչպես ընդունված է ասել, գնացքը վաղուց մեկնել է: Պատճառն էլ գաղտնիք չէ. ժամանակին նրանց ներդրած գումարների ծանրակշիռ մասը մսխվել է: Այսուհետ ցանկացած հայ՝ անսահման հարուստ, անսահման հայրենասեր, ոչ մի լումա էլ չի ներդնի հայրենիքում, որպեսզի չհայտնվի խաբվածի հիմար կարգավիճակում: Հիմա նորանշանակ վարչապետն ինչ երգ ու խաղիկ պիտի ասի, որպեսզի այդ մարդկանց մոտ վստահություն ներշնչի առ հայաստանյան կառավարություն:



 



Կարծում ենք, դժվար է: Մինչդեռ տարիներ առաջ եւ մինչեւ վերջերս սփյուռքահայեր են եղել, որոնք, բացարձակապես շահույթ չհետապնդելով, զգալի գումարներ են ներդրել հանրապետության տարբեր համայնքներում: Ահավասիկ, Արագածոտնի մարզի շուրջ 3 հազար բնակչություն ունեցող Կոշ համայնքը: 2009թ. Արմենակ եւ Աննա Թադեւոսյանների անվան բարեգործական հիմնադրամի միջոցով կառուցվեց տարածաշրջանային նշանակություն ունեցող բժշկական կենտրոնը՝ հագեցված ժամանակակից բժշկական սարքավորումներով: Այն սպասարկում էր մարզի 12 համայնք՝ շուրջ 20 հազար բնակչությամբ: Այս ծրագրի վրա հիմնադրամը ծախսել է 4 միլիոն ԱՄՆ դոլար: Վերջերս կենտրոնի ղեկավարները գտան, որ ավելի մարդասիրական է, եթե կենտրոնը վերազինեն եւ ծառայեցնեն հաշմանդամություն ունեցող երեխաներին: Այժմ կենտրոնը հագեցված է երեխաների ֆիզիկական ակտիվությանը նպաստող տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված ֆիզիոթերապիայի եւ անձնական խնամքի համար անհրաժեշտ սարքավորումներով եւ դիդակտիկ նյութերով: Ցերեկային խնամքի կենտրոնում գտնվելու ընթացքում երեխաներն ստանում են վերականգնողական հոգեբանի, լոգոպեդի ծառայություն, երկու անգամ սնունդ են ստանում, նաեւ հնարավորություն ունեն հանգստանալու իրենց համար նախատեսված սենյակներում: Հատկանշական է, որ կենտրոնը ոչ պետբյուջեից է փող ստանում, ոչ էլ այստեղ բուժվող 50 հաշմանդամ երեխաների ծնողներից է վարձ պահանջում:



 



 



Այստեղ չենք կարող չանդրադառնալ մեկ այլ հանգամանքի. նույն Կոշ համայնքի հողատարածքներում մի հայաստանյան գործարար՝ Արմեն Ասլանյանը, 12 միլիոն եվրո ներդրմամբ հիմնել է խաղողի այգի եւ գինու «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս» գործարանը: Թե ինչով եւ ինչքանով է այս գործարանն օգտակար մեր պետությանը, հայտնի չէ, բայց հայտնի է, թե ինչ վնաս է հասցնում շրջապատի համայնքներին՝ հատկապես Նոր Եդեսիային, որտեղ ոռոգման եւ խմելու ջրի լինել-չլինելը կախված է այս գործարանատիրոջ խղճից: Այն իսպառ վերանում է ամռան ամիսներին, եւ գյուղը տեւականորեն ջրազրկվում է:



 



Կարծում ենք, տարբերությունը ցցուն է: Մի դեպքում դրսի հայը կարող է միլիոնավոր դոլարներ անշահախնդիր ուղղել հայրենիքում որեւէ ծրագրի իրականացմանը, մյուս դեպքում տեղացի հայը սեփական բիզնեսը ծավալում է մարդկանց հողի վրա, այնուհետեւ շարունակաբար ջրազրկում նույն այդ մարդկանց: Թվում է, թե իշխանությունների կողմից խրախուսվում է տեղացի հայը, քանզի չի պատժվում: Իսկ դրսինն անտեսված է, ու նաեւ այդ պատճառով է դրսի ներդրումների ծավալը սրընթաց իջնում զրո մակարդակ: Եվ գնացող ու եկող վարչապետներին դարձնում աչքը դուրս, միտքը՝ դրսի հայի գրպանը: Իզուր: Սա է իրականությունը:



 



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ