Վարդենիսում հոսպիտալացված երեխաների մոտ կասկածվում է էնտերովիրուսային վարակ

Վարդենիսում հոսպիտալացված երեխաների մոտ կասկածվում է էնտերովիրուսային վարակ

Հուլիսի 9-ին, ժամը 13:00-ի սահմաններում Վարդենիսի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում հոսպիտալացված 4 երեխան Գեղարքունիքի մարզի Արփունք համայնքի նույն օջախից են` երկու եղբոր զավակներ։ Նրանցից երեքը 8 տարեկան են, մյուսը` 10։ Ի դեպ, զույգ քույրերը Աբովյան քաղաքից են և արդեն մեկ ամիս է, ինչ հյուրընկալվում են Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղում` հորեղբոր տանը: 



Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հիվանդանոց ընդունվելիս՝ երեխաներն ունեցել են փսխում, ընդհանուր թուլություն, գլխացավ, որովայնի ցավ, իսկ երկուսի մոտ գրանցվել է նաև ջերմություն` 38.30 և 37.40:



Երեխաները մանրամասն զննվել են, կատարվել են լաբորատոր–գործիքային հետազոտություններ: ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբան Արա Ասոյանի հետ հեռախոսային խորհրդատվության արդյունքում վերջինիս կողմից համապատասխան ցուցումներ են տրվել հիվանդների վարման վերաբերյալ: Նախնական ախտորոշումն է չճշտված ախտածագման գաստրոէնտերիտ: Կասկածվում է էնտերովիրուսային վարակ, որի նկատմամբ հետազոտությունները շարունակվում են:



Երեխաների վիճակը կայուն է` դրական դինամիկայով: Ներկայումս չեն ջերմում, սրտխառնոց և փսխումներ չկան: