Իշխանափոխության ծրագիրն անժամկետ հետաձգվում է

Իշխանափոխության ծրագիրն անժամկետ հետաձգվում է

Ղարաբաղաադրբեջանական շփման գծում վերջին օրերի սրացումները հայրենիքի պաշտպանության ոգով են բորբոքել ոչ միայն իրական նվիրյալներին, այլեւ կեղծ հայրենասերներին, հայրենիքի հանդեպ իրենց պարտքը մամաների փեշերի տակ, այս ու այն բուհերի ասպիրանտուրաների թաքստոցներում կատարած երիտասարդությանը, իշխանավորներին, ովքեր սեփական բիզնես-ծրագրերից ու շահերից ելնելով՝ հայրենիքը թալանելով ու դատարկելով են զբաղված: Արտաքին մարտահրավերները վերջիններիս շահերից են բխում: Քանի որ սա այն իրավիճակն է, երբ պետք է միասնական լինեն բոլորը՝ անկախ քաղաքական հայացքներից եւ հայրենիքի նկատմամբ արտաքին ու ներքին դիվերսիաներից՝ կոռուպցիա, թալան եւ այլն:



 



Մինչդեռ ոչ իշխանականները ծրագրել էին իրավիճակը թեժացնել աշնանը, իրենց ամառային հանգիստը վայելելուց հետո: Հիմա, թեեւ իշխանափոխության ճակատագիրը մշուշվել է, սակայն ամառային հանգստի վրա այնքան էլ բացասաբար չի անդրադարձել, քաղաքական գործիչները շարունակում են անհասանելի մնալ ինչպես իշխանական, այնպես էլ ոչ իշխանական դաշտից: Թերեւս այս միասնականության պատճառով երկու կողմի ասելիքը նույնն է, եւ կարիք չկա խաթարել «վաստակած» հանգիստը:
Օրինակ, սոցիալական հույժ կարեւոր խնդրի՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարն այդպես էլ միս ու արյուն չստացավ, դրանով զբաղվում է ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը, ով երեկ դարձյալ անհասանելի էր: Գործն իր ուսերին է առել «Ոչ թալանին» նախաձեռնությունը: Օգոստոսի 1-ին այս նախաձեռնությունը փոքրաքանակ ակցիա է արել, որին քաղաքական ուժերի առանցքային դեմքերից մասնակցել է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հիմա ստորագրահավաք է ընթանում, իսկ մյուս կողմից էլ բարձր սակագինն արդեն ուժի մեջ է: Այս տեմպերով ինչ ընթացք կստանա իշխանափոխության ծրագիրը, կշարունակվե՞ն իշխանության նկատմամբ ճնշումները, թե՞ կհամախմբվեն իշխանության շուրջ՝ ընդդեմ արտաքին սրացումների: Իշխանական դիվերսիայի դեմ կռվող խմբակցություններից մեր զանգերին արձագանքեց միայն ժառանգական Ռուբիկ Հակոբյանը, ով հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ: Նույն խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը, ով իշխանափոխության գործում ընդգրկված չէ, այս պահին կարեւորեց միայն միասնականությունը: «Պետք է լինենք միասնական, քանի որ աշխարհը միասնական ուժի հետ է հաշվի նստում:



 



Պետք է նպաստել բանակի հզորացմանը ու զինվորին սատար կանգնել, ցանկացած քաղաքացի իր աշխատանքով պիտի նպաստի միայն դրան: Չկա քառյակ, չկա ընդդիմություն ու իշխանություն, հիմա բոլոր ուժերը պիտի համախմբվեն, հանրային ու քաղաքական սեկտորի ներկայացուցիչները: Դա է կարեւորը: Շատ վատ է, որ մենք ժողովրդավար երկիր չենք, մեր տնտեսությունը փայլուն վիճակում չի, Ամերիկայի նման տնտեսական պոտենցիալ չունենք, բայց ամեն օր պիտի ձգտենք այդ երկիրն ստեղծել եւ այսօրվա դրությամբ պիտի աշխարհին ապացուցենք, որ միասնական ենք»: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւս այս պահին կարեւորում է միասնականությունն ու զինվորին սատար կանգնելը: ԲՀԿ քաղխորհրդի անդամ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը դժվարացավ կոնկրետ նշել, թե արտաքին զարգացումները ներքին քաղաքականության վրա ինչպես են անդրադառնալու. «Քաղաքական ուժերի եւ երկրի կտրվածքով բոլոր կնճռոտ երեւույթներին ավելի ցցուն են դառնում, երբ իրավիճակը սրվում է:



 



Ես մտածում եմ, որ այս ակտիվացումները՝ Ադրբեջանի, ինքնըստինքյան դրանք շատ վատ բաներ են, բայց, բոլոր դեպքերում, ոչ թե պայմանավորված է Ադրբեջանի ցանկությամբ, այլ գերհզոր երկրների ծրագրերով, որոնք դեռ չբացահայտված ձեւով մեսիջներ են ուղարկում կողմեր, եւ, դրանով պայմանավորված, ամենատարբեր ուժեր, ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում, ակտիվանում են»: Ըստ Բոստանջյանի, ստեղծված իրավիճակն ազդեցություն կունենա նաեւ ներքին քաղաքականության վրա, բայց թե ինչ ուղղությամբ, առայժմ դժվարանում է կանխատեսել. «Հեղհեղուկ, ոչ կայուն ներքին ու արտաքին քաղաքականություն ունեցող երկրում մի թեթեւ սրացումն էլ անպայման անդրադարձ ունենում է, թե ինչպես՝ ցույց կտա առաջիկան, բայց հիմա չեմ ուզում խտացնել գույները»:




Գայանե  ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
[email protected]