Մեղավորը տեղի հայությունն է, և պետք չէ ուրիշների մեջ փնտրել այս ամբողջ աղբը

Մեղավորը տեղի հայությունն է, և պետք չէ ուրիշների մեջ փնտրել այս ամբողջ աղբը

Հուլիսի 19-ին Թբիլիսի քաղաքում` հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում բախում է տեղի ունեցել, որը վերածվել է զանգվածային կռվի: Հենց սկզբից, տարբեր հանգամանքներով պայմանավորված, իրադարձությունն (զանգվածային կռիվ եկեղեցու մոտ) ստացավ միջազգային եւ միջկրոնական երանգ: Անհանգստություն առաջացնող հայտարարություններ արվեցին վիրահայության ապագայի, ընդհանուր կայունության եւ անվտանգության, ինչպես նաեւ հայ-վրացական փոխհարաբերությունների ապագայի վերաբերյալ:




Դեպքի կապակցությամբ հայտարարություններով հանդես եկան Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը, «Վրաստանի հայ համայնքը», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Վրաստանում ՀՀ դեսպանատունը եւ այլ կառույցներ։ Հնչեցին տարատեսակ գնահատականներ ու մեկնաբանություններ։




Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը կոչ արեց Վրաստանի իրավապահ մարմիններին գնահատել իրադարձությունները եւ հետաքննել դրանք՝ որպես կրոնական եւ ազգային հողի վրա իրականացված հանցագործություն։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր հայտարարությամբ խոր մտահոգություն հայտնեց կատարվածի առթիվ՝ դատապարտելով ազգային թշնամանք եւ կրոնական անհանդուրժողականություն հրահրող այս գործողությունները։ Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարության մեջ էլ ասվում էր, որ իրականում իրենք գիտեն, թե ինչ է տեղի ունեցել, ինչից է սկսվել վիճաբանությունը, սակայն այս պահին բարձրաձայնել, թե դիտավորյալ բան է տեղի ունեցել, չեն կարող ասել:




Այս առիթով զրուցեցինք Հայաստանի հանրագիտարանի տնօրեն Հովհաննես Այվազյանի հետ, ով ծնունդով Ջավախքից է, սակայն արդեն 4 տարի է՝ չի կարողանում այցելել իր ծննդավայր, որովհետեւ վրացական իշխանություններն արգելափակել են նրա մուտքը Վրաստան։ «Բարբարոսություն է դա, սրբապղծություն է։ Անկախ էն բանից, թե ով է խուժում եկեղեցի, անկախ էն բանից, թե ինչ հանգամանքներում են մարդիկ մտնում ու ծեծում հոգեւորականին, դա բարբարոսություն է։ Հիմա ով ինչպես ուզում է, թող մեկնաբանի։ Իսկ որ Վրաստանում կատարվող այդ մեկնաբանություններում ինչ-որ բան էնպես չի մեկնաբանվում ինչ-ինչ պատճառներով, դա պարզ է, ես չեմ կասկածում, որ դա, հավանաբար, նախապատրաստված միջոցառում է եղել»,-ասաց Այվազյանը՝ նկատելով, որ դա ազգային, կրոնական երանգներ, հայերին վախեցնելու միտում ունի։
Իսկ դրա պատճառը, ըստ ջավախեցի մտավորականի, այն է, որ վերջերս հայկական կյանքը մի տեսակ ակտիվանում է Վրաստանում՝ ի պատիվ նոր հոգեւոր առաջնորդի՝ եպիսկոպոս Միրզախանյանի. «Նա լավ է անում իր գործը, որովհետեւ ես տեսնում եմ, որ հայկական հոգեւոր կյանքը Վրաստանում կամաց-կամաց ակտիվանում է, եւ լավ բան է անում նա, շատ ճիշտ բան է անում»։




Մեր դիտարկմանը, թե վերջերս Ջավախքի Գանձա գյուղում անցկացված տերյանական օրվա միջոցառման ժամանակ վրացական երգ ու պար էր ներկայացվում, վրացերեն խոսք էր հնչում՝ առանց թարգմանության, Հ. Այվազյանն ասաց. «Հարգելի՛ս, կարելի է ամեն ինչ անել այնպիսի քաղաքականությամբ, որ ոչ մի բան ոչ մեկի ո՛չ ականջը ծակի, ո՛չ էլ աչքը հանի։ Եթե արվում է ամեն ինչ շատ գրագետ ու քաղաքակիրթ ձեւով, ապա կարելի է նաեւ ցանկացած լեզվով խոսք հնչեցնել, ցանկացած երգ ու պար բեմադրել։ Բայց եթե արվում է դա ընդամենը դիմացինին ճնշելու եւ դիմացինի մշակույթը ոտնահարելու նպատակով, դա վատ է»։ Հովհաննես Այվազյանը նկատեց, սակայն, որ Ջավախքում առկա խնդիրների հիմնական մեղավորը տեղի հայությունն է, եւ պետք չէ ուրիշների մեջ փնտրել այս ամբողջ աղբը։




Իսկ մեր երկրի վարած արտաքին քաղաքականության մեջ սխալներ ու դրանցից բխող մեղքի բաժին չի՞ տեսնում, Հ. Այվազյանն ասաց, որ այդ մեղքի բաժինն ինքը շատ վաղուց է տեսնում։ «Որովհետեւ Հայաստան-Վրաստան հարաբերություններում միշտ մի տեսակ մտավախություն կա, որ հանկարծ դիմացինին վատ բան չասենք, հանկարծ հարաբերությունները չվատացնենք, հանկարծ չնեղացնենք։ Էս հոգեբանությունը շարունակվում է»,-ասաց Հայաստանի հանրագիտարանի տնօրենը։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆԻ