Ադրբեջանցիների ոչ ադեկվատ արձագանքը

Ադրբեջանցիների ոչ ադեկվատ արձագանքը

«Ցանկացած այս կարգի երևույթներ տագնապ են արթնացնում հասարակության մոտ։ Ցանկացած հասարակություն էլ, եթե պատերազմի մոտալուտ վտանգ է զգում, տագնապայնությունը բարձրանում է»,- նշում է հոգեբան Սամվել Խուդոյանը։



Ադրբեջանական դիվերսիոն հարձակումները հոգեբանական տեսանկյունից հայ հասարակությունը «արժանապատվորեն» է տարել․ «Մեր ազգային ոգին բարձրացավ, մեր հայրենասիրական զգացմունքները միանգամից սրվեցին։ Հաղթողի հոգեբանությունն արթնացավ, հակառակ բանը եղավ ադրբեջանցիների մոտ։ Հաստատվեց, որ բոլոր դեպքերում նրանք չեն կարող հաղթել։ «Ուզում էինք հաջող ստացվեր, բայց ստացվեց ինչպես միշտ, նրանք փորձում էին դիվիդենտներ շահել, բայց այս պարագայում շահեցինք մենք»։



Սամվել Խուդոյանն այս ընթացքում ուսումնասիրել է ադրբեջանական բլոգներն ու կայքերի մեկնաբանությունները․ «Լուրջ տագնապի վիճակ է այնտեղ։ Անմեղ կատակից բավականին ոգևորվել էին և լուրջ էին ընդունել։ Մի նյութի մեջ գրված էր 51 զոհերի մասին, դրա տակ մի մեկնաբանություն էր գրված․ «Մի 51 զոհ էլ կտան Բաքուն գրավելիս»։ Սրանք լուրջ էին ընդունել՝ Բաքուն չենք տա, Բաքուն մերն ա։ Պատկերացրեք ինչ աստիճան ոչ ադեկվատ պետք է լինել»։



Պրոֆեսոր Ռուբեն Բաբայանն էլ խոսեց դիվերսիոն գործողությունների դրական և բացասական հետևանքների մասին․ «Նախ ադրբեջանցիները հասկացան, որ պատերազմին պատրաստ չեն, տեսան որ դիրքերը շատ լավ պաշտպանված են։ Նրանք հասկացան, որ Ռուսաստանը չի արձագանքելու։ Մեր բանակը կարողանում է դիմադրել, մենք մեր հույսը պետք է դնենք մեզ վրա»։ Վերջինիս խոսքերով այդ ժամանակահատվածում շատ դրական էր, որ բանակն ու հասարակությունն ընկալվեց որպես մի ամբողջություն․ «Այս երկրի համար ոչ միայն զինվորներն են պատասխանատու, այլև մենք։ Հաճախակի մենք մեղադրում ենք բանակին տարբեր այլանդակությունների համար։ Վերջիվերջո, բանակը հասարակության հայելին է»։