Արդարադատության ճողվածք. իրավունքի խախտո՞ւմ, թե՞ տեխնիկական բացթողում

Արդարադատության ճողվածք. իրավունքի խախտո՞ւմ, թե՞ տեխնիկական բացթողում

«Ոտքի՛, դատարանն է գալիս»: Սարսռեցնող, բոլորիս ծանոթ այս բառերը լսելուց հետո անհամբերությունից այրվող հայացքներով, ոտքի կանգնած՝ լսեցինք դատավոր Արշակ Պետրոսյանի վճիռը: Ընդամենը 3-4 րոպեում ընթերցելով 23 տողանոց վերջնամասը, արդարադատություն կերտողը գոհունակությամբ լի հայացքը պտտեց նիստին մասնակցողներիս դեմքերի վրայով՝ թերեւս, իմանալու, թե ինչ տպավորություն թողեց:



Վարագույրն իջեցվեց, սակայն ծափահարություններ չեղան: Սա, իհարկե, թատերական ներկայացումից վերցված դրվագ չէ, այլ իրական իրադարձություն: «Ոչ-ոքի»: Մերժվեց ե՛ւ հայցվորիս պահանջը, եւ հակընդդեմ հայցը: Եթե վերջինի հասցեատերն առանձնապես դժգոհ չմնաց եւ փափուկ սահեց դուրս, քանի որ դատաքննության ընթացքում պատրաստակամություն էր հայտնել իրենց՝ մեծահարուստ ընկերության սեփական օգուտների հաշվին դուրս գրել պահանջած «պարտք» գումարը՝ շուրջ 2 մլն դրամը (ինչպիսի՜ շռայլություն), ապա ինձ՝ հիմնական պահանջատիրոջս, նման ելքը ոչ միայն չգոհացրեց (չնայած, որ դա ինձ՝ երախտամոռիս, փրկում էր հսկայական «պարտքից»), այլեւ զարմացրեց: Ինձ զարմացրեց 8-ամսյա քաշքշուկից հետո նման վախճանը... զուտ «տեխնիկական» տեսանկյունից: Իսկ ո՞ւր մնացին ներածական մասի՝ նկարագրական, պատճառական, մեկնաբանման եւ եզրահանգման հատվածները, թե ինչ հիմքերով է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այդպիսի եզրակացությունների հանգել: Վճռի գլխամասը չկար, դատավորն այն չընթերցեց:



Երբ ես դիմեցի դատավորին՝ ինձ տրամադրել ամբողջական տեքստով վճռի իմ օրինակը, նա պարզաբանեց. «Դեռ պատրաստ չէ, դեռ չեմ ավարտել»: Նրան հետաքրքրեց, թե ինչու եմ շտապում: Ի պատասխան հայտնեցի, որ վճիռն անհիմն է, եւ ես պատրաստվում եմ այն բողոքարկել: «Երկու օրից,-հավաստիացրեց ինձ,- քեզ կզանգահարենք»: Սակայն ոչ երկու, ոչ էլ հինգ օրից սպասված զանգը չհնչեց: Յոթերորդ օրը ստիպված այցելեցի ինձ այնքան հուզում պատճառած դատական ատյանը: Եվ 1.5 ժամյա սպասումից հետո հանդիսավորությամբ (ներկա էր ե՛ւ դատավորը, ե՛ւ աշխատակցուհին) ինձ հանձնվեց չարաբաստիկ վճռի օրինակը՝ արդեն ամբողջացված, տասներկու էջից բաղկացած: Ահա թե ինչ: Պատկերացնո՞ւմ եք, թե որքան ժամանակ կխլեր բազմազբաղ դատավորից 12 էջի ընթերցումը: Առանց այդ էլ նա քանի օրեր է վատնել՝ 12 էջը տրամաբանված տողերով լրացնելու համար: Հասկանում եմ, հարգելիս, հասկանում եմ:



Սակայն ինձ համար մութ մնաց, թե ինչու ստորագրելու համար ինձ մեկնած ստացականի վրա մայիսի 7-ի փոխարեն նշված էր մայիսի 5: Վերջիվերջո, մի կերպ դա էլ ընկալեցի՝ վճիռը բողոքարկելու համար օրենսդրորեն սահմանված մեկամսյա ժամկետից կորզվել էին օրեր: Հինգը՝ ըստ ստացականի, յոթը՝ ըստ իմ նշածի:



Հավանական է, որ շատերը կմտածեն, թե ինչ մեծ բան է կորցրած յոթ օրը: Թե գրագետ ես, մնացած 23-ում կհասցնես ու կհասնես բողոքարկելու քո նպատակին:



Նույնկերպ էր մտածել, հավանական է, Լոռու մարզի առաջին ատյանի դատավոր Վարդուհի Հովնանյանը: Եթե նախորդ դատավորին անհայտ էին գրագիտության իմ հնարավորությունները, ապա ծննդավայրումս արդարադատությունն իրականացնողը, ծանոթ լինելով գրելու իմ ունակությանը, ավելի հեռուն գնաց: Մեկ այլ խնդրով վճիռն ինձ հասցրեց... 21 օր հետո: Շտապեմ տողերիս անհամբեր ընթերցողին հանգստացնել. հուսախաբ չանելով այդ տիկնոջը, ընդամենը 4 օրում բողոքս ներկայացրի վերաքննիչ դատարան:



Ասեմ նաեւ, որ ինձ հայտնի չէ. կրկնվե՞լ է, արդյոք, նախորդ պատմության վերջաբանը՝ Վանաձորի լավագույն դահլիճներից մեկում ընթերցվել է միայն վերջնամասը, տեղեկացված չեմ: Ես այդ արարողությանը չեմ ներկայացել, քանզի դրանից դեռեւս 10 օր առաջ ինձ հայտնի էր ելքը: Այդ մասին դատաքննության նախավերջին նիստից հետո սրտացավորեն եւ հրճվանքով ինձ տեղեկացրեց հայցվոր կողմի գլխավոր վկան, որը սպասասրահում հանկարծակի մոտենալով, շշնջաց. «Որ ասի կ... եմ»: Թե որ աղբյուրից էր բխել նրա քաջատեղյակությունը՝ նույնպես չեմ պարզել: Բայց որ նիստի ավարտից հետո նա վերադարձավ դահլիճ, ես սրա ականատեսն եմ: Ենթադրեցի, որ մտավ՝ դուրս բերելու այնտեղ «ոտքը կախ գցած» իր դատապաշտպանին: Ինչեւիցե, չեմ խորանա ոչ նրանց գաղտնի քայլերի մեկնաբանության, ոչ էլ դատավարության ընթացքի մեջ, քանի որ դրանք արդեն ուրիշ թեմայի նյութ են: Մի քանի տողով անդրադառնամ կորուսյալ 21 օրերին: Հունիսի 20-ին լինելով Վանաձորում, դիմումով դատավորին տեղեկացրի, որ վճռի իմ օրինակը դեռեւս չեմ ստացել, չիմանալով, որ նույն օրն այդքան թանկագին փաստաթուղթը Երեւանի փոստատներից մեկում սպասում է տիրոջը: Հունիսի 20-ի դիմումս նույնպես անարձագանք չմնաց: Շուրջ 20 օր անց տիկին դատավորն իր նամակով պարզաբանեց կատարվածը: Վճռի օրինակն ուղարկվել է հին հասցեով, մինչեւ վերադարձվել է, անցել է 8 օր, ապա վերահասցեագրվել է Երեւան: Ինչո՞ւ, չէ որ դատարանին հայտնի էր իմ ծանուցման հասցեն. ես այն մատուցել էի դեռեւս ամիսներ առաջ, այլ փաստաթղթեր այդ դատարանից ստացել եմ մայրաքաղաքի հասցեով, նիստերի քարտուղարուհին տեղեկացված էր իմ՝ Երեւանում ապրելու եւ աշխատելու մասին: Լռե՞մ, որ ինձ չեն հասել իմ գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք կիրառելու դատարանի եւ ԴԱՀԿ որոշումները (վերջինս իր որոշումը պարզապես արխիվացրել է):



Վերջում ընդամենը երկու հարց. ի՞նչ նպատակ է հետապնդում այս ամենը, մի՞թե արդարադատության կայացման ասպարեզում դրանք արդեն պրակտիկա են դարձել՝ Երեւանից մինչեւ Լոռու մարզ:




Ներսես ԿՈՍՏԱՆՅԱՆ



Երեւան