Մենք ենք սահմանը մեր երկրի, կենդանի սահմանը

Մենք ենք սահմանը մեր երկրի, կենդանի սահմանը

Շուշին առաջին հերթին մարդիկ են, ովքեր կենդանի են պահում այս հին ու գեղեցիկ քաղաքը, եւ նրանք լավ գիտեն խաղաղության գինը։ Շուշիում պատերազմի շունչ կա` օդից կախ։ Այնտեղ բնակվող յուրաքանչյուր ոք աղոթում է խաղաղության համար եւ մի պահ մոռանում պատերազմի մասին: Ղազանչեցոց եկեղեցու շուրջ պատերազմի փոշի չկա, բայց…




Վերջին օրերին սահմանում տիրող լարված իրավիճակը ղարաբաղցիների համար սովորական երեւույթ է, նրանք գիտեն. «Սահմանին կանգնած տղերքը… զինվորը… ուրիշինը չի լինում, զինվորները մեզ կփրկեն… Ղարաբաղը ոչ մեկին չի հասնի, եւ պատերազմ չի լինի»: Այսպես է մտածում մի տարեց կին։ Նա մոտեցավ փողոցում կանգնած երիտասարդներին եւ ասաց, որ պատերազմի հոտ է առնում, բայց վերջում, ինչպես 92-ին էր, հաղթանակը մերն է լինելու։ Անկախ տարիքից, երիտասարդ, մանուկ, թե ծեր, նույն երազանքն ունեն՝ ապրել խաղաղ երկնքի տակ: Արցախցուն հուզող հարցերին ծանոթանալու համար բավական է խոսել որեւէ բնակչի հետ, որովհետեւ բոլորն ու մեկը նույն մտահոգություններն ունեն՝ սահմանից հնչող կրակոցները:



 



Հարցնում եմ` ինչպե՞ս եք կարողանում ապրել, պատասխանը մեկն է. «Մենք ենք սահմանը մեր երկրի, կենդանի սահմանը»: Պատերազմը մեր գլխին կախված է, ամեն վայրկյան, ամեն րոպե պետք է պատրաստ լինենք. «Պատերազմից չենք վախենում, ոչ էլ կռվելուց, գիշերները կրակոցների տակ քնելուց, ամեն վայրկյան մտածելով, որ հեսա կհարձակվեն, հեսա կսկսվի պատերազմը, հեսա։ Բայց դա մեզ համար սովորական է, այն մեր առօրյայի մի մասն է կազմում, իսկ պատերազմից չենք վախենում»։



 



Քարքարոտ ու հաճախ անանցանելի թվացող ճանապարհը ղարաբաղյան մարտերի պատկերներն է ուրվագծում: «Մատաղ, ա... մեր գյուղը հերոս է, հենա տելեվիզորով մեկը խոսում է, գեղեցիկ տղամարդ է ու մեր գյուղի անունն էլ ա տալիս. եթե գյուղը պաշտպանած չլինեին, ամբողջ Ղարաբաղը թուրքերը գրաված կլինեին... Յա՜, սկի լսած չե՞ս հերոս գյուղ»,-զարմացած ու մի քիչ էլ բարկացած հարցնում է Շուշիի Քարինտակ գյուղի բնակիչ 85-ամյա Նորա Առուշանյանը։ Նոր ծնված երեխան մեծ ուրախություն է շուշեցիների համար, նրանք յոթ օր, յոթ գիշեր ուրախանում են, ծանոթ-անծանոթ՝ երեխայի ծննդի կապակցությամբ միմյանց շնորհավորում։ Նրանց աչքերից մի բան է կարդացվում՝ ուզում են ապրել ազատ ու հաղթած Ղարաբաղում։ Իսկ կամավորները ինչպես Շուշիից, Հադրութի շրջանի Առաքել, Տող, Թաղեր գյուղերից մեկնում են դիրքեր։




Աննա  ՄԱԹԵՎՈՍՅԱՆ