«Ֆիլմի» շարունակությունը

«Ֆիլմի» շարունակությունը

Իրաքում եւ Սիրիայում գործող ծայրահեղ իսլամիստական կազմակերպությունը մեդիային «նվիրաբերեց» հերթական էքզեկուցիան: Ծայրահեղականներն սպանեցին եւս մեկ պատանդի` Մեծ Բրիտանիայի 44-ամյա քաղաքացի Դեյվիդ Հեյնսիին: Նա մեկնել էր Սիրիա՝ պատերազմի հետեւանքով տուժած քաղաքացիներին հումանիտար օգնություն ցույց տալու նպատակով: Ահաբեկիչներն սպառնացել են, որ մոտ ժամանակներս մահապատժի կենթարկեն հաջորդ գերուն` Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ալան Հենինգին:
Ահաբեկիչներն իրենց այդ քայլով փորձում են Բրիտանիային հետ պահել ԱՄՆ-ին խրախուսելուց: Այս սպանությունը զգուշացման մեսիջ է ԱՄՆ ղեկավարությանը սատարող երկրներին եւ ուժերին:



«Ֆիլմը» շարունակվում է:



Գազարագույնի ու սեւի զուգադրությամբ` սպանության նույն սցենարը` «սերիալը»:
Այստեղ արդեն առկա է «հստակ ռեժիսորական ձեռագիր` դրամատուրգիական մտածողություն, սկիզբ, ընթացք, կուլմինացիա»:
Ետնապատկերը - անապատի լուռ տարածություն, որտեղ դեղին ավազի անծալք հարթությունների մեջ սեւ հանդերձներով դահիճը գլխատում է գազարագույն զոհին:
Տեքստը - «Ֆիլմի» սկզբում կամ վերջում գազարագույն զոհը (ավելի շատ՝ մեղադրական) խոսք է հղում իր երկրի (ԱՄՆ-ի) նախագահին, քարոզում ժողովրդին, քաջալերում ընտանիքին, հետո դահիճն է արտահայտվում: Նրա խոսքը հիմնականում ուղղված է Օբամային: Դահիճի խոսքը լավ մարզված է թվում` առանց դիսոնանսների, պաթետիկ նրբերանգներով, հստակ ու կայուն:



Իսլամիստական կազմակերպության անդամները, փաստորեն, լրջորեն մտածում են նոր տեխնոլոգիայի եւ դրանից օգտվող ժամանակակից մարդու բիբի ու գիտակցության համար` «գրավիչ» թվալու մասին, ոչ միայն մտածում են, այլեւ գործի են դնում այս «կինեմատոգրաֆիկ» հնարքները:



Հերթական լրագրողի դաժանագույն սպանությունը ներկայացնող «սերիալին» հաջորդում է ԱՄՆ-ի կողմից ներկայացված պատասխան «սերիալը»` համարյա նույն ոճով:
Արդեն բոլորը գիտեն, թե քանի ժամից է բեմ դուրս գալու ԱՄՆ նախագահ Օբաման, ու գիտեն նույնիսկ դեմքի արտահայտությունը: Եվ արդեն գիտեն նրա խոսքի բովանդակությունը:



Այս՝ միմյանց պատասխանող «ֆիլմերի շքերթը» շարունակվում է, իսկ նյութը մարդկային կյանքն է, մարդկային մարմինը: