Խենթ Թեոդը

Խենթ Թեոդը

Կողք կողքի ընթերցասեղանների եւ գրապահարանների լռության մեջ, ասես միայն պատուհանից ներս լցվող մոխրե երկնքի համար են ցուցադրվում Թեոդիկի տարեգիրք ժողովածուները Ազգային գրադարանի Հազվագյուտ գրքերի սրահում: «Ամենուն Տարեցոյցը» (1914, 8-րդ տարի, Առեւտրական նոր տպարան, Մ. Յովակիմեան, Կ. Պոլիս)



…եւ այսպես շարունակ 1907-ից մինչեւ 1928 թվականը, մինչեւ արձանագրողի դիպվածական մահը՝ տարեցույցի պատմությունը շրջելու ակներեւ եղանակ: Գունատ, հեռացող տիտղոսաթերթերի վրա ընծա-թանաքագրեր՝



…Սիրելի Թէոդիկին… Պոլսում, Վենետիկում, Փարիզում լույս տեսած տարեգրքերի մեջ հայ կյանքի ու մշակույթի, աղետի պատմության ստուգությունը, առանց որի ասես անհնար է փաթեթավորել, հանձնել 20-րդ դարը՝ ամբողջականորեն: Շահնուրի «Ամենուն Թեոդիկը» տարեգրքերի ընթացակարգով է պատկերված. «Թեոդը ծնած է Սկյուտար զինվորական վրան մը տակ, համայնակուլ հրդեհի մը գիշերը, երբ իր ծնողքը մոխիրի վրա նստած էին, այս ասության ամենեն տարրական իմաստով: Եվ Թեոդիկի վախճանը պիտի ըլլար համանման: Փարիզի այն մերկ սենյակը, ուր պիտի իյնար հանկարծամահ, շատ չէր տարբերեր անկայուն վրանե մը: Հյուրասենյակին մեջ տեղ գրավել եւ գրիչ շարժել, ասոնք երկու գործողություն են, որոնք կատարվեցան առանց ընդմիջումի, նման ժամացույցին, որ կշարունակե իր թիք թաքը, երբ կփոխադրվի մեկ տունեն մյուսը, բոլորովին անտարբեր իր շրջապատին: Ճիշտ է, թե Տարեցույցի խմբագրության մեջ կմտնե ժամագործությունը, այսինքն՝ զգալի մեքենայություն, բայց ճիշտ է նաեւ, թե գրչի մշակը շատ անգամ օտար կմնա իր շրջապատին: Արվեստի մարդը ուր որ ալ ըլլա տեքորը իր չափին վրա ձեւված պիտի չըլլա: Իր չափը մասամբ միայն երկրային է:



…Մեկ բան գիտեին մարդեն: Գերդաստանի խենթն էր եղած ան, բարեմիտ եւ կենսահորդ Էքսանթրիքը… Իր քույրերը զայն կկոչեին Խենթ Թեոդ…»:



Հազվագյուտ գրքերի սրահում Թեոդիկի կազմած ժողովածուները հիշատակման պահանջմունք չունեն:



Տարեգրքերի մեջ ամփոփված իսկություններն են, որ իրենց կամքով մեզ են հիշելու: