Դատավոր որդին քաղաքապետ հորից մազ չունի կամ պտուղը ծառից հեռու է ընկել (տեսանյութ)

Դատավոր որդին քաղաքապետ հորից մազ չունի կամ պտուղը ծառից հեռու է ընկել (տեսանյութ)

Ավագանու վերջին նիստում օրակարգային հարցերն սպառելուց հետո քաղաքապետ Դարբինյանն, անդրադառնալով «մի քանի դատական նիստերի հետ կապված խնդիրների», առաջարկեց քաղաքապետարանի քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնի պետ իր մորաքրոջ որդի Էդիկ Հովսեփյանին կարդալ դատարանի «վճիռը»: Վերջին բառից լարված ավագանու անդամները, օրինակ, Հովսեփյանին մոտ նստած Արթուր Օհանյանը՝ ցուցամատը՝ քունքին, Վահե Դոխոյանը՝ ձեռքը ծնոտին, Գևորգ Շահինյանը՝ տեղ-տեղ աչքերը ճպճպացնելով ու հոնքերը ձգելով, փորձեցին ամեն գնով ընկալել Հովսեփյանի հանդիսավոր հայտարարությունը: Քաղաքապետն իհարկե ընթացքում պարզաբանեց՝ «խոսքը շենքի մասին ա»՝ նկատի ունենալով ընկերոջ անունով ձևակերպված, սակայն իրեն վերագրվող հայտնի ՛՛էլիտար շենքը՛՛, որի համար նույնիսկ համայնքի բյուջեն էր գրավադրել:



Հովսեփյանի կողմից փաստաթղթում մատնանշված՝ Վարչական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների ընթերցումից հետո վերջապես պարզ դարձավ, որ քաղաքապետարանն ու ավագանին ծանուցվում են Վարչական դատարանի Վանաձորի նստավայրում քննվող՝ Չատինյանների ընտանիքն ընդդեմ Վանաձորի ավագանու և քաղաքապետարանի գործով նշանակված դատական նիստի մասին: Այսինքն՝ վճռից առաջ դատարանն ամեն դեպքում առաջնորդվել է օրենքով և որոշում է կայացրել դատաքննություն անցկացնելու մասին:
Իսկ քաղաքապետ Դարբինյանը կամ շտապում է այս գործով վճիռ ձեռք բերել, կամ էլ մեծ տարբերություն չի դնում իրավաբանական տերմինների միջև՝ ի տարբերություն իր որդի Աղասի Դարբինյանի, որն, ըստ խոսակցությունների, բավականին գրագետ դատավոր է: Ամեն դեպքում քաղաքապետի՝ Վարչական դատարանի գրագետ դատավոր որդու գործոնը կարող է զգալի դեր խաղալ հոր դեմ հարուցված այս վարչական վարույթում:



Ադրինե Թորոսյան