Մի բանում են հմուտ

Ոչ ոք այնքան չի հասկանում փիառի դերն ու նշանակությունը, որքան Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը: Նրանք ոչ միայն տարբեր լրատվամիջոցներում են երկար աշխատել, այլեւ գիտակցում են, որ բոլորովին կարեւոր չէ, թե մարդը, կուսակցությունն իրականում ինչ քաշ ունեն, կարեւորը տպավորությունն է, որը կարելի է ստեղծել բացառապես փիառի եւ լրատվության միջոցով: Դու կարող ես քեզնից ոչինչ չներկայացնել, չունենալ հեղինակություն, գաղափարակիցներ, չլինել խելացի եւ կարդացած, բայց պարբերաբար հարցազրույցներ տալ, շոուներ սարքել եւ հասնել քո ուզած արդյունքին: Այս թիմը դեռ 2018-ից առաջ էր դա հասկացել, եւ դա էր պատճառը, որ լրագրողների ու լրատվամիջոցների նկատմամբ շատ բարյացակամ էին ու հոգատար:
Իշխանության գալուց հետո այդ դրսեւորումները նվազեցին, բայց լծակներն ու հնարավորությունները շատացան: Եթե առաջ «Ազատությունն» ու «Հրապարակն» էին իրենց աջակցում, այսօր լիքը միջոցներ ունեն, եւ ամենակարեւորը` ֆեյքերի ու սոցցանցերում վճարովի ծառայություններ մատուցողների հսկայական բանակ կա, որը զբաղված է կեղծ իրականություն ձեւավորելով, իրենց հզորության, անպարտության, հաջողությունների մասին միֆեր հյուսելով:
Այս տեղեկատվական քաոսի մեջ անգամ մենք` հազար տարի լրատվությամբ զբաղվողներս ենք երբեմն կեղծ տեղեկությունների խայծը կուլ տալիս եւ միֆերի ազդեցության տակ ընկնում, ուր մնաց շարքային քաղաքացին չընկնի: Նա մտնում է Ֆեյսբուք եւ տեսնում է, որ Արմեն Հակոբյանը, Մարի Հակոբյանը, Մարինե Հակոբյանը, Մարիամ Հակոբյանը վատ քոմենթներ են գրել Բագրատ սրբազանի հասցեին, եւ մտածում է. դե որ այսքան մարդ հայհոյում է, ուրեմն մի բան գիտի: Ի՞նչ իմանա խեղճ քաղաքացին, որ այդ բոլոր Հակոբյանները նույն անձի ֆեյք պրոֆիլներն են` հայտնի ՊՈԱԿ-ում ստեղծված:
Կարծիքներ