«Անմեղսունակությունից» անդին

«Անմեղսունակությունից» անդին

Հոկտեմբերի 24-ի «համապետական» հանրահավաքում ելույթ է ունեցել նաեւ «անկուսակցական» Անդրանիկ Թեւանյանը: Այն էլ` որպես «առաջին ջութակ»: Երեւի կազմակերպիչներին կարողացել է հավատացնել, թե իր խոսքը «ռումբի պայթյունի» ազդեցություն է թողնելու, մյուսներին մնալու է «տեխնիկայի հարց լուծել»:
Ո՞րն էր Թեւանյանի «կոնյոկը»: Որ «Իլհամ Ալիեւը Հայաստանի վրա չարախնդում է»: Հիմա սա Հայաստանի իշխանությունների «հանցա՞նքն» է, թե՞, ընդհակառակը` հաջողությունը: 70 տարի բոլշեւիկյան քարոզչամեքենան գուժում էր «փտած, նեխած կապիտալիզմի անխուսափելի վախճանը»:



Նույն ոճն է որդեգրել նաեւ Ադրբեջանի նախագահը. ինչ եկել է իշխանության` հա՜ խոսում է Հայաստանի «տնտեսական աղետալի վիճակի, ժողովրդագրական կոլապսի» եւ էլի նման «ձախողումների» մասին: Եվ ի՞նչ, նրան հաջողվե՞լ է մեկ միլիմետր անգամ «վաղնջական ադրբեջանական հող ազատագրել»: Էլ չասած «Իրավանի խանությունում ադրբեջանցիների բնակության իրավունքը վերականգնելու» մասին:
Ուրիշ ի՞նչ է մնում նրան, եթե ոչ հպատակների անմռունչ բազմությանը «համոզել, որ Հայաստանը, ահա-ահա, շնչահեղձ կմեռնի, եւ մենք առանց մի կրակոցի կվերադարձնենք մեր հողերը, Իրավանի խանությունում, Զանգեզուրի եւ Գյոկչայի մահալներում վերստին կապրեն այդ հողերի իսկական տերերը»:



Որ Իլհամ Ալիեւը խաղ է խաղում, համոզված են նաեւ ադրբեջանցիները: Ուստի բոլորը, իրենց հիմարի տեղ դրած, կրկնում են նրան, փառաբանում, աստվածացնում: Բոլորը մտել են խաղի մեջ, որովհետեւ այսօր ոչ թե ԼՂ, այլ` սեփական անձի ապահովությունն ամեն գնով երաշխավորելու հարց է լուծվում: Ոչ ոք չի ուզում հայտնվել Ռաուֆ Միրկադիրովի, Յունուսով ամուսինների եւ հարյուրավոր ուրիշների կողքին` հայտնի «Բայիլովկա»-ում:



Ձեռքի հետ էլ փորձագնդակ են գլորում` գուցե Հայաստանում կամ Արցախում մեկը կուլ կտա՞ խայծը: Անդրանիկ Թեւանյանը, ինչպես «համապետական»-ում նրա ելույթն է վկայում, «կարթը կուլ է տվել»: Մեղմ ասած: Այլապես նման արտահայտություն իրեն թույլ չէր տա. «Ես դիմում եմ նաեւ Ղարաբաղում ապրող մեր հայրենակիցներին...»:
...«Ղարաբաղում ապրող մարդիկ»-ն ադրբեջանական քարոզչության ձեւակերպումն է: Թեւանյանը մի բառ է փոխել միայն` «մարդիկ»-ը դարձրել է «հայրենակիցներ»: Բայց դրանից արտահայտության քաղաքական իմաստը չի փոխվել. ինչպես Ադրբեջանի քաղտեխնոլոգների, նրա համար էլ անկախ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետություն «գոյություն չունի»: Թեւանյանի համար կա Ղարաբաղ, որտեղ ապրում են մարդիկ:



Մի՞թե «համապետականի» կազմակերպիչներն արտաքին հարցերն այնքան են «անուշադրության մատնել», որ Երեւանի կենտրոնում արդեն հնչեցնում են «անմեղսունակությունից» անդին սադրանքներ...



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ



ԼՂՀ ԱԺ պատգամավոր