Փաստորեն՝ խեղճ Սաշիկ

Փաստորեն՝ խեղճ Սաշիկ

Հայաստանում ոչ թե խլում են բիզնեսը, ոչ թե փայ են մտնում, այլ առավել փոքրերը գնում են մեծերի մոտ, խոստովանում են, որ իրենց բիզնեսը իրենց հնարավություններից «աբյոմով» մեծ է և առաջարկում են միասին աշխատել:



ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ավելի շատ այս թեզին է հավատում, քան թե այն մյուսին, ըստ որի, իբր, բիզնեսները փոքրերից խլում են զոռով:



Այստեղից էլ պարոն Բաղդասարյանը հանգել է այն եզրակացության, որ ուրիշի բիզնեսներին տիրանալու կամ դրանցում փայ մտնելու մասին մամուլն ու ժողովուրդը միայն հեքիաթներ են պատմում: Ասենք՝ ինչո՞ւ միայն մամուլն ու ժողովուրդը: Նաև Գագիկ Ծառուկյանն է հեքիաթներ պատմում այդ մասին, այն էլ իր հարցազրոյցներում:



Ուրիշ հարց, որ Վահրամ Բաղդասարյանն էլ Գագիկ Ծառուկյանին մեղադրեր ուրիշների բիզնեսները փակել տալու և արտոնյալ դիրքեր գրավելու մաջ, բայց, այ քեզ խայտառակություն, Բաղդասարյանը սխալ է հանում ժողովրդին ու մամուլին: Այդպես ավելի հեշտ է, ըստ նրա, քան թե Ծառուկյան Գագիկին ավելի գրգռելը:



Եվ ի՞նչ է ստացվում վերջում: Վերջում ստացվում է՝ խեղճ Սաշիկ, ինքը տանը նստած՝ մամուլը գրում է, որ նա «փայ մտնելու» սովորություն ունի: Բաղդասարյանն էլ, առանց անհարմար զգալու, մամուլին մեղադում է ՀՀ նախագահի հարազատներին պախարակելու և այդ քստմնելի ճանապարհով նախագահին վնասելու մտադրություն ունենալու մեջ:



Այո, մամուլին այլևս այլ ելք չի մնում, քան փաստերով գրելը: Աառաջին փաստն էլ, որքան էլ որ տարօրինակ է, Բաղդասարյանն է տալիս: Ասում է՝ ես չէի կարողանում իմ բիզնեսը յոլա տանել և դիմել եմ Սաշիկ Սարգսյանին, որ նա ինձ օգնի և միասին անենք գործը: Իսկ թե ինչի արդյունքում է Բաղդասարյանը հայտնվել ՀՀԿ ցուցակում, ինքը՝ Բաղդասարյանը և պատմությունն այդ մասին համեստորեն լռում են:



Մենք իհարկե չենք մտածում, որ դա տեղի է ունեցել Սաշիկ Սարգսյանին այդ բիզնեսի մեջ զոռով ներգրավելու արդյունքում, բայց, ամեն դեպքում, ամենամեծ ցանկության դեպքում էլ անհնար է հակառակը պնդելը: Խնդրում ենք, դուք էլ մեզ հասկացեք, հարգելի պարոն Բաղդասարյան:



Էդիկ Անդրեասյան