Հետդարձի ճանապարհ չունի և ոչ ոք

Հետդարձի ճանապարհ չունի և ոչ ոք

Հոկտեմբերի 24-ից այսկողմ եռյակը պետք է որ գյուղերում կլուբներ բացելու գործով զբաղված լիներ: Հուսանք` զբաղվում են, որ համաժողովրդական շարժումն էլ ավելի հզորացնեն, որ երեւանյան հանրահավաքների մասնակիցներն զգան այդ կլուբների սատարիչ էներգետիկան:



Պարոնայք Լեւոն Զուրաբյան, Արամ Մանուկյան, Ռուբիկ Հակոբյան, Արմեն Մարտիրոսյան եւ, իհարկե, մեծարգո Լեւոն Տեր-Պետրոսյան եւ Րաֆֆի Հովհաննիսյան, այս օրերին քանի՞ գյուղական շտաբի հիմնարկեքի եք մասնակցել: Զուտ մարդկայնորեն հետաքրքիր է իմանալը` որքանո՞վ եք մասնակից այս շարժման անվիճելի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնություններին եւ ինչպե՞ս եք կատարում նրա կարգադրություններն ու ցուցումները: Նյութական ներդրումների մասով` վստահ ենք, զրոյական վիճակում եք, իսկ գոնե բարոյապես դուխ տվե՞լ եք շտաբ բացողներին, ձեր խորհուրդներով զարգացրե՞լ եք առաջնորդի գաղափարը, ձեր մարզային կառույցները (կա՞ն այդպիսիք) դրե՞լ եք ԲՀԿ-ի մարզային բջիջների տրամադրության տակ:



Պատահաբար հո չե՞ք մտածում, որ եկել է Գագիկ Ծառուկյանի վրից թռնելու ժամանակը: Դա ձեզ մոտ չի ստացվելու կամ, եթե ստացվի էլ, բավականին ցավոտ է ստացվելու: Ծառուկյան Գագիկին քցողի մերը դեռ տղա չի բերել: Սա իմացեք` իմիջիայլոց: Հարյուր ձեզ նման քաղաքագետ հանճարների Գագիկ Ծառուկյանը կտանի ջուրը, ծարավ հետ կբերի, եւ հանկարծ մտքներովդ չանցկացնեք նրա հետ կոճի գցել: Խորհուրդ չեմ տա: Այնպես որ, ավելի լավ է շտաբաշինության գործին ձեռնամուխ եղեք, իսկ հետո` Գագիկ Ծառուկյանը ոնց կասի:



Հանրահավաքների մասին: Կլինե՞ն նոր հանրահավաքներ, թե՞ չեն լինի, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» նոր առիթներ կունենա՞ն հարթակ ելնելու, թե՞ ոչ: Կարծում ենք` ճիշտ չէ այս հարցը եռյակին տալը: ՀԱԿ-ում, «Ժառանգությունում» եւ ԲՀԿ-ում ոչ ոք չի կարող ասել` կլինե՞ն հանրահավաքներ, թե՞ չեն լինի: Դա ամենաճիշտը կարող է ասել միայն Գագիկ Ծառուկյանը: Նույնիսկ հարցը խմբագրելու անհրաժեշտություն կա. պարոն Ծառուկյանը մոտ ապագայում հանրահավաքի համար փող դուրս կգրի՞, թե՞ դուրս չի գրի: Ամեն ինչ, ի վերջո, փող է` բեմ, տեխնիկա, ավտոբուս, սնունդ… հիմա էլ այս ամենին ավելացել է գյուղական կլուբների ծախսը: Մինչդեռ հանրահավաքներից էլ օգուտը մեծ չէ: Նույնիսկ սկսնակ բիզնեսմենը կհասկանա, կարծում ենք: Եվ արդեն ակնհայտ է, որ հանրահավաքների իրազեկման գործում Գագիկ Ծառուկյանի հարթակային գործընկերները, հայերեն ասած, «պերեստառալիս»:



Գագիկ Ծառուկյանը մի շատ խորիմաստ միտք է հնչեցրել իր վերջին հարցազրույցում` հայտարարելով, որ ինքը հետդարձի ճանապարհ չունի: Ոմանք սխալմամբ կարծում են, թե սա մատրոսովիզմ է, եւ Գագիկ Ծառուկյանի վրա էլ նայում են որպես մահապարտի: Բայց դա այդպես չէ: Չի կարելի Ծառուկյանի այդ հայտարարությունը դիտել «ես այսօր ուրախ եմ, որ այստեղ ձեզ հետ եմ» հայտարարության հետ միեւնույն հարթության մեջ: Եթե վերջինն ավելի շատ հոգեվիճակի դրսեւորում է բառերի միջոցով, ապա «հետդարձի ճանապարհ չունեմ»-ը՝ վաղվա դե ֆակտո իրավիճակի բացահայտում: Փորձենք հասկանալ, թե ինչ է ասել Ծառուկյանը:



Գագիկ Ծառուկյանի քսակից կախված 7or.am-ը սիրում է կրկնել. «Դուզ խոսքն էշին կասեն»: Այո, այդպես է, որ կա, սա հենց այդ դեպքն է: Ծառուկյանը հո չէ՞ր ասելու, որ իշխանությունը չի էլ պահանջում, որ ինքը վերադառնա: Ի վերջո` իշխանության համար ավելի լավ է Գագիկ Ծառուկյանի այստեղ, մեզ հետ լինելը, քանզի մենք լսում ենք Ծառուկյանին, նրա օգնությամբ ենք գալիս միտինգների, նրա օգնությամբ ենք միտինգներից տուն գնում ու մեզ ավելորդ բաներ թույլ չենք տալիս: Ընդդիմության այսպիսի առաջնորդի մասին ո՞ր իշխանությունը չի երազի: Այնպես որ, դեռ պետք է պարզել` կոնկրետ ո՞ւմ է ուղղված Ծառուկյանի` հետդարձի ճանապարհ չունենալու մասին հայտարարությունը:



Մտածո՞ւմ եք: Եվ ի՞նչ… Այստեղ են ասել` դուզ խոսքն էշին կասեն: Հարգելի ընդդիմադիրներ, հարթակի եւ ոչ հարթակի, մարգինալ եւ ոչ մարգինալ, չի՞ թվում, որ Ծառուկյանը հենց ձեզ է ասում, որ ինքն այստեղ է եւ ոչ մի տեղ էլ չի գնալու, որ ոչ մի ընդդիմություն, իրենից բացի, չի լինելու, որ ինքն արդեն գրավել է այդ դաշտը, այլընտրանքայնացրել եւ շատ ուրախ է, որ այսօր այստեղ է: Գագիկ Ծառուկյանը վերադառնա իշխանությունների մոտ, որ ի՞նչ լինի: Ժողովրդի 80 տոկոսը դժգոհ է իշխանություններից: Բա մեկը չլինի՞, որ այդ 80 տոկոսին այլընտրանքի մեջ պահի, տիրություն անի, բերի հրապարակ, տուն ուղարկի, գոլորշին բաց թողնի: Այո, շատ ծանր եւ միեւնույն ժամանակ խիստ պատասխանատու գործ է անում Ծառուկյանն այստեղ` մեզ հետ, եւ նա իրոք վերադարձի ճանապարհ չունի:



Հայաստանում ընդդիմության ապագան իրոք որ մշուշոտ է: Շատ ընդդիմադիրներ, այդ թվում եւ այնպիսիք, որոնք վերջին 6 տարիների ընթացքում կրել են ինստիտուցիոնալ ընդդիմության թիկնոցը, հետդարձի ճանապարհ այսօր չունեն: Հետեւում ժողովուրդ չկա, իսկ առջեւում էլ միայն Գագիկ Ծառուկյանն է` ուրախ, որ այսօր այստեղ է:
Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես է այս ամենն ընկալում ժողովուրդը, ապա միանշանակ է, որ ժողովրդի համար Ծառուկյանը շատ ավելի ընդունելի է, քան գիտությունով չալող ստաժավոր սուտասանները, ովքեր տասնամյակներ շարունակ իրեն քցել են, քցել են, քցել են մինչեւ վերջ: