Լավ է, որ նախագահն ինքը արձանագրում է 12 կետերի լրջությունը․ Ա․ Ռուստամյան

Լավ է, որ նախագահն ինքը արձանագրում է 12 կետերի լրջությունը․ Ա․ Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եռյակի վերջին քայլերի ու այս համատեքստում վերջին իրադարձությունների վերաբերյալ մեր հարցին ի պատասխան՝ խորհուրդ է տալիս հետևել այն կուսակցություններին, որոնք նույն բանն են ասում և չեն փոխում իրենց տեսակետները առիթից առիթ։ Ռուստամյանն, ըստ էության, որպես այդպիսի կուսակցություն ակնարկում էր հենց ՀՅԴ-ին։



«Մենք չենք փոխել մեր մոտեցումը, մեր գիծը և շարունակելու ենք այդ գծով գնալ առաջ։ Ովքեր էդ ընթացքում մեզ կմոտենան, նրանց հետ կհամագործակցենք»,-ասաց նա։



Hraparak.am-ի դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ 12 կետերը, որում ՀՅԴ-ն ևս իր մասնակցությունն է ունեցել, պետք է վերանայվեն, մինչդեռ վարչապետը կարծես մի փոքր այլ բան է ասել նախագահի հայտարարությանն ի պատասխան, Ա․ Ռուստամյանն ասաց․ «Ես կարծում եմ՝ այդ 12 կետի ամփոփումը ինչ-որ տեղ հետ մղվեց, երբ առաջացավ մեր մոտեցումների տարբերությունը։ Ես հիմա նորից ուզում եմ անդրադառնալ դրան, քանի որ այդ 12 կետերում շատ լուրջ հարցեր են բարձրացված, և լավ է, որ էդ լրջությունը հանրապետության նախագահն ինքը արձանագրում է, դա լավ նշան է։ Դա նշանակում է, որ առիթ կա ավելի ամրապնդելու այս պահանջները և դրանք ներկայացնել շատ ավելի ամբողջական, ավելի հստակ ժամանակացույցի բերվող մոտեցումներով և տեսակետով»։



Ինչ վերաբերում է նախագահի ու վարչապետի հայտարարությունների որոշակի տարբերությանը, ապա Ռուստամյանն ասաց, որ առաջին արձագանքը, որ կառավարությունը տվել է, իրենց չի բավարարել, որովհետև «լղոզված էին» պատասխանները և հիմնականում անորոշություն էր մնացել։



«Նախագահը, կարծում եմ, ցանկացել է սրբագրի հենց այդ անորոշությունը, որ ամեն կետին հստակ պատասխան է պետք, և պետք չէ անտեսել քաղաքական ուժերի բարձրացրած հարցերը»,-նկատեց պարոն Ռուստամյանը։



Իսկ արդյոք պարտադրանք և անակնկալ չէ՞ր նախագահի այդ հայտարարությունը կառավարությանը, Արմեն Ռուստամյանն ասաց, որ նախագահի ցանկացած հայտարարություն էլ ուղղություն է կառավարությանը՝ ըստ մեր Սահմանադրության։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ