«Ստատուս քվո»-ից անդին-0

«Ստատուս քվո»-ից անդին-0

Իլհամ Ալիեւին



Դուք ասում եք` «եթե հայկական զորքերը դուրս բերվեն, տարածաշրջանում խաղաղությունը եւ կայունությունը կվերականգնվեն»: Դուք քաղաքականության մեջ նորամանուկ չեք եւ պիտի հասկանաք, որ զորքեր հենց այնպես ինչ-որ տեղ չեն հայտնվում: Եվ, մանավանդ, հենց այնպես չեն հեռանում:



Բայց ես ուզում եմ ուշադրություն հրավիրել մի հանգամանքի վրա` ինչպե՞ս իշխանության եկավ ձեր սիրասուն հայրիկը` ԽՄԿԿ քաղբյուրոյի նախկին անդամ եւ ՊԱԿ-ի ցմահ գեներալ Հեյդար Ալիռզա օղլու Ալիեւը: Չե՞ք հիշում:



Մի անհանգստացեք, տհաճ ոչինչ չեմ հիշեցնելու: Միայն` փաստը: Այն, որ նրա նախագահ «ընտրվելու» ողջ ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը սրբությամբ պահպանեցին կրակը 40 օրով դադարեցնելու մասին ձեզ հայտնի միջնորդի խնդրանքով ձեռք բերված պայմանավորվածությունը: Եվ հնարավորություն ստեղծեցին, որպեսզի ձեր հայրը խնդրի խաղաղ կարգավորման առատ խոստումներ տա:
Ինչպե՞ս «վարձահատույց եղավ» նա: 1993-ի տարեվերջին նախաձեռնեց «ձմեռային մեծ կամպանիան» եւ կորցրեց 10 հազար զինվոր` Արաքսի ափերից մինչեւ Օմարի լեռնանցք ընդգրկող ճակատային գծի վրա:



Ի՞նչ էր սպառնում ձեր «տոհմական իշխանությանը», եթե 1994-ի մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը չհամաձայներ միջնորդի առաջարկությանը, եւ զինադադարի համաձայնություն չկնքվեր: Ձեր հայրն ստիպված էր լինելու Բաքվից փախչել, ինչպես նրա «բարեկամական» խորհրդով վարվել էր Աբուլֆազ Ալիեւը (Էլչիբեյը):
Իսկ ի՞նչ կլիներ ձեր վիճակը, եթե Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, քաջատեղյակ լինելով, որ Հեյդար Ալիեւը հանկարծամահ է եղել 2003թ. ապրիլի 21-ին, Ադրբեջանում քաոսային իրավիճակ է, որոշեին մի փոքր «մկաններ ցուցադրել»: Կհաջողվե՞ր ձեզ «նշանակվել» վարչապետ, կատարյալ խաղաղության պայմաններում անցկացնել նախագահական «ընտրություններ» եւ իշխանությունը վերցնել ամբողջովին:
Կարծում եմ, հասկանալի ասացի` տարածքները, որ դուք ադրբեջանական եք համարում, այն գինն է, որ ձեր «համազգային առաջնորդ» հայրը վճարել է, որպեսզի տիրանա Ադրբեջանի նախագահի պաշտոնին: Այդ գնով էլ դուք իշխանությունը ժառանգել եւ պատրաստվում եք փոխանցել կրտսեր Հեյդարին` Հեյդար Իլհամ օղլու Ալիեւին:



Եթե կարծում եք, թե ադրբեջանական ժողովուրդը դա չգիտի, սխալվում եք: Կգա պահը, եւ նա կպահանջի: Այդժամ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կունենա լիովին օրինական գործընկեր, ում հետ կքննարկի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը: Դուք իշխանություն ունենալու եւ պահելու համար վճարել եք տարածքներով: Եվ քանի դեռ իշխանության կրող եք, իրավասու չեք «հետգնման հայց» ներկայացնել:



Վահրամ
ԱԹԱՆԵՍՅԱՆ