Քաղաքագրություն. Ալեքսանդր Երրորդի թագադրության լուրը՝ Երեւանում

Քաղաքագրություն. Ալեքսանդր Երրորդի թագադրության լուրը՝ Երեւանում

Նորին Կայսերական Մեծության թագադրության լուրը 1883 թվականի մայիսի 15-ի երեկոյան ժամը 6-ին կայծակի արագությամբ տարածվեց Երեւանում:




Ամեն մի ջերմեռանդ հպատակի սիրտ բաբախեց ուրախության եւ երախտագիտության զգացումով, ամեն մի անհատ իրեն բախտավոր էր համարում տոնել այդ նշանավոր եւ ամենքիս համար ցանկալի հանդեսը:



Հետեւյալ օրը առավոտյան քաղաքը զարդարվեց դրոշներով` սպիտակ, կապույտ, կարմիր գույները տատանվում էին թեթեւ զեփյուռանման քամիի ազդեցության տակ: Տեղական խորհրդարանում կայացած վճիռների համաձայն` սուրբ պատարագից հետո Հայերը, Ռուսները եւ Պարսիկները քաղաքային հրապարակում մի փառավոր մոլեբեն կատարելուց հետո, խուռն բազմությամբ գնացին Անգլիական այգի, ուր փառավոր նախաճաշ էր պատրաստված ամեն դասակարգի համար: Այդտեղ հնչեցին ճառեր տոնելի հանդեսի առթիվ, եւ անվերջանալի «ուռաներով» Նորին Կայսերական Մեծությանը թանկագին կենացով երկարատեւություն էին մաղթում: Դրանից հետո փողոցներում համարյա ամեն քայլին երեւում էր մի առանձին խումբ, որ երգելով, պարելով, ուռաներով եւ անհամար գինու շշեր դատարկելով էր անցնում:



Երեկոյան քաղաքային երկու այգիներում մի գեղեցիկ ճրագավառություն էր եւ կիսաասիական ճաշակով, բյուրավոր լապտերներ, բենգալյան կրակներ, գեղեցիկ եւ մեծածախս փամփուշտներ, վենզելներ կային` եւ այլն եւ այլն:




Տեղացիների խնդրանքով եւ իրենց ծախսերով քաղաքը նույնպես լուսավորված էր:
Մի խոսքով վստահ կարելի է ասել, որ Երեւանը այսպիսի հանդես չենք ասում տեսած, այլ երազած չէր: Շնորհակալություն ենք հայտնում նաեւ մեր տեղական ոստիկանությանը, որի շնորհիվ եւ էներգիայով մի թեթեւ անկարգություն անգամ չպատահեց այդ անհամար եւ ըստ մեծամասնության գինու ազդեցության տակ մտած ամբոխի մեջ:
Տեղական խորհրդարանում Սրբազան Թագադրության առթիվ տեղի ունեցած մի քանի նիստերում վճռվել է հետեւյալը.



1. Թագադրության հանդեսին քաղաքի կողմից ներկայացնել Նորին Մեծությանը մի ոսկեզօծ շքեղ ափսե եւ մի աղաման 900 մնթ. արժողությամբ.
2. Բաշխել 5000 ռ. քաղաքին հասանելի այն ապառիկներից, որոնք մնացել են հասարակության ամենաաղքատ դասակարգի վրա:
3. Տեղական գիմնազիայում պահել քաղաքի հաշվով 5 ուսանող` երկուսը հայերից, երկուսը պարսիկներից եւ մեկը ռուսներից:
4. Երեւանի Աստաֆիեւսկայա փողոցը եւ Անգլիական այգին վերանվանել Ալեքսանդրյան, իսկ Սուլեյման-խանսկայա փողոցը` Աստաֆիեւսկայա:



 



«Երեւանի հայտարարություններ», 1883 թիվ, 19 մայիսի