Թող բռնի Գագիկ Ծառուկյանի ձեռքը եւ հեռանա՝ փակելով նաեւ Ռոբերտ Քոչարյանի ճանապարհը

Թող բռնի Գագիկ Ծառուկյանի ձեռքը եւ հեռանա՝ փակելով նաեւ Ռոբերտ Քոչարյանի ճանապարհը

Սրատված Սերյոժայի ի տեր ննջելու մրմուռը մեր քաղաքի բնակիչների մտապատկերից երբեւէ չի հեռանա: Մի քիչ ուրախ էինք, որ աղետից հետո եկած սերունդը անմեղ զոհերի մասին կիմանա միայն լսած պատմություններից:



Անընդհատ նահատակվելու խաչ կրելը մեր քաղաքի ճակատագիր՞ն է, թ՞ե Աստծուց շատ սիրված լինելու իրողություն՝ … դժվար է հասկանալ:
Քաղաքում խուճապ չի եղել եւ չկա, բայց կա խորը հոգեկան ցնցում… Համոզված չեմ, թե տիկին Ռիտա Սարգսյանի դեմքին հանկարծ ու կնճիռ հայտնվեր, եթե գար Գյումրի, վերջին ճանապարհ ուղեկցելու երկու տարեկան Հասմիկին եւ վեց ամսական Սերյոժային: Եթե ոչ ինքը, ապա էլ ո՞վ, եթե այդ ահագնացող վշտի մեջ տիկինը մեր կողքին չէր, ավելին, կարծես թե անտեղյակ էր, ուրեմն աուտիզմով կամ այլ հիվանդությունով տառապող երեխաների կողքին էլ չէ…Ուրեմն այդ ամենը ֆիկցիա՞ է. միֆ



ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆ
Այն սկսվեց գլխավոր դատախազի ՌԴ սահմանադրությունը Հայաստանի վրա տարածելու մերկապարանոց հայտարարությունից: Դրան հետեւեց ՇՄ դատախազի շփոթված եւ պարտադրված հանդիպումը վշտակիր ժողովրդի հետ, որտեղից էլ սկսվեց իրավիճակային անհրաժեշտ լուծում պահանջող հարցերի կոսերվացումը:
Հունվարի 15-ին գլխավոր դատախազի դեմ առ դեմ հանդիպումը գյումրեցիների հետ հանգեցրեց սույն կառույցը «փչացնելու» գործընթացին, որը սկսվել էր դեռ նախորդ օրը՝ 102 –րդ ռազմաբազայի մոտ ՇՄ դատախազի «Կապիտուլացիայով»:



Իրավիճակի լիցքաթափման առաքելությունը մեխանիկորեն սահեցվեց ոստիկանության վրա: Միտումը ակնհայտ էր՝ վերեւները չէին տիրապետում իրավիճակին, ներքեւի իշխանական կառույցները մոլորված էին. Ժողովրդից օտարումը վերջնական էր եւ բոլոր միջոցները սպառված. Իրավիճակի պատասխանատվությունը անուղղակիորեն ընկավ ոստիկանության վրա, այն դեպքում, երբ այդ ուժերը միայն կարգ ու կանոն պահպանելու առաքելություն ունեին:



Ժողովուրդ-իշխանություն կտրված երակը պահողը ակամա դարձավ ոստիկանությունը. ՀՀ ոստկանապետի տեղակալ Հունան Պողոսյանը միակ պաշտոնյան էր, ում խոսքի մեջ ցավ ու պահանջատիրություն կար, ավելին՝ սպանդի վարկածներից ամենախոցելին, թե Պերմյակովը մենակ չի եղել, հայտարարվեց նրա կողմից:
Նրա առաջին ասուլիսի ժամանակ «Մեր ոստիկանական ուժերը ինտեսիվ աշխատանք են տանում… մեր գերխնդիրը նրան գտնելն է» վկայում են այն մասին, որ պահանջատերը հայկական կողմն էր եւ իրավազորությունը Հայաստանինն էր:
Նույն երեկոյան ամեն ինչ շրջվեց գլխիվայր:



Հունվարի 23-ին Շիրակ գերեզմանատանը ՌԴ ՊետԴումայի պատգամավոր Օլեգ Լեբեդեւի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը չի հրաժարվում ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ Պերմյակովին, մեկ անգամ եւս հաստատում է ժողովրդի մոտ արմատավորված այն կարծիքը, թե հայկական կողմն է տականքին հանձնել ռազմաբազային:
Լրացավ նախճիրի մեկ ամիսը. Ազգային արժանապատվության նվաստացման հետ գյումրեցին չի հաշտվում. Այս պահին այդ տականքը կարծես թե գտնվում է ռուսական կողմի հովանավորյալի կարգավիճակում: Ռուսական կողմում Ավետիսյանների հարազատները որպես իրավահաջորդներ ճանաչված չեն: Սերժ Սարգսյանը ժամանակ կամ համարձակություն չգտավ այս մեկ ամսվա ընթացքում որեւէ դիրքորոշում հայտնել կամ գոնե ասենք հինգերորդ անիվ հանդիսացող ՇՄ դատախազին հրաժարականի դիմում գրել տալ։



ՏԱՐԱՍ ԲՈՒԼԲԱՅԻ ԴԵՐԸ ՍՏԱՆՁՆԵԼԸ ԱՅԼԵՎՍ ՈՒՇ Է
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը փետրվարի 12-ի ՀՀԿ խորհրդի նիստում հանդարտ տեմպերի մեջ տագնապային էր հենց իր եւ իր ղեկավարած ուժի համար: Իսկ ո՞վ ասաց, որ ժողովուրդը Գագիկ Ծառուկյանին ընկալում է որպես քաղաքական գործիչ: Եթե Սերժ Սարգսյանի այսպես կոչված ծրագրային ելույթը կառուցված լիներ այն փաստերի վրա, որոնցով Գագիկ Ծառուկյանը վտանգ է ներկայացնում ժողովրդի համար, գուցե տեղավորվեր տրամաբանության որեւէ ծալքում: Ժողովուրդը լավ ընկալում է Ծառուկյանի առաքելությունը:



Եթե վատառողջ մարդը հրաժարվում է իր մարմնի կարեւորագույն օրգաններից եւս մեկից՝ օրինակ երիկամներից կամ փայծախից, ակնհայտ է, որ նա իրեն դատապարտում է մահվան: Տարիներ շարունակ սերտաճած օրգանը վիրահատելը նույնն է, ինչ իր անձի ավարտի մասին դատավճիռ կարդալը:
Թեթեւ սրտով ընդունել եւ չքմեղանալ, թե Գագիկ Ծառուկյանի հարցում սխալվել է, ներողություն խնդրել եւ անցնել, ոչ միայն հարիր չէ գործող նախագահին, այլ այդ սխալների կողքով անցնելը առնվազն զրոյի է հավասարեցնում Գագիկ Ծառուկյանի հասցեին արված բոլոր վիրավորանքներն ու սպառնալիքները, ինչպես նաեւ իր՝ նախագահի ունեցած իրավունքի կիրառումը Գագիկ Ծառուկյանի դեմ:



Ճիշտ կլիներ, եթե Ազգային անվտանգության խորհուրդն ընդհանրապես հրամանագրվեր առ ոչինչ, թե չէ, եթե միայն Գագիկ Ծառուկյանն այլեւս ԱԱԽ անդամ չէ, կամ պատգամավոր չէ, ի՞նչ է, Գյումրիում այլեւս դիվերսիա չի՞ լինի, թե՞ հերթագրված եւ կառավարության կողմից հաստատված ցուցակից շուրջ 1200 անօթեւան ընտանիք դուրս չի շպրտվի պետության տեսադաշտից:
Ծառուկյանի դեմ սուր ու վահան ճոճելն ի՞նչ կփոխի ժողովրդի կյանքում, դրանից ի՞նչ օգուտ ժողովրդին. ոչ մի, կռնատ քաղաքականության փոխարեն ինչ ասես՝ ընդունելի է, ով ասես՝ ընդունելի է:



Այն աստիճան է յուրացված եւ սեփականաշնորհված երկրի կառավարման ղեկը, որ Սերժ Սարգսյանը այլեւս չի տարբերում անձնական ամիբիցիան գոյություն չունեցող քաղաքական դաշտից. Ո՞ր քաղաքական դաշտն է փորձում փրկել «մտահոգ նախագահը». քստմնելի պնակալեզների՞, Ազգային Ժողով սպրդած ճարպակալած կնիկների՞ (որոնք չեն կշտանում արտասահմաններում ֆռֆռալուց), պետբյուջեի գումարները մսխող ուռճացած նախարարությունների ու գերատեսչությունների՞…
Արժանապատիվ ղեկավարը պիտի որ հրաժարական տա՝ բռնի Գագիկ Ծառուկյանի ձեռքը եւ հեռանա, փակելով նաեւ Ռոբերտ Քոչարյանի ճանապարհը։ Ոչ թե հաստատված դիկտատուրան ամրացնի քաղաքական չեղած դաշտը փրկելու մտահոգության քողի տակ:



Հասմիկ Մելքոնյան
Գյումրի