Տատս, Բենջամին Ֆրանկլինը և Լևոն Տեր-Պետրոսյանի master-class-ը

Տատս, Բենջամին Ֆրանկլինը և Լևոն Տեր-Պետրոսյանի master-class-ը

«Ամբողջ մարդկությունը բաժանվում է երեք դասի` նրանք, ովքեր անշարժ են, նրանք, ովքեր շարժունակ են, եւ նրանք, ովքեր շարժվում են»: Սա Բենջամին Ֆրանկլինն է ասել (1709-1790): Քանի որ Բենջամին Ֆրանկլինն է ասել, Լուսինե Պետրոսյանն էլ որոշել է Լեւոն Տեր-Պետրոսյանին անպայման տեղավորել այդ երեք կատեգորիաներից մեկի մեջ: Որոշել է:



«Բենջամին Ֆրանկլինը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին» վերտառությամբ «Հրապարակի» երեկվա հոդվածում, որտեղ Լուսինեն հենց այդ գործով է զբաղված, ես այդպես էլ չհանդիպեցի մի նախադասության, որով նա ճիշտ տեղը գցած լիներ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այսինքն` հասկանալի չէ, թե հատկապես մարդկանց ո՞ր խմբին է դասել մեր առաջին նախագահին: Օրինակ` ակնարկ կա, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն անշարժների մեջ չէ, ինչը մի քիչ վիճելի է, որովհետեւ Տեր-Պետրոսյանն անշարժության ռեկորդակիր է, եթե հիշենք նրա 10-ամյա անխռով ընթերցանության շրջանը:



Այսուհանդերձ, հաշվի առնելով Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը, ընդունենք, որ նա անշարժներից չէ: Այդ դեպքում, ըստ Բենջո Ֆրանկլինի, կմնա մարդու երկու տիպ` «շարժունակ» մարդիկ եւ մարդիկ, ովքեր «շարժվում են»: Լուսինեն բացառում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է հանկարծ դասվել «շարժունակների» մեջ: Այս խմբում նա իրավացիորեն տեսնում է, կոպիտ ասած` «շակալներին», ովքեր դեռ կարող են շարժվել (շարժունակ են), բայց համապատասխան հրահանգով միայն:



Թույլ տվեք այստեղ մի փոքր շեղվել բուն հերոսից` Տեր-Պետրոսյանից: Լուսինեն վերեւում անշարժներ էր անվանել այն նույն մարդկանց, ում տեսնում է նաեւ շարժունակների մեջ: Չէի ցանկանա Բենջո Ֆրանկլինին բան ասել, բայց Լուսինեի հստակ սահմանազատումից, կարծես, երեւում է, որ մարդկանց տեսակների խիստ սահմանազատումներ իրականում չկան: Անշարժը կարող է շարժունակ դառնալ եւ հակառակը: Սա արժե մտապահել, որովհետեւ ստորեւ նորից կանդրադառնանք տիպաբանական խմբերի միջեւ գոյություն ունեցող շփման կետերին:



Եվ ուրեմն` Տեր-Պետրոսյանի անունը չկա նաեւ շարժունակների մեջ: Բայց մի այսպիսի հարց` ո՞վ կամ ի՞նչը 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանին ստիպեց շարժվել իր ստատիկ (անշարժ) վիճակից: Այս հարցի պատասխանն իմանալը, մեր կարծիքով, վատ չէր լինի, որովհետեւ խոսքը հասարակ մարդու մասին չէ, այլ մեկի, ով ռուսաստանյան (կրեմլյան) մշակումից հետո հայտնվեց ժողովրդական ալիքի վրա, եւ այդ ալիքը նրան շարժելով հասցրեց նախագահի աթոռին: Երկրորդ անգամ Լեւոնին շարժեցին 2008-ին:



Վստահաբար` ինչ-որ մեկը շարժեց նրան: Իսկ երբ շարժվեց, մի տեւական ընթացք եվրոպական կառույցների ու դեսպանատների աշխատակիցներին ամեն օր ցույց էր տալիս, որ ինքը շարժունակ է, եւ իրեն պետք է շարժել: Միառժամանակ անց, երբ Տեր-Պետրոսյանը տեսավ, որ իր շարժունակությունը նկատող ու գնահատող չկա, սկսեց փնովել եվրոպական կառույցներին ու պաշտոնյաներին, ովքեր չպաշտպանեցին ընդդիմադիր ՀԱԿ-ի տեսակետները եւ մեկը մյուսի հետեւից ճանաչեցին Հայաստանում անցկացվող համապետական ընտրությունների արդյունքները: Կարծում ենք` Րաֆֆի Հովհաննիսյանն էլ այս ապրումներն ունեցավ, երբ «հարազատ» ԵԺԿ-ն պաշտպանեց Սերժ Սարգսյանին եւ ոչ թե իրեն: Րաֆֆին էլ այդ օրերին շատ շարժունակ էր, ինչպես գիտեք, եւ դա նկատեց նույնիսկ Վլադիմիր Գասպարյանը:



Մնաց մարդկանց մի խումբ` շարժվողները, որոնք իրար են գալիս, այսինքն` նստած չեն: Լուսինեն իր հոդվածն ավարտում է հետեւյալ նախադասությամբ. «Ահա թե ինչեր կարող է անել «շարժվողների» դասը, որոնց մասին ասել է Բենջամին Ֆրանկլինը, եւ որոնց տիպական ներկայացուցիչն է Լեւոն Տեր-Պետրոսյանը»: Պա հոոոո… Փաստորեն` Լեւոնը շարժվո՞ղն է: Մենք չենք կարծում, իհարկե, որ Բենջո Ֆրանկլինը կարողացել է մարդկանց մեկ հատիկ ելույթից այնմիջապես գաղափար կազմել, թե տվյալ մարդը որ տեսակից է: Լուսինեին, փաստորեն հաջողվել է դա, եւ նա բարեխիղճ ձեւով հիշատակել է Լեւոն Տեր-Պետրոսյանի այն մեկ հատիկ քայլը, որով վերջինս իր տեղն է գրավել շարժվողների դասում: Լուսինեն պնդում է, որ դա Լեւոն Տեր-Պետրոսյանի` Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակն է, ամենաուժեք քայլը 2008-ից այսկողմ:



Այդ դարակազմիկ բաց նամակի մասին ես իմ անձնական կարծիքն ունեմ, որը, թերեւս, կարտահայտեմ առաջիկա հրապարակումներիցս մեկում: Այս պահին ինձ հետաքրքրում է Լուսինե Պետրոսյանի հետեւյալ վերլուծական գնահատականը, որ նա տալիս է Տեր-Պետրոսյանի քայլին, այսինքն` շարժումին: Լուսինեն, հպարտանալով Տեր-Պետրոսյանի քայլով, գրում է. «Երեկ Տեր-Պետրոսյանը մի հրաշալի master-class տվեց քաղաքական շարժման մասին: Իր «Բաց նամակը Սերժ Սարգսյանին» ոչ թե լոկ շարժում էր, այլ օբյեկտից սուբյեկտի վերածվելու շարժում: Եթե Սերժ Սարգսյանը պատերազմ հայտարարեց Ծառուկյանին, նաեւ կողմնակիորեն եռյակը փլուզելու համար, ապա Տեր-Պետրոսյանը երեկ գրեթե փլուզեց եռյակը` առաջ անցնելով Սարգսյանից:



Քաղաքական դաշտը պայմանականորեն բաժանելով պետականամետների եւ հայդատականների, Տեր-Պետրոսյանն ըստ էության ասաց, որ ինքը Սերժ Սարգսյանին տեսնում է պետականամետների ճամբարում եւ պատրաստ է փոխգործակցության՝ հանուն հայոց պետականության եւ ընդդեմ «երբեմնի պետականազուրկ ազգի ավանդական մոտեցումների»»: Այսպիսի բան, թերեւս, կարող էր գրել երգիծաբանը` Տեր-Պետրոսյանին խայտառակելու համար: Այստեղ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացված է կատարյալ «մուտիլովչիկի» դերում, իսկ մուտիլովչիկներին դժվար թե Բենջո Ֆրանկլինը դասեր շարժվողների թվին: Պատկերացնո՞ւմ եք` պետականամետներին հայդատականների դեմ հանելն ինչպիսի խիզախություն է հատկապես վերանկախացած, պետություն դարձած մի երկրի առաջին նախագահի համար, ով, մեր կարծիքով, քաջ գիտակցում է, թե ինչ է Հայ դատն ու հայդատականությունը:



Շարժվողը, ըստ Լուսինեի, հենց այսպիսին պետք է լինի` պետք է կարողանա քանդել եռյակը, փողոց ելած ժողովրդին թողնի ու Սերժ Սարգսյանին ասի. «Ես քեզ պետականամետ եմ համարում, արի` խոսենք»: Սա ամենաքիչը շարժման տնազ է, հարգելի Լուսինե Պետրոսյան:



Ավելի վաղ, խոսելով Տեր-Պետրոսյանի «Մտորումների» մասին, որոնք վերաբերում էին Ցեղասպանության 100-ամյակի հռչակագրին, Տեր-Պետրոսյանի որոշ առաջարկներ համարել էինք ճիշտ եւ ցավ հայտնել, որ Տեր-Պետրոսյանը, որպես առաջին նախագահ, պետք է ընդգրկված լիներ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պետական հանձնաժողովում: Նույնիսկ հույս էինք հայտնել, որ դա շտկելի բաց է: Անկեղծորեն ուրախ եմ, որ Տեր-Պետրոսյանն այսպիսի առաջարկով է դիմում Սերժ Սարգսյանին` դառնալ 100-ամյակի ձեռնարկների մասնակից եւ խորհրդատու: Բայց անհավատալի են այն նախապայմանները, որ նա դնում է պետության առջեւ` «փոխգործակցություն՝ հանուն հայոց պետականության եւ ընդդեմ երբեմնի պետականազուրկ ազգի ավանդական մոտեցումների»: Ինչպե՞ս կարելի է «պետականամետություն» հասկացությունը հակադրել մի ազգի ավանդական մոտեցումներին, երբ այդ ազգը պետություն է ունեցել, կորցրել է, նորից է ունեցել, նորից է կորցրել, նորից է ունեցել եւ այսօր ունի:



Եզրակացություն: Հիմա մարդկանց ո՞ր խմբին է պատկանում Լեւոն Տեր-Պետրոսյանը: Բենջո Ֆրանկլինին թողնենք մի կողմ, որովհետեւ նա իր ամերիկյան մտածողությամբ չի կարող Հայաստանում օրենքներ սահմանել: Մենք չենք ուզում մտածել նաեւ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարողացել է պետականամետությունը հանել Հայ դատի գաղափարի դեմ: Այդ դեպքում նա ընդհանրապես տեղ չէր ունենա մարդկանց որեւէ խմբում: Ես ավելի շատ հակված եմ Լուսինեի այն մտքին, որ Տեր-Պետրոսյանը փորձում է գրավել ՀՀ առաջին նախագահի իր պատվավոր տեղը եւ որքան արագ, այնքան լավ նրա համար:



ՀԳ. Իմ տատը դժվար թե Բենջամին Ֆրանկլինին ճանաչած լինի, բայց նրան (տատիս) կարելի էր դասել մարդկանց բոլոր խմբերին միաժամանակ` նա ամբողջ օրը կնստեր իր թախտին (անշարժ), երբ քունը տաներ` իր ոտքով կգնար քնելու (շարժունակ էր), եւ հենց հարսներին մի բան ասեր` տանը շարժում էր սկսվում (շարժվող էր): Հա, ավանդապաշտ լինելով հանդերձ, նա նաեւ պետականամետ էր: Երբ Սովետում գենսեկներն սկսել էին արագ փոխվել, տատս նրանց մեծադիր նկարներով թերթերը (նա դրանք հավաքում էր) իրար կողքի էր շարում ու երկար զննում: Հիշում եմ, թե ինչպես մի անգամ մատով տկտկացրեց Գորբաչովի նկարին ու ասաց. «Սրա մեզը (ժող. տարբերակով) պղտոր ա»: