Զգացողությունները նույնն են ու անփոփոխ

Զգացողությունները նույնն են ու անփոփոխ

Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության նորընտիր ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանի դահլիճում «Բարգավաճ Հայաստանը» պաշտոնապես հայտարարեց ընդդիմություն: ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանից հետաքրքրվեցինք, թե ինչ զգացողություններ ունի պաշտոնապես ընդդիմություն հռչակվելուց հետո: Նա ասաց, որ առանձնապես հատուկ զգացողություններ չունի, որովհետեւ բովանդակային առումով ընդդիմադիր վեկտորն իրենց մոտ նախկինում էլ կար, ուղղակի այսօր դա պաշտոնապես հստակեցվեց: Իսկ ո՞րն է լինելու տարբերությունն ընդդիմադիր ու այլընտրանքային ԲՀԿ-ների միջեւ, Մելքումյանն ասաց, որ ինքը տարբերություն չի զգում, ուղղակի այսօր իրենք, ըստ էության, հստակ ձեւակերպում են տվել: Մեր դիտարկմանը, թե այսօր ԲՀԿ-ից արտահոսքը շարունակվում է, զորօրինակ՝ ԲՀԿ-ական ամենաակտիվներից Տիգրան Ուրիխանյանը, ով հայտարարել է, որ Քաղաքացիական շտաբ է ստեղծում: Մելքումյանն ասաց, որ իրենք հարգում են յուրաքանչյուրի որոշումը:



«Հետաքրքիր բան ասեմ, մենք միասին ճանապարհ ենք, չէ՞, անցել, դժվարին ճանապարհ՝ միասնական, կուռ թիմով: Էդ ճանապարհն անցնելու ընթացքում ամեն մեկն իր դերակատարությունն է ունեցել: Հիմա ամեն մարդ, ելնելով էդ անցած ճանապարհի տրամաբանությունից, ինքը որոշում է ինչ-որ փուլում ինչ-որ ձեւով հանդես գա, ու մենք պետք է հարգենք դա: Մենք էլի մեր թիմային աշխատանքը շարունակելու ենք, ու բաներ կան, որ կողքից չեն երեւում, օրինակ՝ մարդ կա, որ կարող է էդ փուլում ավելի ակտիվ երեւա ԶԼՄ-ների առաջ, մարդ կա՝ կարող է կազմակերպչական աշխատանքով զբաղվի»,-ասաց նա: Իսկ Ուրիխանյանի «կորուստը», եթե նա էլ վերջնական որոշի հեռանալ ԲՀԿ-ից, զգալի չի՞ լինի իրենց համար, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ ցանկացած պատգամավորի հեռացումն իրենց համար զգալի է, իսկ կոնկրետ Ուրիխանյանի մասով նշեց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ է ուզում վերջինն անել:



Իսկ այն հարցին, թե իրենք ժամանակին միմյանց հարսանիքների ու տարատեսակ խնջույքների են մասնակցել, մտերիմ հարաբերություններ ունեցել, այսուհետ այդ ամենի ֆոնին ինչպե՞ս են դասավորվելու նրանց հարաբերությունները, Միքայել Մելքումյանն ասաց, որ որեւէ բան չի փոխվել: «Նրանք էլի մեր ընկերներն են, ու նույն ջերմությամբ, նույն հարգանքով մենք էլի ընկերություն ենք անելու, իրար հետ ճանապարհ ենք անցնելու… պետք է հարգել նրանց որոշումը, ամեն մարդ ինքն է իր ներքին զգացողությամբ տեսնում, թե ինքն ինչ կարող է ավելի արդյունավետ անել տվյալ փուլում, ինչը պետք է հարգենք»,-եզրափակեց պաշտոնապես ընդդիմադիր հռչակված պատգամավորը: