Շոյգո՞ւն պիտի սարքի

Շոյգո՞ւն պիտի սարքի

Մինչ գյումրեցիները ՌԴ եւ ՀՀ իշխանություններից պահանջում են ՀՀ արդարադատությանը հանձնել Ավետիսյանների ընտանիքը վերացնողին, Գյումրու քաղաքապետն իր հաշիվներն ունի ՌԴ իշխանության հետ: ՌԴ պաշտպանության նախարար գեներալ Սերգեյ Շոյգուին նա օրերս նամակ-ուղերձով է դիմել, խնդրելով ասֆալտապատել Գյումրու փողոցները: Գյումրեցիներն այս հայտարարությունը լսել են «Ցայգ» հեռուստատեսության եթերում, Գյումրու ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի շուրթերից: «Քաղաքապետը դիմել է Շոյգուին, ՌԴ պաշտպանության նախարարին՝ առաջարկությամբ, որ օժանդակություն ցուցաբերի քաղաքի փողոցները վերականգնելու հարցում,- ասել է ճարտարապետը:- Պատճառաբանությունն այն է, որ ռազմաբազայի ծանր տեխնիկան մեծ վնաս է հասցնում քաղաքին: Մարմարաշենի 10 կմ հատվածի մասին է խոսքը»: Քաղաքապետի խոսնակ Մակարյանն էլ պարզաբանեց, թե «այդ հատվածով տեղաշարժվում է ծանր տեխնիկան»: Քաղաքը զարմացած է այս հայտարարությամբ: «Քաղաքապետը Գյումրու ողբերգության գինն է պահանջում Շոյգուից»,- ասում են գյումրեցիները: Ոմանք էլ հակված չեն այսչափ «լուրջ» դատողությունների: Հետո՞ ինչ, որ ռազմաբազայի ճանապարհի ասֆալտը փչացել է: Ուրեմն Շոյգո՞ւն պիտի սարքի: Դա նույնն է, թե Շարլ Ազնավուրին խնդրեն, որ ավլի իր անունով հրապարակը: Կամ Ջիվանու ձեռքը «շլանգ» տան, ասեն. ջրի քո անունով փողոցը, այն փողոցը, որում ապրում է Սամվել Բալասանյանը: