СПАСИБО ВАМ, ВЛАДИМИР ВОЛЬФОВИЧ…

СПАСИБО ВАМ, ВЛАДИМИР ВОЛЬФОВИЧ…

Հայրենական մի լրատվամիջոց մտասեւեռվել է, թե ինչու է վերջին ժամանակներս Վլադիմիր Ժիրինովսկին «հակահայկական հայտարարություններ անում այն դեպքում, երբ անցած15 տարիներին ամենուրեք եւ հետեւողականորեն պաշտպանում էր հայերին եւ փնովում ադրբեջանցիներին»:
Եվ ինքն էլ բացատրում, որ Ժիրինովսկուն, Զյուգանովին, մի շարք այլ գործիչների եւ վերլուծաբանների «հավաքագրելու համար Ադրբեջանը 500 մլն դոլար է ծախսել»:
Ժիրինովսկու ամենաակնառու «ադրբեջանամետ» տեսակետը փոխանցել է haqqin.az-ի խմբագիրը՝ հարցազրույցի միջոցով: Այն հանգում է հետեւյալին. «ԼՂ հարցը պետք է լուծվի Ռուսաստանի հովանու ներքո, հակամարտության գոտում պետք է ռուս խաղաղապահներ լինեն, իսկ մնացածը թող ժամանակը որոշի»:
Եթե դրա դիմաց Ալիեւի վարչախումբը նրան մի քանի միլիոն դոլար է նվիրել, ապա արժե Ժիրինովսկուն հատուկ շնորհակալություն հայտնել ամբողջ աշխարհի «ադրբեջանցիների առաջնորդին» հայտնի կենդանու տեղ դնելու համար:



Որովհետեւ շփման գծում խաղաղապահների հարցը Ժիրինովսկու ցանկությամբ չէ պայմանավորված: Իսկ Ալիեւի «վիզը կոլորեն», եթե համարձակվի նման սցենար առաջարկել: Արեւմտյան ներդրումներն Ադրբեջանում 50 մլրդ դոլար են կազմում:
Բավական էր, որ BP-ն սառեցնի ներդրումները, եւ նավթի արդյունահանման ծավալներն Ադրբեջանում կրճատվեցին, մի քանի հազար նավթագործներ համալրեցին գործազուրկների բանակը: Իսկ երբ Ժիրինովսկին «կրծքով պաշտպանում էր» հայկական դատը եւ ասում, որ Թուրքիան «պետք է վերադարձնի Արարատը», Արեւմուտքն Ալիեւին հռչակել էր «հուսալի գործընկեր»:
Ադրբեջանն այսօր «սառը պատերազմի» հակաարեւմտյան ճամբարում է: Նաեւ՝ Ժիրինովսկու «վրա ծախսած գումարների» տրամաբանությամբ: Եվ հայտնվել է սոցիալ-տնտեսական ու ներքաղաքական ճգնաժամի մեջ:
Եթե ոչ վաղը, ապա տեսանելի ապագայում Ռուսաստանն Արեւմուտքի հետ կպայմանավորվի: Ժիրինովսկին, Զյուգանովը եւ Ադրբեջանից «վարձահրավիրված» վերլուծաբանները կկորցնեն իրենց «հմայքը»: Արեւմուտք-Ռուսաստան պայմանավորվածությունները կհստակեցնեն նաեւ Ադրբեջանի տեղը: Բայց՝ առանց Ալիեւի վարչախմբի…



Վահրամ Աթանեսյան