Պուտինն ու Ալիեւը

Պուտինն ու Ալիեւը

«Թուրան»-ը հաղորդում է, որ Բաքվի, այսպես կոչված, «Առաջին եվրոպական խաղերի բացմանը ներկա կգտնվի ընդամենը երկու պետական բարձրագույն գործիչ՝ Թուրքիայի նախագահը եւ Վրաստանի վարչապետը, բայց սպասվում է Ռուսաստանի բարձրաստիճան պատվիրակության մասնակցությունը»:



Բաքվում եվրոպական խաղերի մեկնարկը կտրվի Հաղթանակի մոսկովյան տոնակատարություններից մեկ ամիս անց: Եվ կանցնի եվրոպական առաջնորդների բացակայությամբ, թեեւ բոլորն էլ հրավիրված են: Բայց միայն դրանով չէ, որ Պուտինը եւ Ալիեւը կնմանվեն: APA-ն տեղեկացրել է, որ Ադրբեջանում կառավարությունը մշակում է «Ապաօֆշորացման մասին» օրինագիծ: Համաշխարհային բանկը խիստ մռայլ է ներկայացրել Ադրբեջանի տնտեսության ապագան: Վերլուծության «մեխն» այն է, որ «չկան ֆինանսական ազատ միջոցներ»:



Ադրբեջանում, այո, ֆինանսական ճգնաժամ է: Եվ վարչախումբն ստիպված է «կուլակաթափ անել» օլիգարխներին: Contact.az-ը, սակայն, երեւույթը համարում է «մանր եղջերավորների հարկադիր սպանդ»՝ ակնարկելով, որ խոշոր գանձագողերը վարչախմբի վրիժառությունից չեն տուժում:
«Ապաօֆշորացման մասին» օրինագիծը «Թուրանը» անվանում է «ֆինանսական համաներում»: Նման օրենք վերջերս ընդունել է ՌԴ Պետդուման: Եթե մինչեւ տարեվերջ ռուսաստանցի գործարարները հայտարարագրեն օֆշորային գոտիներում իրենց միջոցները եւ դրանք վերադարձնեն, ապա կազատվեն պատասխանատվությունից:
Ըստ երեւույթին, նույն նպատակն է հետապնդում նաեւ «Ապաօֆշորացման մասին» ադրբեջանական օրինագիծը: «Թուրան»-ի փորձագետների կարծիքով, «խոսքը վերաբերում է 18 մլրդ դոլար գումարին, որ վերջին տարիներին դուրս է բերվել Ադրբեջանից»:



Այս համապատկերին խիստ տպավորիչ է Gafhazinfo-ի տեղեկատվությունը, որ Ադրբեջանի հյուսիսային շրջաններում ռուս-ադրբեջանական հատուկ ծառայությունները «Սահմանը՝ վահան» պայմանական անունով համատեղ գործողություններ են իրականացնում «տրանս-ազգային հանցավորության, զենք-զինամթերքի, թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ ահաբեկչության դեմ միասնական պայքարի վերաբերյալ համաձայնությունների շրջանակներում»:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ