Իսրայելա - ադրբեջանական սկանդա՞լ

Իսրայելա - ադրբեջանական սկանդա՞լ

Նորությունների հրեական գործակալությունը հաղորդել է, որ Ադրբեջանում հակահրեականության դեմ հրապարակումների իր հեղինակը «ենթարկվում է հետապնդումների»: Նրա բնակարանում անջատվել է գազամատակարարումը՝ «ջեռուցման համակարգի անսարքության պատճառով»:



«Ազերիգազ» պետական ընկերությունը նորությունների հրեական գործակալության տեղեկատվությունը համարել է «ցնորամտություն» եւ պարզաբանել, որ «տեխնիկական անսարքությունները կապ չունեն բաժանորդի ազգության կամ կրոնական համոզմունքների հետ»:



Ադրբեջանում հրեաների խնդիրների հարցով նորությունների հրեական գործակալությունը դիմել է Սեմյոն Իխիլովին: «Ցավոք,- պարզաբանել է նա,- կենցաղային հրեատյացությունը տարածված է Ադրբեջանում: Ոմանք չեն դիմանում եւ ընդմիշտ հեռանում են: Մյուսները մնում են՝ հուսալով, որ նախագահ Ալիեւը կկարգավորի իրավիճակը»:



Իխիլովը նախկինում գլխավորել է Ադրբեջանի հրեական համայնքը: Անցյալ տարի նա մշտական բնակության է տեղափոխվել Իսրայել, որտեղ ներգրավվել էր այսպես կոչված «ադրբեջանական սփյուռքի» քարոզչական կառույցներում:



Նա Ադրբեջանի Ղուբայի շրջան իսրայելցի լրագրողների «ուխտագնացության» կազմակերպիչներից մեկն էր , երբ Ալիեւի վարչախումբը ցուցադրում էր «1918 թ. հայ դաշնակների կողմից զանգվածաբար բնաջնջված հրեաների եղբայրական գերեզմանոցները»:



Ադրբեջանում հրեատյացության մասին Սեմյոն Իխիլովի բացահայտումները, կարելի է ենթադրել, նրա անձնական նախաձեռնողականության դրսեւորում չեն: Ամենայն հավանականությամբ, իսրայելա- ադրբեջանական հարաբերություններում սառնություն է առաջացել: Հնարավոր է, դա պայմանավորված է Պաղեստինի հարցում Ալիեւի վարչախմբի դիրքորոշման հետ:



Չնայած դիվանագիտական հարաբերությունների շուրջ քսանմյա գոյությանը եւ Բաքվում Իսրայելի դեսպանատան առկայությանը, Ադրբեջանը խուսափում է հրեական պետությունում դիվանագիտական ներկայացուցչություն հաստատելուց: Անցյալ տարի, մինչդեռ, Բաքվում Պաղեստինի մշտական ներկայացուցչություն է բացվել: