Գրողների միության լինել-չլինելն ինձ համար աբսուրդ է

Գրողների միության լինել-չլինելն ինձ համար աբսուրդ է

«Սա մի քանի ժամից կլինի սեղանին. որտեղ որ պետք է: Խղճիս առաջ մեղք եմ գործել. հավատացել եմ վեհ նպատակները բարբաջող մարդկանց: Զզվում եմ սովետն ու արյունը շալակածներից»,-այսպես էր ֆեյսբուքյան իր էջում ՀԳՄ-ից դուրս գալու իր դիմումը մակագրել ՀԳՄ արդեն նախկին անդամ, բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը։
Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ ՀԳՄ-ից դեռ պատասխան չի ստացել, քանի որ դիմումն առաջիկայում պետք է վարչության նիստում քննարկեն․ «Ուղղակի նոր փոխնախագահի՝ Պետրոս Դեմիրճյանի հետ խոսեցի ու նրան ասացի, որ անբեկանելի է որոշումս, եւ կոմպրոմիսների բան չկա»։



2007-ից ՀԳՄ շարքերը համալրած Աշոտ Գաբրիելյանը մի անգամ էլ 2013-ին է դիմում գրել Գրողների միությունից դուրս գալու համար, երբ գրչընկերները դիմեցին այդ քայլին․ «Մեր անդամությունը սառեցնելու արդյունքում մենք ակնկալում էինք, որ Գրողների միությունում ինչ-որ ներքին, կառուցվածքային փոփոխություններ կլինեն, հայ գրողի հեղինակությունը, ինչպես խոստացան, կբարձրացվի, բայց տեսանք, որ գնալով ավելի է ստորանում այդ ամեն ինչը»։ Այսինքն՝ հայ գրողի հեղինակությունն ընկա՞ծ է Հայաստանի գրողների միությունում։ «Հայ գրողի հեղինակությունը, իհարկե, ընկած է, որովհետեւ Գրողների միության համար չափանիշներ չկան ընդհանրապես, դա ինչ-որ առումով անձնական է, եւ չեմ մեղադրում, որ Գրողների միությունում չափանիշներ չեն դնում, որովհետեւ ինքը հասարակական կազմակերպություն է, իսկ մեր երկրում ստեղծագործական միությունների մասին օրենք չկա, չեմ էլ ուզում լինի, որովհետեւ, եթե եղավ, դա նշանակում է, որ պետությունը ցանկանում է այդ ստեղծագործական միություններն օգտագործել սեփական քարոզչության համար։ Ցանկացած մարդ այսօր կարող է ՀԿ բացել ու անունը դնել գրողների միություն, հայ գրողների միություն, գրողների այլ միություն ու սկսի իր գործունեությունը ծավալել։ Գրողների միության լինել-չլինելն ինձ համար աբսուրդ է, ու նաեւ իմ այնտեղ լինելն էլ աբսուրդ է»։



Այն հարցին, թե նշել էր, որ «բոլորը քննադատում են, բայց բարիկադների վրա մարդ չկա», արդյոք նշանակո՞ւմ է, որ սրանից հետո իրեն «բարիկադների» վրա ենք տեսնելու, Աշոտ Գաբրիելյանը նշեց, որ բարիկադների վրա տեսնելու խնդիրը չէ, եւ թե առաջ, թե հիմա աշխատել է միշտ իր խղճի առաջ մաքուր լինել։ Իսկ ՀԳՄ նախագահության անդամների հետ բարիդրացիական հարաբերություններ ունի եւ այն, ինչ անում է, միայն գաղափարական տիրույթում է։ Այդ ամենից բացի, Աշոտ Գաբրիելյանը մի բան էլ է հասկացել, որ ՀԳՄ-ն, ինչպես մեր մյուս պետական համակարգերը, սովետից եկած մի համակարգ է, որը փոխելու մասին հույսերը հավասար են զրոյի։



«Գրողների միությունում կան մարդիկ, որոնց համար անձնական շահն ավելի գերադասելի է, քան գրողական հարաբերությունները, որովհետեւ այսօր այնքան է փչացել մթնոլորտը, որ ամեն ինչ դարձել է, կոպիտ ասած, մեկը մեկից փող փախցնելու վիճակներ, մարդկային հարաբերությունները շահից այն կողմ չեն գնում, ինչքան էլ որ իրենց կոչումը պիտի պարտավորեցնի հասարակության առաջ։ Մենք Գրողների միությունից դուրս շատ լավ գրողներ ունենք, որոնք հայ գրողի կերպարը կերտելու մեջ ավելի մեծ գործ են անում, քան թե Գրողների միությունը․ նույն Արամ Պաչյանը, Հովհաննես Թեքգյոզյանը, Կարեն Անտաշյանը, Վահրամ Մարտիրոսյանը, որոնք միությունից դուրս են, բայց հասարակական շարժի մեջ, հասարակական կարծիք ձեւավորելու հարցում ավելի մեծ դերակատարություն ունեն, քան թե Գրողների միությունը, մանավանդ վարչության անդամները, որոնք կոչված են հասարակական կարծիքը ձեւավորելու, բայց Գրողների միությունը դա էլ չի կարողանում ապահովել, ավելի շատ տեղ է տալիս մանկապարտեզի մակարդակի գրողների, որոնց անուններն էլ կարամ տամ՝ Վահան Վանատուր, Բագրատ Ալեքյան»։
Այն հարցին, թե Գրողների միությունում անցկացրած այս 7-8 տարիներն իրեն ինչ-որ բան տվեցի՞ն, թե՞ կորած տարիներ է համարում, Աշոտ Գաբրիելյանը նշում է միայն «Գրեթերթի» անունը եւ հավելում, որ «Գրեթերթից» դուրս Գրողների միության հետ առնչություն չի ունեցել։



ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընդունելու են Աշոտ Գաբրիելյանի դիմումը եւ «զոռով» չեն բռնանալու մարդու վրա․ «Լավ է արել՝ ներկայացրել է, իր գործն է, ի՞նչ ենք արել Աշոտ Գաբրիելյանին… հայ գրողների ընկած հեղինակության համա՞ր է ինքը դուրս գալիս… ամեն գրող ինքը հեղինակություն պետք է վաստակի իր գրածով, իր ելույթներով, իր ստեղծածի չափանիշներով, դա ստեղծագործական անհատական պրոցես է։ Պերճ Զեյթունցյանի հեղինակությունն ինքն է բարձրացնում։ Գրողների միությունը չի նստում ու ասում՝ եկեք բարձրացնենք այսինչի հեղինակությունը, միությունն ունի իր ընթացիկ աշխատանքները, թե Աշոտ Գաբրիելյանն ինչ կարծիքի է՝ Աստված իր հետ… ի՞նչ անենք, որ 500 գրողների գրական հեղինակությունը բարձրացնենք, հո 10 հոգով չե՞ն նստում հեղինակություն բարձրացնում»։



Ինչ վերաբերում է հարցին, որ ՀԳՄ-ում գրողական հարաբերություններ չկան, եւ մարդիկ նյութական շահեր են հետապնդում, ապա․ «Ուրիշներին վիրավորելու հարկ չկա, ի՞նչ շահեր են հետապնդում՝ մարդիկ գնում հանգստանում են, գիրք են հրատարակում, գրքերի քննարկում է լինում, նաեւ սոցիալական հարցեր են լուծվում, եթե դուրս ես գալիս՝ դուրս արի, ուզում ես ընդունվել՝ ընդունվել ես, էն ժամանակ բա՞րձր էր հեղինակությունը, որ ինքն ընդունվել է, հիմա իջա՞վ… Ամեն գրող ունի իր մտածելու կերպը, իր ցանկությունները, պահանջները, հիմա ես 500 գրողների պահանջների ու ցանկությունների ցա՞նկը կազմեմ… ես նստեմ ումի՞ց պահանջեմ, որ իմ հեղինակությունը բարձրանա, ես նստել եմ՝ Վարդգես Պետրոսյանից կամ Հրանտ Մաթեւոսյանի՞ց եմ պահանջել, որ իմ հեղինակությունը բարձրանա։ Ոնց որ մեղադրեն ասեն՝ մենք ուզում ենք լավ գրել, բայց Գրողների միությունը չի գրում մեր փոխարեն»։



Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի