Կղկղաբանությունը՝ որպես վսեմ արվեստ

Կղկղաբանությունը՝ որպես վսեմ արվեստ

Վերջերս «Հրապարակ»-ում մի հոդված տպագրեցինք՝ «Պղծում» վերնագրով, որտեղ խոսվում էր այն մասին, թե ոմանք ինչպիսի անպատասխանատվություն են ցուցաբերում Ցեղասպանության 100-ամյակի նախօրեին: Տխմարության եւ սնափառության սահմանագծում գտնվող որոշ նախաձեռնություններ մեզ թվում էին նույնիսկ սրբապիղծ: Սակայն ուշադիր զննելով ստորեւ ներկայացվող պատկերը, պիտի խոստվանենք, որ մեր հոդվածում թվարկված փաստերը պարզապես մանկական խաղեր էին սրա համեմատ:
Լոս Անջելեսում գտնվող «Կարպուշյան» գալերին ցուցադրություն է կազմակերպել Ցեղասպանության 100-ամյակի առիթով, որտեղ, ի թիվս մի շարք հայ կամ, առնվազն, հայկական ազգանուն կրող կերպարվեստագետների, մասնակցել է նաեւ մի ամբողջ պատ գրավող՝ պարզունակ եւ գռեհկաճաշակ ուղղանկյունների սույն հեղինակը:



Փորձագիտական ամենաներողամիտ սանդղակով գնահատելու դեպքում այս պատը բացասականի ամենաստորին մասում կհայտնվեր եւ ամենաշատը կհարուցեր մեր զարմանքը, թե աղբանոցին վայել այս «արտադրանքն» ինչու է հայտնվել պրոֆեսիոնալ ցուցասրահում: Սակայն տարելիցի հանգամանքը մեզ ստիպում է ամենայն ուշադրությամբ նայել յուրաքանչյուր ցուցադրանքը՝ հասկանալու համար, թե ինչ առնչություն ունեն դրանք ազգային եւ համամարդկային ողբերգության հետ:



Սակայն հարկ չկա ժամանակ ծախսելու, միեւնույն է՝ ոչինչ չեք գտնի, փոխարենը աջից, ամենավերեւում կտեսնեք հայերեն երեք տառանոց մի բառ, որը հաճախ է գործածվում՝ ամենեւին ոչ դրական հույզեր արտահայտելիս: Ի դեպ, այդ բառն ամենապատշաճը կլիներ ներկայացված «գեղարվեստը» որակելու համար:
Այժմ մի հայացք նետենք ձախակողմյան «գլուխգործոցներին»: Այստեղ էլ խիստ գործածական մի բառ կգտնենք, ավելի շուտ՝ եզակի, առաջին դեմքով խոնարհված մի բայ, որը դարձյալ նախորդ՝ երեք տառանիի պես սկսվում է մեսրոպյան այբուբենի երեսունվեցերորդ տառով: Բարձր գնահատելով «կերպարվեստագետի» բացառիկ նրբանկատությունը, չմոռանանք նշել, որ նա միանգամից մեզ չի հրամցնում այդ երբեմն հաճելի, երբեմն ցավալի գործողությունն արտահայտող բայը, այլ հոգեբանորեն մեզ նախապատրաստում է՝ ներկայացնելով նախ անգլերեն համարժեքը. «fuck»: Կարծում ենք՝ բոլորդ հասկացաք, քանի որ անգլերենը, ներողություն, «ամերիկերենն» այսօր, դե ֆակտո, դարձել է պետական երկրորդ լեզու, եւ պայծառ հեռանկարներ կան, որ շատ շուտով կդառնա առաջինը (ականջդ կանչի՛, Կիսելյով):



Այժմ հաջորդում է անխուսափելի հարցը. ո՞վ է այս հանճարը, ի՞նչ անուն եւ ազգանուն ունի նա: Չգիտենք եւ չենք էլ ուզում իմանալ: Սակայն հիշենք, թե Վերածննդի մեծ վարպետներն ինչպես էին իրենց ինքնանկարը, համեստորեն, զետեղում բազմամարդ տեսարաններ ներկայացնող լայնակտավ գործերի անկյունում: Ուստի, առաջնորդվելով հնօրյա ավանդույթով, մեր «վարպետի» ինքնանկարը, հավանաբար, գտնենք իր ուղղանկյուններից մեկում: Ազատ եք, որը կուզեք՝ ընտրե՛ք:
Վերջում չենք կարող չխոսել մի երեւույթի մասին:
Սկատոլոգիան (կղկղաբանությունը) համրաքայլ, բայց կարծես վճռականորեն մուտք է գործում հայկական իրականություն: Տասներկու տարի առաջ, Ֆրանսիայում, հայազգի ֆրանսագիր մի հեղինակ ուղեգրությունների մի գիրք տպագրեց, որտեղ բուռն ցանկություն էր հայտնում բարձրանալ Մասիս լեռը եւ այնտեղ անել այն «մեծ գործը», ինչը պատշաճ է անել պետքարանում: Չգիտենք՝ կարոտաբաղձ հեղինակի մուրազը կատարվեց, թե ոչ, բայց ստույգ գիտենք, որ այդ գիրքը վեց տարի անց հաջողությամբ թարգմանվեց հայերեն եւ լույս տեսավ Երեւանում:



Երկու տարի առաջ էլ արեւմտյան տարօրինակ ծածկանուն կրող սկսնակ մի արձակագրուհի իր առաջին գրքում ամենայն մանրամասնությամբ նկարագրում էր Գյումրի-Երեւան ավտոբուսով ուղեւորվող երիտասարդ աղջկա անմարդկային չարչարանքները: Խեղճ հերոսուհին, ավտոբուսը շարժվելուն պես, բնական անդիմադրելի պահանջ է ունենում, խի՜ստ, սաստի՜կ մի պահանջ՝ հենց տեղում, անհապաղ անելու այն, ինչը մեր կարոտաբաղձ ֆրանսահայը տենչում էր անել Մասիսի լանջին: Եվ այսպես, տող առ տող, էջ առ էջ մենք ծանոթանում ենք հերոսուհու տվայտանքներին… Ահավոր վիճակ, թշնամի՜ս չունենա… Երիտասարդ Վերթերի տառապանքները խաղուպար են սրա համեմատ: Իսկ թե ինչով է վերջանում բնական անզուսպ ցանկության եւ բավարարելու անկարելիության շեքսպիրյան այս կոնֆլիկտը, չենք ասի, վերցրեք եւ կարդացեք: Ընթերցողներին՝ բարի վայելում, եւ չմոռանաք նախապես պետքարանի թղթով զինվել, զի հայտնի չէ, թե այդ բացառիկ էջերն ինչ հույզեր, ավելի շուտ՝ բնական ինչ պահանջներ կարող են հարուցել:



Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ