Միրումյանի ու իր նմանների համար

Միրումյանի ու իր նմանների համար

Հունիսի 10-ին կայացած ՀՀ կառավարության նիստի ժամանակ «Շիրակի մարզի համայնքներում եւ Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ներկայացրել է կառավարության եզրակացությունը, որը պետք է ներկայացնել Ազգային ժողով: Կառավարության եզրակացության մեջ ասվում է, որ ներդրումների ծավալի աճին նպաստելու համար այս կամ այն տարածաշրջանի համար բացառապես հարկային արտոնությունների նախատեսումը հանգեցնելու է միայն պետական բյուջեի եկամուտների կորուստների՝ առանց այդ տարածաշրջաններում նոր ներդրումների իրականացման: Փոխնախարար Միրումյանն ասում է. «Անհասկանալի է, թե ինչու է արտոնությունները նախատեսվում միայն Շիրակի մարզի կամ Գյումրի քաղաքի համար, երբ ներդրումների ներգրավման խնդիրներ ունեն նաեւ, օրինակ, Լոռու մարզը կամ Վայոց Ձորի մարզը»:
Մենք պրպտեցինք համացանցում եւ գտանք․ Վախթանգ Մայիսի Միրումյան, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, ծնվել է 1975թ․ մայիսի 15-ին, Գորիսի շրջանի Վերիշեն գյուղում:



Ենթադրենք՝ Միրումյանը ծնվել է ոչ թե Գորիսի Վերիշեն գյուղում, այլ Լենինականում, ամուսնացել է Լենինականում, ունեցել երկու որդի եւ մեկ դուստր, ապրել է, ենթադրենք, Տեքստիլ կոչվող թաղամասի բարձրահարկերից մեկում: Երկրաշարժի պահին Միրումյանի տանը, ենթադրենք, գտնվել են նրա տատը, պապը, հայրը, մայրը, դուստրը: Կինը եւ որդիները եղել են թիվ 9 միջնակարգ դպրոցում: Միրումյանն այդ ժամանակ եղել է փողոցում եւ երջանիկ պատահականությամբ փրկվել... Քանի որ գյումրեցիները շատ մարդասեր են եւ ունակ են ուրիշի վիշտը խորությամբ ընկալելու, ենթադրենք՝ զոհվել են միայն պապը, տատը, հայրը, մայրը։ Դստերը հարեւանները հանել-փրկել են նկուղից, կինը դարձել է առաջին կարգի հաշմանդամ, տղաները վիրավորվել են, եւ անհայտ «բարեգործներ» նրանց տարել են արտերկիր (վայրը մինչ այսօր հայտնի չէ): Ենթադրում ենք նաեւ, որ Գյումրիում շուրջ 27 տարի է, ինչ տնակում ապրում է Միրումյանի երեք անձից բաղկացած ընտանիքը՝ հաշմանդամ կինը, դուստրը եւ ինքը: Բնակարան ստանալու հույս չկա, Միրումյանը գործազուրկ է, կնոջը նպաստ չեն տալիս, դուստրը հաճախում է բարեգործական ճաշարան:



Հիմա հասկանալի՞ է, պարոն Միրումյան, թե ինչու են արտոնությունները նախատեսվում միայն Շիրակի մարզի կամ Գյումրի քաղաքի համար:



Հասմիկ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Գյումրի