Արտառոց կենդանի հուշ տատիկիս հորեղբոր տղուց՝ Ակսել Բակունցից

Արտառոց կենդանի հուշ տատիկիս հորեղբոր տղուց՝ Ակսել Բակունցից

Այսօր Ակսել Բակունցի ծննդյան օրն է, ու ես ուզում եմ այս արտառոց հուշը վերաթարմացնել:



Ակսել Բակունցը և մայրական կողմով տատս՝ Շուշանիկ Բակունցը երկու եղբայրների երեխեք էին:



Ակսելի մայրը՝ Բոխճագյուլը, պարել է Շուշան տատիկիս հարսանիքին: Տատիիս օժիտի վրա, օրենք էր, նստեցրել են 4-ամյա Ակսելին, որ համ օժիտը բացելու համար փող ուզի, համ էլ Շուշանի առաջնեկը տղա լինի:



Իրոք, Շուշանի առաջնեկը տղա էր՝ Սամսոնը, ով անհայտ հանգամանքներում մահանում է Ակսել Բակունցի սպանության օրը` 1937թ -ին, հուլիսի 18-ին: Դա ինչ չար համընկնում էր, մարդկային բանականությունից վեր է բացատրելը: Արտառոց երևույթ:



Այդ օրը երկու տներում սուգ էր: Մեկի իրական դին, մյուսի անիրական աճյունը թաղվել են կողք կողքի` Բակունցների և Հովակիմյանների գերեզմանատանը: Բակունցների գերեզմանատանը  ննջում էին տատիիս ծնողները` Ավագը և Ազին: Հետագայում այնտեղ հանգրվանեցին նաև Բոխճագյուլը և Ստեփանը, տատիկիս եղբայրները` Միխայելը (Մուխան) և Նիկոլայը, տղան` Աշոտը: Ննջում են պապիս հայրը` կապուտաչյա և ոսկեգանգուր աժդահա Հայրապետը` քաղաքի մեծահարուստը, նրա ծնողները, որդիները, տատս և պապս` Շուշանիկ Բակունցը և Դանիել Հովակիմյանը, նրանց տղաները, կանայք:



ՀԳ Յուրահատուկ Պանթեոն է Բակունցների մեծերի և մայրական կողմով մեր մեծերի գերեզմանոցը: Բոլորը հաշտ ննջում են, ինչպես Բակունցը կասեր՝ ալպիական մանուշակի ճոճք - թերթերի մեջ:



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ