Ընտրակեղծիքի հոգեբանությունը

Ընտրակեղծիքի հոգեբանությունը

Տիգրան Ուրիխանյանը («Ալյանսի» առաջնորդ!!!), որ ընտրակեղծարարության ԲՀԿ-ական դպրոցի վառ ներկայացուցիչ է, հանդես է եկել ընտրակեղծարարության դեմն առնելու մի շահեկան առաջարկով, այն է` ընտրատեղամասին հատկացնել սարք, որը կգրանցի նույնականացման քարտով քվեարկողի քարտը, եւ վերջինս չի կարողանա այդ քարտով երկրորդ անգամ քվեարկել: Ասեմ` շատ ուժեղ առաջարկ է: Ու ո՞նց է պատահել, որ մինչ այս պահը նրա ընտրակեղծարար բարեկամները` Գագիկ Ծառուկյանից սկսած, ՀՀԿ կարկառուններով վերջացրած, Ուրիխանյանի գլուխը չեն կերել այդ ըմբոստ առաջարկի համար, մնում է անբացատրելի: Իսկ գուցե սողանցք, այնուամենայնիվ, կա՞, նախապես այդ սողանցքը լավ ուսումնասիրվե՞լ է ընտրակեղծարարների կողմից ու դաբրո տրվել: Ասում են՝ Աբովյանում դա արդեն փորձարկել են:



Չգիտեմ ինչպես են դա արել, եւ որքանով են արդար Աբովյանի ընտրությունները, բայց ես չեմ հավատում, որ Աբովյանում հնարավոր էին արդար ընտրություններ: Եկեք չմոռանանք, որ Աբովյանը Հայաստանում է, իսկ Հայաստանում, որպես կանոն, նախ որեւէ բարեփոխում շրջանցելու ձեւն է մշակվում, եւ հետո միայն ընդունվում է տվյալ բարեփոխումը: Սա մեր կենսակերպն է, որ արմատացել է 1991 թվականից: Խոսքը միայն ընտրական օրենքների բարեփոխման մասին չէ, այլ բոլոր օրենքների: Եթե ուշադիր լինենք, ապա կտեսնենք, որ յուրաքանչյուր բարեփոխման տակ մեկի կամ մի նեղ շրջանակի շահը կա, եւ բացակայում է միայն ժողովրդի շահը: Դա է պատճառը, որ մեր Սահմանադրությունն ու զանազան օրենսգրքերը ոչ թե օրենսգրքեր են, այլ պատժամատյաններ ու դատաստանագրքեր:



Բայց գանք ընտրակեղծիքներին: Այնպես չէ, որ ընտրակեղծիքներ միայն Հայաստանում են լինում: Ընտրակեղծիքն ազգային երեւույթ չէ եւ հատուկ է, կարելի է ասել, բոլոր երկրներին, հիմնականում` իշխանություններին: Բոլորովին վերջերս աշխարհում ամենացնցող ընտրակեղծիքը տեղի ունեցավ եւ այն էլ` Մեծ Բրիտանիայում` Շոտլանդիայի անկախության հանրաքվեի ժամանակ: Ո՞ւմ մտքով կանցներ, որ շոտլանդացիները դեմ կքվեարկեն իրենց անկախությանը: Բայց «քվեարկեցին», եւ դա փաստ է: ՄԲ-ն ընտրակեղծիքի որջ չես համարի: Ավելին, ոչ ոք չի հավատում, որ այդ հանրաքվեն կեղծվեց: Եվ, այնուամենայնիվ, դա այդպես է: Ինչո՞ւ եմ այսպես համոզված: Բացատրեմ:



Շատլանդիայի անկախության հանրաքվեից շատ չանցած` տեղի ունեցան ՄԲ խորհրդարանական ընտրություններ: Եվ ինչ պարզվեց: Այն կուսակցությունը, որ պայքարում էր Շոտլանդիայի անկախության համար եւ պարտվեց հանրաքվեում, հանկարծ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նույն Շոտլանդիայի տարածքում 95 տոկոս հավաքեց եւ բարելավեց դիրքերը ՄԲ խորհրդարանում: Ինչպե՞ս կարող էր այդ կուսակցությունը հանրաքվեի ժամանակ 50 տոկոս էլ չհավաքել:
Այս օրինակն ի՞նչ է ցույց տալիս: Սա նշանակում է, հայերեն ասած, մտքներին տեղ լինի եւ նույնիսկ կուսանոց մենաստանում ընտրակեղծիք կանեն:



Աշխարհի ոչ մի երկիր կասկածի տակ չառավ Շոտլանդիայի անկախության հանրաքվեի արդյունքները, եւ միայն շոտլանդացիներն էին, որ առավոտյան իշացած իրար էին նայում ու փորձում հասկանալ տեղի ունեցածը: Բայց ո՞վ կհամարձակվեր Անգլիայի թագուհուց ավելի անմեղ դեմք ունեցող Քեմերոնին ասել` ընտրակեղծարար: Հեռու ծերուկ Անգլիայի փեշերից:



Հայաստանում այս երեւույթի ճիշտ հակառակ պատկերն է: Եթե մի հրաշքով բոլորի մեջքին հրեշտակի թեւեր էլ աճեն, ոչ ոք չի հավատա, որ Հայաստանում արդար ընտրություններ տեղի ունեցան: Մենք էլ չենք հավատում մեր ընտրությանը եւ ավելի շատ, քան օտարները: Բայց, կրկնում եմ, սա ազգային հիվանդություն կամ թերություն չէ: Սա հոգեբանություն է: Այլ խոսքով` մենք հոգեբանորեն շատ լավ ենք ճանաչում մեզ: Կարողացա՞ հասկացնել: Քսանհինգ տարվա փորձը քիչ չէ: Ես լեռնցի հովվին խնդրում եմ` քո փոխարեն հոտը կպահեմ, իսկ դու գնա քաղաքացիական պարտքդ կատարի ու արի: Սա ձեռքը թափ է տալիս` դրանից բան չի փոխվի: Ասում եմ` չէ, կփոխվի, իսկ նա զայրանում է` մեկ է, իրենց ուզածով է լինելու: Սա դեռ հովիվն է: Իսկ քաղաքի աչքաբացնե՞րը, ովքեր ոչ միայն չեն հավատում, այլեւ մի քանի անգամ ընդգրկվել են ընտրակեղծարար խմբերում ու շտաբներում:



Ուրիխանյանը հիմա ասում է` սարք դնենք, որ գրանցի նույնականացման քարտերն ու բացառի բազմակի ընտրությունները: Թվում է` խելոք բան է ասում, բայց իմ հոգեբանությունն ինձ արդեն հուշում է` ըհը, սարքը շրջանցելու ձեւն էլ են մտածել: Նախ` շատ կասկածելի է, որ նման առաջարկ անողը խոշոր ընտրակեղծարարների թիմից է, եւ ապա` ընտրակեղծիքն այն բանն է, որ միշտ էլ կարող են անել, եթե դրա ցանկությունը կա: Իսկ Հայաստանում… Էլ չմանրամասնեմ:



Մեզ մոտ, ընտրությունները դեռ տեղի չունեցած, թերթերը գրում են, որ դրանք կեղծվել են: Եվ թերթերը ճիշտ են: Ի՞նչ կարող է անել սարքը, եթե թեկնածուն Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հովանավորյալն է: Ցանկացած սարք ունի ծրագիր, իսկ ցանկացած ծրագիր ենթակա է սրբագրման: Հարցն այստեղ փակվում է, եթե, իհարկե, չորոշեն մի ուրիշ ձեւի տոկոս խփել: Այստեղ արդեն սարքի որոշ պարամետրեր, օրինակ` արագությունը, կարող են «կախել»: Բայց եթե նույնիսկ սարքը «կախի», Մուկուչյանը չի «կախի» եւ իր ստեղնաշարի մի կոճակով կսրբագրի ամեն ինչ: Իսկ կա՞ մեկը Հայաստանում, որ կարծում է, թե Մուկուչյանը հոգեբանորեն պատրաստ չէ դրան:



Մեկ ելք կա միայն այս իրավիճակից: Այն փողերը, որ պետք է տան ընտրասարքեր ներկրելու համար, ավելի լավ է տան հոգեբաններին, որ հայաստանցիների միջից հանեն ընտրակեղծիքի հոգեբանությունը: