Հետաքրքիր բան

Հետաքրքիր բան

Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է երկու արարողության՝ մեկը մյուսից անկարևոր, եթե այդ արարողությունները դիտարկելու լինենք ժողովրդին այսօր հուզող կարևորագույն հացերի համատեքստում:



Իշխանական լրագրողները, բնականաբար, վազ են տվել այդ անկարևոր իրադարձությունները ճոռոմացնելու, իսկ երեկոյան զլացել են անգամ մեկ տող գրել Ազատության հրապարակում տեղի ունեցած էլեկտրաէներգիայի դեմ բողոքի հանրահավաքի ու նստացույցի մասին:



Այնտեղ, ուր եղել է այսօր նախագահը, բարեկեցիք, ապահովված հասարակություն է եղել, իսկ Ազատության հրապարակում ժողովուրդն էր, որ պայքարում է իր գրպանի վերջին լումաները ՀԷՑ-ին չտալու համար:



Համալսարանի ռեկտորն այսօր լրագրողների առաջ գրեթե արտասվել է իր ունեցվածքի մասին խոսելիս: Ի դեպ, տեղերից մեկը, ուր այցելել է Սերժ Սարգսյանը Երևանի պետական համալսարանն էր, որտեղ ռեկտոր են ընտրել Արամ Սիմոնյանին, երևի այն տրամաբանությամբ, որ Արամ Սիմոնյանը հանկարծ այդ աշխատանքը չկորցնի ու լրիվ սոված չնստի: Արամ Սիմոնյանը վատ վիճակում է՝ մի հատ կոտրված ավտո ունի, հորից կտակած մի հատ կվարտիրա, ու մի հատ էլ խրճիթ Դիլիջանում, որտեղ իր ստեղծագործական մուսաներին է հագուրդ տալիս: Մտածում ես՝ ինչ լավ եղավ, որ Արամ Սիմոյանը վերընտրվեց, այլապես մնալու էր Փարոսի հույսին: Ահա այսպիսի կարևոր իրադարձության էր մասնակցում նախագահը՝ ժողովրդին Ազատության հրապարակում թողած՝ առ ի հոշոտումն ՀԷՑ-ի և Նազարյանի հանձնաժողովների:



Մենք այն կարծիքին ենք, որ Արամ Սիմոնյանի գրպանի պարունակությունը բոլորից լավ գիտի հենց Արամ Սիմոնյանը: Այդ իսկ պատճառով հարգանքով ենք մոտենում նրա «լացին»: Բայց, բարի լինենք հարգանքով մոտենալ նաև հասարակ մարդկանց այս բողոքին: Ունենային այդ 6,93 դրամը կշպրտեին ուզվորների երեսին, բայց որ չունե՞ն և իսկապես չունե՞ն: 



Համալսարանին, թերևս, ոչինչ չէր լինի, եթե Սիմոնյանը մի քանի օր էլ մնար պաշտոնակատար: Ասելս այն է, որ ձեռից գնացած համալսարանը էլ տեղ չունի ձեռից գնալու: Բայց ժողովուրդը որ ձեռից գնա (արդեն գնում է), այլևս վերականգնել չի լինի: Նույն Սիմոնյանը ընդունելության քննություններից առաջ թվեր էր հրապարակում, թե որքան է նվազել դիմորդների թիվը: Դրա, թերևս ամենաառաջին պատճառը արտագաղթն է, թեև Սիմոնյանի կարծիքով՝ արտասահմանյան մրցակից բուհերն են մեղավոր: Ոչ: Ընդունվել ենք համալսարան և գիտենք, որ տարիներ առաջ մեկին տասը մրցույթ կար մայր բուհում: Այսօր նույնիսկ տեղերը չեն լրացվում: Մարդիկ վաղը ստիպված կլինե թանկ վճարել հոսանքի համար ու չեն կարողանա ուսման վարձ տալ: Քանի՞ ուսանողի ուսման վարձ է կազմում այն գումարը, որ պետք է տրվի ՀԷՑ-ին: Բարի եղեք հաշվարկել: Համալսարանի և մյուս բուհերի վճարովի ուսանողների թիվը դրա համեմատ կրճատվելու է, և Արամ Սիմոնյանն այդպես էլ չի կարողանալու իր համար մի նորմալ ավտո առնել:



Մինչդեռ Սերժ Սարգսյանը կկարողանար կանխել Արամ Սիմոնյանի վերջնական սնանկացումը, եթե գար ու ժողովրդի հետ հանդիպեր, եթե քայլ աներ առաջին հերթին ժողովրդին պահելու ուղղությամբ:



Հայտնի խոսք կա՝ եթե չես կերակրում սեփական բանակը, ապա ստիպված կլինես կերակրել օտար բանակները: Ժողովրդին մի հասցրեք այն տեղը, որ չկարողանա սեփական բանակը կերակրել: Ի վերջո, կա սահման, որից այնկողմ սկսվում է համատարած աղքատությունը, իսկ համատարած աղքատներից կազմված պետական միավորումներ, որքան մեզ հայտնի է, չկան: