3 նոր հայագիտական գիրք՝ Արծրունի Սահակյանից

3 նոր հայագիտական գիրք՝ Արծրունի Սահակյանից

Երեկ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ պատմական եւ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրունի Սահակյանի երեք գրքի շնորհանդեսը՝ «Ժողովրդական քրիստոնեությունը՝ միջնադարյան Հայաստանում», «Հայ հին վիպական ավանդույթը եւ երկրորդ դարի պատմագրությունը» եւ «Մովսես Խորենացու «Հայոց պատմության» բնագրի պատմությունը»։
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Արծրունի Սահակյանը, 3 գրքերն էլ շոշափում են հարցեր, որոնք առաջին անգամ են դրվում շրջանառության մեջ եւ հանդիսանում են իր 40 տարվա աշխատանքի արդյունքը: «Այդքան ժամանակ է, ինչ զբաղվում եմ գիտությամբ, այդքան տարիների ընթացքում կուտակվել են այս նյութերը, եւ այդ եզրահանգումները կամաց-կամաց բխեցվել են այդ նյութի ուսումնասիրությունից։ Այնպես որ, բանասերը, պատմաբանը, հայագետը մեր օրերում չպետք է շտապի արագ եզրակացություններ անել եւ լույս ընծայել գրքեր, տետրեր, այլ պետք է համբերատար նյութը մշակի, ուսումնասիրի, մինչեւ կգա ժամանակը, երբ ինքն առավել համոզիչ ձեւով այդ ամենը կներկայացնի։ Ես համոզվելուց հետո եմ այդ գրքերը գրել»,- նշեց Սահակյանը, ապա հավելեց, որ գրքերը տպագրվել են 400 օրինակով եւ տարածվելու են թե գրախանութներում, թե գրադարաններում։
Ի դեպ, երեկ նաեւ Արծրունի Սահակյանի 60-ամյակն էր, որի առիթով «Հրապարակ» օրաթերթը շնորհավորում է նրան։