Մեր անկախության հերթական հունիսը

Մեր անկախության հերթական հունիսը

Մի շարժում, թե մի Մայդան է սա,
Օ՜, ոչ, մեր խաղի «ղայդան» է սա։



Հիմա սա Մայդան է Սերժի աթոռի՞ համար, թե՞ պայքար 6,93 դրամի համար: Եթե 6,93 դրամի համար է այս կռիվը, պիտի դեռ հաշվարկել, թե այն, արդյոք, չի՞ կարող հազարապատիկ թանկ նստել Հայաստանի վրա: Իսկ եթե սա Մայդան է նախագահի աթոռի համար, ապա ո՞ւր են արեւմտյան էմիսարները եւ ինչո՞ւ Կիեւի օրինակով արդեն մի քանի օր փողոցում լուսացնող ակտիվիստներին կարկանդակ ու ջուր չեն բաժանում:
Շատ վերլուծաբաններ մատնանշում են ցուցարարների հագուկապը` պնդելով, որ սա այն մասսան չէ, որ 6,93 դրամի համար գնա ջրցանների դեմ: Խոսում են նաեւ թանկ օծանելիքի բույրի մասին, որ տիրում է հավաքի վայրերում: Մեր կողմից ավելացնենք, որ Մայդանի տարրեր են նաեւ Ազատության հրապարակ անվադողեր բերելը, ինչպես նաեւ ոստիկանի գլխարկը հանելը, մեջը թքելն ու նորից գլխին դնելը: Մայդանի ատրիբուտիկաներից են ոստիկանական փշալարերն ու աղբամանները, որոնցով բարիկադներ են սարքում: Իսկ ամենաշատը Մայդանի վկայություն է այն հանգամանքը, որ ցուցարարները ոչ մի կերպ չեն համաձայնում 5-6 հոգով գնալ նախագահի մոտ, իսկ նախագահն էլ չի համաձայնում գնալ ակտիվիստների մոտ: Սա նունիսկ Յանուկովիչի կենսագրությունն է հիշեցնում:



Չնայած այս ամենին` մի քիչ դժվար է հավատալ, որ Բաղրամյան պողոտայում գունավոր շարժում է սկսվել, եւ Հայաստանում դրսից իշխանափոխության փորձ է արվում: Հենց միայն այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանն իր վարած «եւ-եւ»-ի քաղաքականությամբ Բրյուսելի համար բավականին ընդունելի տարբերակ է, միանգամից ի չիք է դարձնում Արեւմուտքից հրահրվող Մայդանի վարկածը: Բացի այդ` Արեւմուտքը դժվար թե հենց Բիբինի հիմնարկն օգտագործեր Մայդան հրահրելու համար, որովհետեւ, եթե Բիբինը հրաժարվի այդ չարաբաստիկ 6,93 դրամից, ամեն ինչ իսկույն կհանդարտվի: Եվ էլի մեկ բան: Մենք չենք կարծում, որ ԵՏՄ պայմանագիր ստորագրած Սերժ Սարգսյանը Մայդանը տեսնելուն պես կմեկներ Բրյուսել: Մոսկվա` գուցե, բայց ոչ Բրյուսել:



Եվ, ուրեմն, ինչո՞վ բացատրել հայ մայդանագետների եւ գունավորների այս ակտիվությունը: Ի վերջո, ՀՀ իշխանությունները եւ ոստիկանությունը մի այնպիսի բան չեն արել, որ արեւմտյան վարչակազմերն ու իրավապահները չեն անում: Ավելին ասենք` ԱՄՆ ոստիկանությունը թող գա ու սովորի, թե ինչպես կարելի է ցույց ցրել, որ հատկապես աֆրոամերիկացիներ չզոհվեն: Թող սովորեն, թե ինչպես կարելի է փոքրիշատե ակտիվ հարյուրավոր մարդկանց բերման ենթարկել եւ մի քանի ժամից բաց թողնել, երբ արդեն կրքերը որոշ չափով հանդարտված կլինեն: Ջրելը, բերման ենթարկելը, քաշքշելը գուցեեւ խաղաղ ցույցերի վերջաբանը չպետք է լինեն, բայց ի՞նչ անել, եթե խաղաղ ցույցը ոմանց հրահրումների շնորհիվ կարող է վերածվել բոլորովին այլ բանի, օրինակ՝ Մայդանի, եթե տվյալ պետության համապատասխան կառույցները լրջորեն չզբաղվեն իրենց գործով:
Վստահաբար` Մայդանի մասնագետ հայերը չունեն այն հարցի պատասխանը, թե ինչու է «Մայդանից քշված» Սերժ Սարգսյանը մեկնել Բրյուսել:



Այս իրողությունը մի այնպիսի հակասության մեջ է մայդանային տեսությունների հետ, որ անհնար է որեւէ կերպ բացատրել Սերժ Սարգսյանի ռուսահպատակությամբ: Մեր կարծիքով` նախագահի Բրյուսել մեկնելն այս օրերին, երբ ռուսական լրատվամիջոցները միաբերան խոսում են Հայաստանում հասունացող գունավոր հեղափոխության մասին, կարող է ավելի շուտ հակառուսականության դրսեւորում դիտվել, քան հակառակը: Ուստի տրամաբանական կլիներ, եթե հայ մայդանչիներն այս պահին կանգնեին Սերժ Սարգսյանի կողքին եւ խրախուսեին նրա քայլը: Բայց տեղի է ունենում ճիշտ հակառակը: Նրանք քննադատում են ՀՀ իշխանություններին եւ «Ոչ թալանին» նախաձեռնության հետ ընդհարումը «լուսաբանում» որպես Մայդան` ռուսական լծից ազատագրվելու համար: Սա անլուրջ է:



Վաղը կարող է պարզվել, որ այս ամենն աղմուկ է սեփականության վերաբաշխման շուրջ եւ ընդամենը: Հետեւաբար, ծիծաղելի կարող է թվալ նաեւ այն մտավախությունը, թե այս աղմուկի ծածկույթի տակ փորձում են Ղարաբաղի հարց լուծել: ՀԷՑ-ը, հնարավոր է, վաղը նոր տեր ունենա, հնարավոր է հենց Մոսկվան հեռացնի Բիբինին` հոսանքը թանկացնելու նրա սեւեռուն գաղափարների համար, որ պատճառ դարձավ միջպետական ավելորդ լարվածության: Չի բացառվում նաեւ, որ դատի տան ՀԾԿՀ բոլոր անդամներին` ռուսալեզություն ցուցաբերելու եւ Բիբինի օգտին միաձայն քվեարկություն կազմակերպելու մեղադրանքով: Բայց այս ամենը դեռ չի նշանակում, որ Հայաստանում եվրամայդան է հասունանում կամ հակառակը` Հայաստանը փորձում են ծախել-վերջացնել:



Բոլորովին պատահական չէ, որ ՀՀԿ-ականները հիացմունքով են խոսում պայքարող սերնդի եւ Բաղրամյան պողոտայում կանգնած երիտասարդների մասին, պատահական չէ նաեւ հայկական հեռուստաալիքներով այս ամենը Մայդան որակող ռուսական լրատվամիջոցների քննադատությունը` չլսված բան, որ վերջին անգամ տեղի է ունեցել ԽՍՀՄ փլուզման օրերին: Սա նշան է քաղաքական ենթահողի բացակայության եւ այն բանի, որ ջրերը շուտով կզուլալվեն:



Ի՞նչ ասել ուրիշ: Հավանաբար, պետք է դեռ նոր հասկանանք, որ սա անկախ երկրի դժվարին ճանապարհն է, որ անցնում ենք բոլորով` սովորելով կամ չսովորելով սեփական սխալների վրա, դասեր քաղելով ու չքաղելով այդ սխալներից, լուն ուղտ դարձնելով եւ կարեւորագույն շատ հարցերի մատների արանքով նայելով: