Հայաստանում ռուսաֆոբիա չկա, բայց կա երկու Ռուսաստան

Հայաստանում ռուսաֆոբիա չկա, բայց կա երկու Ռուսաստան

Ո՞վ կկարողանա լիցքաթափել իրավիճակը Հայաստանում, որ սրվել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված: Մենք այդ մարդուն չենք տեսնում: Հապա մի «Սուտլիկ որսկանի հեքիաթը» հիշեք: Ռոբերտ Նազարյանը փորձեց` չկարաց, Հովիկ Աբրահամյանը փորձեց` չկարաց, Սերժ Սարգսյանն էլ չկարաց, ես վերցրեցի ու լիցքաթափեցի: Ո՞վ է այդ «ես»-ը, ով, չվախենալով հասարակական պարսավանքից, իր վրա պատասխանատվություն կվերցնի եւ կփորձի խնդիրը կարգավորել, ճանապարհ ցույց տալ, կարեւոր մարդկանց հետ հանդիպել, խոսել հետները, որ ՀԷՑ-ը քարը փեշից թափի:
Իսկ ինչո՞ւ չկա այդ մարդը, երբ Երեւանում արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ ցույցեր են ընթանում, եւ փողոցը լիքն է «ականջներով»: Ինչո՞ւ այս ակցիան այդպես էլ լիդեր չունեցավ, իսկ նրանք, ովքեր փորձեցին դա անել (անկախ իրենց բուն նպատակից), շարժման ակտիվիստների կողմից որակվեցին ընդհուպ տականք:



Եվ միայն լիդերի բացակայությամբ չէ, որ արդեն մարող շարժումն աչքի ընկավ: «Ոչ թալանին» նախաձեռնությունը հետաքրքիր էր շատ կողմերից եւ առաջին հերթին՝ իր թավշյա փափկությամբ եւ մածուցիկ նյութի հատկանիշներով: Այս շարժումն ընդունելի էր թե ընդդիմության եւ թե իշխանության համար: Անոմալիա` Հայաստանի պարագայում: Բոլորը գովում էին, փայփայում: Եվ ամենատարօրինակն այն էր, որ, չնայած անվանը` «Ոչ թալանին», այս շարժումն ընդունելի էր նաեւ ՀՀ թալանչիների համար: Այս ռեբուսը լուծելու համար դեռ շատ պայծառ գլուխներ կպայթեն ցավից:



Տարօրինակ չէ՞, որ Հայաստանում ցույցեր են սկսվում հենց ռուսական ընկերության հրահրմամբ, եւ դա այն դեպքում, երբ Ռուսաստանի բարեկամներին, որոնցից մեկն էլ Հայաստանն է, կարելի է մեկ ձեռքի մատների վրա հաշվել: Տարօրինակ չէ՞, երբ ռուսական ընկերության քայլից վրդովված հայ ժողովրդի գործողությունները ռուսական լրատվամիջոցները, այդ թվում եւ պետական, նախ շտապում են որակել մայդան Հայաստանում եւ հետո միայն ուղղում իրենց «սխալը», թե Հայաստանում ռուսաֆոբիա չկա, եւ սա ընդամենը սոցիալական խնդիրներով բողոք է:



Մեզ համար անհասկանալի է նաեւ Արեւմուտքի արձագանքն այս ամենին: ԵՄ-ում գրեթե լռություն է, ցույցի օրերին Սերժ Սարգսյանը գնում է Բրյուսել, ԱՄՆ-ն եւ Անգլիան մի կեսբերան դատապարտում են հունիսի 22-23-ի դեպքերը: Եվ, թերեւս, այսքանը:
Հարց է առաջանում` եթե այս ամենը ձեռնտու չէր ՀՀ իշխանություններին, եթե սրան պատրաստ չէր Հայաստանի ընդդիմությունը, եթե սա պետք չէր Կրեմլին եւ Արեւմուտքից հրահրված մայդան էլ չէր, ապա որտեղի՞ց հրահրվեց ու ի՞նչ նպատակներ էր հետապնդում:
Մեր կարծիքով` Հայաստան-Ռուսաստան-Արեւմուտք եռյակին առնչվող ընդհանուր քննարկումներից դուրս է մնացել չորրորդ կողմը, որ Հայաստանում եւ ՌԴ ազդեցության մյուս տարածքներում առայժմ գործում է ոչ շատ բացահայտ: Այդ ուժը կարելի է պայմանականորեն անվանել Ռուսաստանի ստվերային իշխանություն կամ Պուտինի բուն ընդդիմություն, որ, տիրապետելով աստղաբաշխական կարողությունների, ունենալով մեծ չափաբաժին ռուսական էներգետիկ ընկերությունների եւ, առհասարակ, ռուսական տնտեսության մեջ, այսօր լրջագույն մրցակից է Պուտինի եւ նրա կառավարության համար: Ասել կուզե` մենք գործ ունենք միանգամից երկու, միմյանց հետ հակամարտող Ռուսաստանների հետ, եւ չի կարելի բացառել, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի այս շարժումը հենց այդ հակամարտության արդյունքն է: Այս նույն հակամարտության շրջանակներում կարելի է դիտարկել նաեւ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի գնդակահարման ցավալի իրողությունը, ռուս հայտնի ընդդիմադիր գործիչ Նեմցովի սպանությունը եւ բազմաթիվ այլ իրադարձություններ, որոնք այս կամ այն կերպ հետո ուղղվում են Պուտինի վարչակազմի դեմ, նպաստում նրա թուլացմանը:



«РАО ЕЭС»-ը, որ իր ձեռքում է կենտրոնացրել Ռուսաստանի գրեթե ողջ էներգահամակարգը, եւ որի կազմում է նաեւ ՀԷՑ-ը, այն կազմակերպություններից է, որ պայքարում է Պուտինի կառուցած ուժային պետության դեմ: Ուշադիր ծանոթանալով ռուս հայտնի քաղաքական եւ տնտեսական գործիչ, 2000-ականների ռուսական ռեֆորմների իրականացման գործում մեծ ներդրում ոնեցած Անատոլի Չուբայսի եւ նրա հոգեզավակ «РАО ЕЭС»-ի գործունեությանը, կարելի է հստակ պատկերացում կազմել ոչ օֆիցիալ Ռուսաստան պետության մասին, որ շատ ավելի արեւմտամետ է, քան արեւմտյան բազմաթիվ երկրներ: Այդ դեպքում ավելի քան հասկանալի է, թե ինչու է Ռուսաստանի տրանսպորտի նախարարն այստեղ, Երեւանում անմիջապես համաձայնում ՀԷՑ-ի աուդիտին եւ չի բացառում հետագայում այդ ընկերությանը լիցենզիայից զրկելու հնարավորությունը: Արդյոք սա Կրեմլի պատասխանը չէ՞ «РАО ЕЭС»-ին:



Հարցին այս կողմից մոտենալու դեպքում, կարծում ենք, հասկանալի կդառնա, թե ինչու Նազարյանը փորձեց` չկարաց, Հովիկ Աբրահամյանը փորձեց` չկարաց, Սերժն էլ չկարաց… եւ, առհասարակ, Հայաստանում չգտնվեց մեկը, որ կարողանար այս հարցը լուծել: Այդ հարցը պարզապես մեր հարցը չէր եւ մեզ հետ առնչվում էր զուտ ֆինանսական կողմով:
ՀԷՑ-ն այնպիսի գերշահույթներ է ստանում Հայաստանում, որ ծիծաղելի է մտածել, թե այս ամենն այդ ընկերության ողորմության չափաբաժինը 6,93 դրամով ավելացնելն է: Ոչ, սա ավելի շուտ արեւմտամետ «РАО ЕЭС»-ի` տարածաշրջանում Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի առաջխաղացմանն ի նպաստ հերթական քայլն էր` ուղղված Մոսկվայի ազդեցության թուլացմանը եւ իր դիրքերի հետագա ամրապնդմանը: Բիբինի վերաբերմունքը ՀՀ ԵՏՄ-ամուտ իշխանությունների հանդեպ հենց դրա վկայությունն է:



Ասվածից հասկանալի է դառնում նաեւ, թե ինչու «Ոչ թալանին» շարժումը չուներ որեւէ ծրագիր եւ հոսանքի սակագինը չբարձրացնելուց զատ այլ խնդիր չառաջադրեց: Հասկանալի է դառնում նաեւ, թե ինչու էին ՀՀ իշխանությունները փայփայում իրենց եւ Մոսկվայի նախաձեռնած այս շարժումը եւ ինչու հանկարծ լարվեցին, երբ այդ շարժման մեջ հայտնվեցին Արեւմուտքի շահերն սպասարկող հայտնի եւ կիսահայտնի դեմքեր, երբ Բաղրամյանում հնչեցին այլ կոչեր:



Հայաստանում, այո, շարժման սկզբում մայդան չկար, բայց մյուս` ստվերային Ռուսաստանն այս իրավիճակը կվերածեր մայդանի, եթե իշխանությունները «Ոչ թալանին» շարժումը չհանեին Բաղրամյան պողոտայից: Այնպես որ, Պուտինի լրատվամիջոցներն սկզբում շատ ճիշտ էին, երբ ասում էին` Հայաստանում մայդան է սկսվում: Նրանք «РАО ЕЭС»-ին ու Բիբինին մեզնից ավելի լավ են ճանաչում: