Ժողովուրդը միշտ ճիշտ է

Ժողովուրդը միշտ ճիշտ է

Դավիթ Սանասարյանն իր ծայրահեղ քայլով` հացադուլով, պահանջ չի ուղղում Սերժ Սարգսյանին, իշխանություններին: Նրա պահանջն ուղղված է ժողովրդին, ՀՀ քաղաքացիներին: Դավիթը խոստանում է հացադուլ անել այնքան ժամանակ, մինչեւ ժողովուրդը հավաքվի Ազատության հրապարակում, միակամ լինի եւ հասնի լուծման:
Այսինքն, ի՞նչ, ժողովուրդը պետք է տեսնի, որ Դավիթը հացադուլ է անում եւ ելնի իշխանությունների դե՞մ: Սա երեխայություն չէ՞: Դավիթ ջան, փողոցում ինչքա՞ն բոմժ, անտուն ու անոթի մարդ կա: Հազարներով: Ժողովուրդը տեսնում է այդ մարդկանց, ժողովուրդը հասկանում է, թե ինչու են նրանք անտուն ու անոթի, ժողովրդին հեռուստացույցով ամեն օր ծայրաստիճան աղքատ ընտանիքների են ցույց տալիս, բայց ժողովուրդը, տեսնելով նրանց, հասկանալով, որ դա անարդար է, չի հավաքվում Ազատության հրապարակում, որպեսզի լուծի ընչազուրկների ու քաղցած մարդկանց հարցը: Մտածել, թե ժողովուրդը կտեսնի, որ հացադուլավորը Պողոսը չէ, այլ Րաֆֆի Հովհաննիսյանն է, Դավիթ Սանասարյանը կամ Էդիկ Անդրեասյանը, եւ ոտքի կկանգնի, կարծում եմ` միամտություն է:
Ժողովրդին շանտաժով հրապարակ բերելն անհնար է: Թեկուզ կախվիր: Գուցե գան, բայց միայն թամաշայի:



Ժիրայր Սեֆիլյանի կինը, Բերձորի դեպքերից եւ Հիմնադիր խորհրդարանի մի շարք անդամների ձերբակալվելուց հետո իր ֆեյսբուքյան էջում, դիմելով ժողովրդին, մոտավորապես գրել էր. «Դուք արժանի չեք, որ մեր ամուսինները ձեզ համար պայքարեն ու ռիսկի ենթարկեն իրենց»։ Իհարկե, սա կանացի հուզմունքի դրսեւորում է, բայց միեւնույն ժամանակ նաեւ ապացույց այն բանի, որ ժողովրդին ոտքի չկանգնելու եւ չպայքարելու համար մեղադրելը, մեղմ ասած, անշնորհակալ զբաղմունք է:



Էպատաժը, մանավանդ խեղճության ֆոնի վրա, լավագույն խթանը չէ ժողովրդին ոտքի հանելու: 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող էր հացադուլի նստել, կանգնել քարափի ծայրին ու սպառնալ, որ կնետվի անդունդը, եթե ժողովուրդն իրեն չընտրի: Տեր-Պետրոսյանը տեղյակ չէ՞ր մարդկանց վրա ազդելու այդ մեթոդներից: Իհարկե տեղյակ էր, բայց նա նաեւ տեղյակ էր, որ եթե իր ուժը, իր մտավոր կարողությունները, իշխանություններին ու համակարգը քննադատելու իր ողջ արսենալը չցուցադրի, իր հետեւից գնացող ու ոտքի կանգնող չի լինի: Տեր-Պետրոսյանի շկոլան, անկախ ամեն ինչից, քաղաքական պայքարի դասարան է, որով դեռ կանցնեն շատ ու շատ ապագա քաղաքական գործիչներ:



Փոխարենը` զավեշտ է, երբ նորելուկ քաղաքական գործիչը կամ այդպիսին համարվող մեկը գլխից մեծ հայտարարություններ է անում` շատ հաճախ չհասկանալով նույնիսկ իր հայտարարությունների իմաստն ու հնարավոր հետեւանքները: Ժողովուրդը սա իսկույն նկատում է: Չգրված օրենք է` ժողովուրդն իշխանությունների մեկ բառին կամ կես քայլին ավելի է վստահում, քան սարեր շուռ տվող շառլատանների անվերջանալի վիպերգություններին: Չլիներ ժողովրդի այդ հատկությունը, աշխարհի երեսին պետություններ չէին լինի: Անկառավարելի քաոս կտիրեր:



Ժողովուրդը ոտքի կկանգնի, քո հետեւից կգա միայն այն դեպքում, եթե համոզվի, որ դու ես ուժեղը: Հիշեք եռյակի ցույցերը, երբ ամենեւին կարիք չկար, որ Ծառուկյանն ու Տեր-Պետրոսյանը հացադուլ հայտարարեին հրապարակներ լցնելու համար: Նրանք ոչ իրենց ավտոշարասյուներն էին մահակի տակ տանում, ոչ էլ կողոսկրերն էին դանակի դեմ տալիս: Ի դեպ, մեկ տարվա բավականին լարված պայքարի ընթացքում եռյակից ոչ մեկի փայծաղն էլ չհեռացվեց: Փոխարենը մենք շարժում գիտենք, որի անդամների երեքից երկուսի փայծաղը հեռացրել են, իսկ ժողովուրդն այդպես էլ ոտքի չի կանգնել:



Այնպես որ, սիրելի Դավիթ, ծնողներդ շատ ճիշտ են վարվել, որ հորդորել են քեզ չգնալ այդ ծայրահեղ քայլին: Կարող էիր օրինակ վերցնել նաեւ քո քաղաքական ծնողից` Րաֆֆի Հովհաննիսյանից, ով եթե նույնիսկ հացադուլ է անում, ապա մտածված, այնպես, որ դա համընկնի պասի կամ ծոմի հետ:
Հիշիր, բարեկամ, որ ժողովուրդը, ինչպես Մոսկվան, արցունքներին չի հավատում: Եվ իմացիր` ժողովուրդը միշտ ճիշտ է: