«Ոսկե ծիրան». «Լռության հայացքը»

«Ոսկե ծիրան». «Լռության հայացքը»

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի արտամրցութային ծրագրի շրջանակում երեկ ցուցադրվեց Ջոշուա Օփենհայմերի «ինդոնեզական շարքի» «Սպանության գործողություն» ֆիլմին հաջորդող կամ դրա օրգանական շարունակություն հանդիսացող «Լռության հայացքը» ֆիլմը: «Հրապարակի» երեկվա համարում ես անդրադարձել էի Ջոշուայի «Սպանության գործողություն» ֆիլմին, որ պարզապես ցնցող տպավորություն էր թողել: Այժմ կուզեմ մի փոքր խոսել «Լռության հայացքի» մասին: Օփենհայմերն իր հարցազրույցներից մեկում կիսվում է ֆիլմի ստեղծման պատմությունով.



«Սպանության գործողություն» ֆիլմը երբեք միայնակ պիտի չլիներ, այն մտածված էր որպես «ինդոնեզական շարքի» առաջին ֆիլմ: Սակայն նախքան այս ֆիլմը ես նկարահանել էի 40 հանցագործների, որոնք 65-ին ոչնչացրել էին մի կոմունիստ տղայի: Այդ տղայի եղբայրը ծնվել էր հետո, եւ մեծ եղբոր սպանության պատմությունը, որ լռության մեջ էր ապրում, հանգիստ չէր տալիս նրան: Եվ նա որոշում է խախտել այդ անմարդկային լռությունը՝ հանդիպելով եւ զրուցելով եղբոր դահիճների հետ, որոնցից շատերի արձագանքը զարմանքն էր, վախն ու կատաղությունը»:



Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Ադին, հանդիպում է եղբորը խոշտանգած մարդասպաններին, զրուցում նրանց հետ, հարցեր է տալիս, փորձում ըմբռնել, թե տարիներ հետո ինչ են զգում նրանք, արդյոք զղջո՞ւմ են սպանությունների համար, հասկանո՞ւմ են, թե ինչ են արել: Չնայած մարդասպաններն արդեն տարիքն առած մարդիկ են, շրջապատի բնակիչները, ովքեր ճանաչում են նրանց եւ գիտեն ոճրագործությունների մասին, դեռ վախենում են ծերուկներից:



Զրույցների ընթացքում տեսախցիկը մերթ քարանում է ոճրագործի դեմքին, մերթ՝ Ադիի: Այդ ծանր, աղետալի լռության մեջ լսվում է սպանությունը մանրամասնորեն նկարագրող դահիճների ձայնը: Ադին մինչեւ վերջ լսում է եղբոր սպանության սոսկալի պատմությունը, մինչեւ վերջ նայում այդ սպանության փորձարարությունը: Երկու ծեր մարդասպան՝ ծիծաղկուն ձայներով, դանակները ձեռքներին ցուցադրում են, թե ինչպես խողխողեցին Ադիի եղբորը, ինչպես կտրեցին նրա անդամը, ինչպես մարմինը շպրտեցին գետը… Հետեւելով իր դաժանությամբ գրեթե անհավանական այս պատմությանը՝ Ադին լռում է եւ խախտում պատմության հանցավոր ու անարդար լռությունը:



2013 թվականին, ֆիլմի մոնտաժի ժամանակ, Ջոշուա Օփենհայմերը խոստովանել է, որ ինքը շատ տաբուներ է խախտել՝ Ադիի եւ նրա ընտանիքի կյանքը դնելով վտանգի տակ, եւ նույնիսկ պլան էր մշակվել, որ լուրջ ոտնձգությունների դեպքում նրանց արագ երկրից դուրս բերեն: «Լռության հայացքը» ֆիլմի նկարահանմանը մասնակցել են նաեւ ինդոնեզացի ռեժիսորներ, որոնց անունները գաղտնի են պահվում: Ֆիլմի ցուցադրումից հետո Ջոշուա Օփենհայմերի վերադարձն Ինդոնեզիա եւս վտանգավոր դարձավ:



ՀԳ. Պիտի խոստովանեմ, որ վաղուց ֆիլմերից այսպիսի շշմեցուցիչ տպավորություն չէի ստացել, ինչպիսիք ինձ պարգեւեցին «Սպանության գործողությունը» եւ «Լռության հայացքը»: Շնորհակալություն «Ոսկե ծիրանին» այս երկու ֆիլմերը դիտելու հնարավորության համար: