Սահմանադրական բարեփոխումները բոլորին են պետք

Սահմանադրական բարեփոխումները բոլորին են պետք

Հայտնի խոսք կա` հարևաններին, մանավանդ վերևի հարկի, չեն ընտրում: Հայաստանում մի վիճակ է ստեղծվել, որ արդեն 25 տարի է իշխանություններին էլ չենք ընտրում: Եվ հարաբերությունները, որ տարիների ընթացքում ձևավորվում են վերևի հարկի հարևանի հետ, հար և նման են չընտրված իշխանությունների հետ հարաբերություններին: Մենք չենք սիրում մեր վերևի հարևանին, չենք սիրում նաև իշխանություններին, որոնք բազմել են մեր գլխին ու արդեն 25 տարի, իրենց չընտրված հալով, ստիպում են համակերպվել իրավիճակին:



Ներքևի հարկի հարևանը, բնականաբար, չի լռում, երբ վերևից նրան լողացնում են, երբ իր առաստաղին քայլում են պայտած ձիու համաչափ կտկտոցով, երբ կեղտաջուրը կաթեցնում են խոհանոցի լվացարանի կամ գազօջախին եփվող ճաշի մեջ: Ես մի անգամ ականատես եղա, իմ դրկից Շմավոնի և նրա վերևի հարևանի կռվին: Շմավոնի վերջին խոսքերը չեմ մոռանում: Ասաց` էլ հնար չկա, կամ ես պետք է գնամ, կամ ձեզ պիտի հինգերորդ հարկից դուրս շպրտեմ: Ի՞նչ աներ խեղճ Շմավոնը, արդեն այստեղն էին հասցրել...



Շմավոնը ՀՀԿ-ական է: Ես կասեի` ՀՀԿ-ական ակտիվիստ, նրանցից, որ ընտրությունների ժամանակ շտաբում է նստում, տնետուն ընկնում, փող բաժանում, ձայն բերում: Մի անգամ, նարդի խաղալիս, որպես իշխանության ներկայացուցչի, նրան հարցրեցի` Շմավոն, դու մեր իշխանությունների և վերևի հարկի հարևանիդ միջև նմանություն չե՞ս տեսնում:



- Ի՞նչ նմանություն,- զարմացավ:



- Ո՞նց ասեմ, իշխանությունը ժողովրդին է զզվեցրել, քո վերևի հարկի հարևանը` քեզ, և այնքան, որ կամ դու պետք է հեռանաս, կամ հարևանիդ դուրս շպրտես:



Զգացի` մտքի մեջ ընկավ, բայց ցույց տվեց, թե մտածում է` "դու շեշը" ինչպես խաղա:



Մի օր էլ տեսնեմ` տրամադրությունը լավ, շվշվացնելով, շքամուտքից դուրս է գալիս:



- Վերջապես,- բարևիս ի պատասխան ասաց նա` մատը վերև տնկելով,- "ռեմոնտ" է սկսել, մարդ է բերել, ջրագիծ է փոխում:



-Աչքդ լույս, կպրծնես ջրհեղեղներից, շնորհավորում եմ,- ասացի:



Փաստորեն Շմավոնի անվերջ բողոքներն ու սպառնալիքները արդյունք էին տվել, և նրա վերևի հարկի չորագլուխ հարևանը, 25 տարի անց (մեր շենքը մոտ 45 տարվա պատմություն ունի, բայց Շմավոնի կռիվը սկսվել է ճիշտ 25 տարի առաջ, երբ ցրտից առաջին անգամ ջրագծերը սառցակալեցին), նահանջեց: Մտածում եմ` ինչքան էլ չորագլուխ, բայց մարդ է վերջապես, ու հասկանում է, որ այսպես շարունակել այլևս չի կարելի: Մի՞թե նրան հաճելի է, երբ ներքևի հարևանը ամեն օր դուռը թակում է, թե` մի ջրի, նալած կոշիկներդ հանիր, նոր քայլիր, երեխայիդ ասա` իջնի բակում վազի և այսպես շարունակ:



Իսկ հիմա` սահմանադրական բարեփոխումների մասին:



Նախաձեռնությունը, հայտնի է, գալիս է իշխանությունների կողմից, և, կարծում եմ, մենք պետք է մի բան էլ ուրախ լինենք, որ նրանք վերջապես "ռեմոնտ" են սկսել: Գուցե հասկացե՞լ են, որ այսպես շարունակել այլևս չի կարելի:



Այդ բարեփոխումների հանդեպ վերաբերմունքը, սակայն, ներքևում տարբեր է: Թե հասարակության և թե քաղաքական ուժերի շրջանում տակավին թեժ է դիսկուսիան` լա՞վ է, որ բարեփոխում են, թե՞ վատ է: Մեր կարծիքով` լավ է և լավ է առաջին հերթին այն իմաստով, որ այս 25 տարիների բողոքը վերջապես տեղ է հասել: Ուրիշները պնդում են, որ վատ է, որ սա արվում է իրենց իշխանությունը հավերժացնելու համար: Նկատենք, սակայն, որ թե մեկ և թե մյուս դեպքում, մեր վերևում բան է փոխվում, և, եթե նույնիսկ այդ իշխանությունը մնա վերևում, գոնե ջուր չի թափի կամ մեր առաստաղի վրա ընկույզ չի կոտրի:



Բարեփոխումների ընդդիմախոսներին ես առաջարկ ունեմ` եկեք մեր վերևի հարևանին (իշխանություններին) առաջարկենք ոչինչ չփոխել: Ի՞նչ կունենանք արդյունքում: Միայն թե մի ասեք` իշխանափոխություն անենք, որ ազատվենք այս հարևաններից: Նախ` դուք իշխանափոխություն անողը չեք, և ապա` ով էլ գա մեզ հարևան, նույնն է լինելու` ոչ կաթոցն է կտրվելու, ոչ առաստաղի ծեփն է մնալու իր տեղում: Երկու հարևան է փոխվել, հիմա էլ երրորդն է ապրում վերևում, բայց 25 տարի մեր կյանքում ոչինչ չի փոխվել: Սա, արդյոք, պատճառ չէ՞ որ մի բան էլ ողջունենք բարեփոխումները, մանավանդ, որ վերևի հարևանիդ չես ընտրում, չես էլ կարող ընտրել, եթե շարունակես ապրել քեզ ոչինչ չտվող այս սահմանադրությամբ, որի ամենկարևոր առանձնահատկությունը` մեկ մարդու ձեռքում իշխանության գերկենտրոնացումն է: Ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը և ոչ էլ Սերժ Սարգսյանը ծնված օրից բռնակալներ չեն եղել: Այս սահմանադրությունն է նրանց դարձրել այդպիսին: Նոր նախագահին (ամենաազատամիտ) պետք է ընդամենը մեկ-երկու ամիս, որպեսզի դառնա թվարկված շարքի չորրորդ ներկայացուցիչը` հար և նման մնացած երեքին, եթե ոչինչ չփոխվի սահմանադրության մեջ:



Մյուս կողմից էլ` հասարակության 80 տոկոսը դեմ է այս իշխանություններին, բայց ամեն ընտրության այս իշխանությունները տոկոս են խփում: Բացատրեք` հասկանանք` ինչո՞ւ է այդպես: Ասում եք լծակնե՞ր ունեն: Բա էլ ինչի՞ մասին է խոսքը: Ո՞վ տվեց այդ լծակները նրանց: Իհարկե ժողովուրդը` իր ընդունած (կամ չընդունած) այս սահմանադրությամբ: Դեռ մինչև օրս խոսվում է այն մասին, որ սահմանադրական հանրաքվեները կեղծվել են: Շատ բարի: Ի՞նչ անենք հիմա, չփոխե՞նք կեղծիքներով ընդունված սահմանադրությունը:



Ես այլ առաջարկ ունեմ` փոխենք: Եվ փորձենք այնպես փոխել, որ հետո մարտի 1 չունենանք, որ հերթական անգամ էն բանի մեջ չընկնենք չորրորդ նախագահի ձեռքը, որ իշխանությունը լինի իշխանություն և ոչ թե զոռբա հարևան, որ կառավարությունն, ի վերջո, պատասխանատվություն կրի երկրի ճակատագրի ու ժողովրդի կենսամակարդակի համար, որ ոչ միայն իշխանությունը կարողանա ապրել, այլև ժողովուրդը, որ արտագաղթը դադարի, որ տնտեսություն գոյանա, որ մեկ շենքում ապրելու համակեցության կանոններ ձևավորվեն:



Իրոք այսպես շարունակել չի կարելի: Դաշտում քաղաքական ուժ չի մնացել, պայքար չկա, չկա շարժում: Չորս կողմը միայն նվնվոց է: Ո՞ւր կհասնենք այսպես: Հայտնի քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանը ասում է` ես, որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, դեմ եմ առաջարկվող փոփոխություններին: Հարցրեք նրան` ինչո՞ւ ես դեմ: Կֆռռացնի, բայց չի կարող բացատրել: Որովհետև, եթե ճիշտը ասի, ապա պետք է նշի, որ սահմանադրական բարեփոխումների ընդունումից հետո այլևս չի կարողանալու նախագահի թեկնածու խաղալ: Հայրիկյանն ուրիշ պատճառ չունի դեմ լինելու: ԱԻՄ-ը որ մեռել է, այս սահմանադրության մեղքով է մեռել, իրեն որ թխկացրել են, այս սահմանադրության պատճառով են թխկացրել, երբ իրեն ԵՄ դրոշներով հանդերձ վռնդեցին Բաղրամյան պողոտայից, դարձյալ այս սահմանադրության թողտվությամբ էր: Բայվց Հայրիկյանը դեմ է փոփոխություններին: Ինչո՞ւ:



Հիմնադիր խորհրդարանը դեմ է խորհրդարանական Հայաստանին: Սա արդեն զավեշտ է, բայց այդ մարդիկ դեմ են, ի՞նչ կարող ես անել: Հիմնադիր խորհրդարանից թռած մի հայատյած սրիկա էլ դեմ է սահմանադրական բարեփոխումներին, որովհետև կարծում է, որ բռնազավթված Հայաստանին նոր սահմանադրություն պետք չէ: Բա չասե՞ս, այ ավանակ, սահմանադրությունը չէ՞ պատճառը, որ մեկ անձն է որոշում ամեն ինչ, այդ թվում և Հայաստանի` այս կամ այն բլոկում լինելն ու անկախության այս կամ այն չափաբաժինը զիջելը:



Ճիշտ այսպես սահմանադրական բարեփոխումները մերժելու պատճառ չունեն նաև բարեփոխումները մերժող մյուս քաղաքական ուժերը: Թե ինչպես են ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն կամ "Ժառանգությունը" պատկերացնում իրենց ապագան առանց բարեփոխված և ընդդիմության համար պայքարի ու վերադասավորումների հնարավորթյուն ապահովող սահմանադրության, երևի հայտնի է միայն իրենց: Հնարավոր է, իհարկե, որ հաջորդ խորհրդարանում էլ մի քանի աթոռ ունենան: Հետո՞: ՀԱԿ-ը դիցուք` խորհրդարան մտավ Սերժ Սարգսյանի իմփիչմենտի ծրագրով: Ինչի՞ հասավ: Սահմանադրությոյունը չէ՞ր, արդյոք, պատճառը, որ ոչնչի էլ չհասավ: Իսկ ինչի՞ հասան ԱԺ մեծությամբ երկրորդ խմբակցությունը` ԲՀԿ-ն կամ սարերի զով քամի բերելու խոստումով ԱԺ անցած ժառանգությունը:



Իրականում ոչնչի չեն հասել նաև իշխող կուսակցությունները, եթե չհաշվենք ավելի խորացած ճգնաժամը, կառավարության անպտուղ փոփոխությունը, ավելի մեծացած արտագաղթը, տնտեսական ցուցանիշների աննախադեպ անկումը և այլն: Եթե մի երկրում հազիվ միջոցներ են հայթայթում մի քանի նաիրիտցու աշխատավաձ կիսատ-պռատ վճարելու համար, ամեն ինչ պարզ է այլևս:



Այս ամենը աչքի առաջ ունենալով` թերևս արժե մեզ ընձեռված այս ժամանակամիջոցում աշխատել բարեփոխումների վրա: Մենք այսօր առնվազն հնարավորություն ունենք եթե ոչ կատարյալ, ապա ավելի լավ սահմանադրություն ունենալու: Դրանով հանդերձ` նաև մեր կյանքում ինչ-որ բան փոխելու, առաջ շարժվելու, զարգացման ելք գտնելու հնարավորություն է սա, որից հրաժարվելը պարզապես չի կարող խելացիության նշան համարվել: