Երբ բոլորն են հասկացել` որ այսպես շարունակել չի կարելի

Երբ բոլորն են հասկացել` որ այսպես շարունակել չի կարելի

Թվարկենք` Սերժ Սարգսյանը, ՀՀԿ գաղափարական և գործարար թևերը, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, "Ժառանգությունը", բազմաթիվ մանր-մունր կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ և մանավանդ Պարույր Հայրիկյանը դեմ են սահմանադրական այս բարեփոխումներին: Եթե ոչ ամբողջ փաթեթին, ապա առնվազն հիմնական և առանցքային փոփոխոիթյուններին դեմ են: Օրինակ` խորհրդարանական կառավարման մոդելին, կամ, ասենք, խորհրդարանի և կառավարության ձևավորման նոր սկզբունքներին: Այսինքն, փաստ է, որ սահմանադրական բարեփոխումների հարցում համախոհության մասին խոսք լինել չի կարող:



Հարց կարող է առաջանալ` իսկ այդ դեպքում ինչո՞վ է զբաղված Գագիկ Հարությունյանի գլխավորած սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը և կամ` ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը մի գործի պատասխանատվություն դրել Հովիկ Աբրահամյանի վրա, եթե ինքը դեմ է այդ գործին և այդ գործում ունի այնպիսի դաշնակիցներ, ինչպիսիք են` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, "Ժառանգությունը", գուցե նաև` ՕԵԿ-ը:



Փորձենք հասկանալ:



Կարծում ենք, որ այս գործում կա նաև խնդրի մյուս երեսը: Ո՞վ է Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահ լինելուց զատ, նա իշխող համակարգի մարմնավորումն է: Ասել է, թե հենց համակարգն է ձեռնարկել սահմանադրական բարեփոխումների այս գործընթացը` հստակ գիտակցելով, որ հին ձևով այլևս ճանապարհ չունի անցնելու: Նման քայլի գնալու պատճառներ` ինչքան ուզեք. խեղկատակության վերածվող նախագահական ընտրություններ, իրար հաջորդող ծույլ ու անպետք կառավարություններ, կրկես հիշեցնող Ազգային ժողով, մեռնող տնտեսություն, ահագնացող արտագաղթ, աղքատություն և ամենակարևորը` ոչ մի ելք` այդ ամենը հաղթահարելու: Եվ արդյոք սա չէ՞ պատճառը, որ համակարգի գլուխները, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, դեմ լինելով կառավարման մոդելի փոփոխությանը, ոչինչ չեն կարողանում հակադրել և հասկանալի լեզվով բացատրել, թե խորհրդարանական կառավարման համեմատ ինչ առավելություններ ունի նախագահական կառավարման համակարգը:



Զավեշտալի է նաև ընդդիմադիրների մեծ մասի պահվածքը, երբ նրանց ներկայացուցիչները մերժելով մերժում են բարեփոխումները: Մի բան են գցել գլուխները` Սերժ Սարգսյանն այս կերպ ուզում է հավերժացնել իր իշխանությունը: Պետք է հասկանալ ընդամենը, որ այս կյանքում ոչինչ հավերժական չէ և ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ: Սերժ Սարգսյանը, որպես համակարգի մարմնավորում, բնականաբար, շահագրգռված է համակարգի հետագա պահպանմամբ և երկարակեցությամբ: Ճիշտ նույն կերպ համակարգի պահպանմամբ շահագրգռված էին Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը: Արդյոք, Լևոն Զուրաբյանը ՀԱԿ-ի ճակատագրով մտահոգ չէ՞, կամ Րաֆֆի Հովհաննիսյանը "Ժառանգության" ճակատագրով... Ուրեմն բնական է, որ Սերժ Սարգսյանն էլ մտահոգ է ՀՀԿ-ի ճակատագրով և գիտակցում է, ընդունում է, հասկանում, որ այսպես շարունակվել չի կարող և բարեփոխումներ են պետք: Ընդդիմությունը, սակայն, որ պարտավոր է իշխանությունից ավելի ճկուն լինել, չի հասկանում այս հասարակ բանը ու, չնայած որ ամեն օր կրկնում է, թե այսպես շարունակել չի կարելի, դեմ է արտահայտվում բարեփոխումներին: Եթե կուզեք իմանալ, սա էլ մի ուրիշ կրակ է, երբ երկրի ընդդիմությունը դեմ է բարեփոխումներին: Սա նոնսենս է, մանավանդ, որ հենց այդ բարեփոխումների մեջ է գրեթե զրոյական  մակարդակի իջած ընդդիմության փրկությունը:



Հարցին այսպես պետք է նայել` տալի՞ս են, արդյոք, այդ բարեփոխումները իշխանափոխության հնարաավորություն: Եթե այո` ապա պետք է պաշտպանել, իսկ եթե ոչ, ապա պտք է պայքարել այնպիսի բարեփոխումների համար, որոնք կտան այդ հնարավորությունը, այլ ոչ թե դնել ու մի հանգի նվնվալ, թե հինն էլ վատը չէ, պարզապես պետք է կիրառել: Նման բան չի կարող լինել: Եթե գործող սահմանադրությունը տվյալ անձին թույլ է տալիս իր ձեռքում կենտրոնացնել ողջ իշխանությունը, ապա ով էլ լինի այդ անձը, մի կարճ ժամանակ անց վերածվում է "հրեշի" որից 10 տարի շարունակ ազատվել են ուզում բոլորը:



Սահմանադրական բարեփոխւմների գործընթացը, մեր կրծիքով, հրաշալի առիթ է ընդդիմության միավորման համար: Ձևաչափը կարևոր չէ: Պետք է ընդամենը հասկանալ, որ սա հրաշալի հնարավորություն է գործող սահմանադրությունը բարեփոխելու, առավել լավ սահմանադրություն ունենալու, այն մեր երկրի զարգացմանն ի նպաստ դարձնելու, ժողովրդի կյանքը բարելավելուն ծառայող փաստաթուղթ արարելու համար:



Մենք չենք պնդում, որ խորհրդարանական կառավարման մոդելը նախագահականից ավելի լավն է: Բայց այս իրավիճակում, երբ անկախությունից 25 տարի անց Հայաստանը թգավորության է վերածվել, երբ մեկ ուժի և անձի մենիշխանություն է բոլոր ոլորտներում, կառավարման խորհրդարանական մոդելը դառնում է օդի և ջրի պես անհրաժեշտ մի բան: Մենք պարտավոր ենք նախ` կայանալ քաղաքականապես, բդեշխավարությունից անցում կատարել ժողովրդավարություն և ապա` իշխանափոխության անկապտելի լծակներ տալ ընդդիմությանը: Մենք դեռ պետք է հասունանանք նախագահական կառավարում ունենալու համար: Դա կարող է տևել, չգիտեմ, 30 տարի, գուցե` 50: Այն ժամանակ էլ, չի բացառվում, ի հայտ գա մի խելոք մարդ ու ասի` ժամանակն է նախագահին ուղիղ ընտրություններով ընտրելու: Բայց այդ ժամանակ արդեն լծակները ընդդիմության ու ժողովրդի ձեռքում կլինեն: