Օձունի վերականգնումն անավարտ է | լուսանկարներ

Օձունի վերականգնումն անավարտ է | լուսանկարներ

Նախօրեին մամուլում տեղեկատվություն հայտնվեց՝ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին եւ փոխնախարար Արեւ Սամուելյանին պաշտոնանկ անելու պահանջով: «Օձուն» տեղեկատվական կենտրոնի անունից այս էլ որերորդ անգամ տարածվող հաղորդագրության մեջ մասնավորապես գրված էր․ «Օձունի վերականգնման բարերար Մովսես Ձավարյանի հարցազրույցից հետո, որում նա մանրամասնորեն պատմում էր, թե ինչպիսի արհեստածին խոչընդոտներ էր ստեղծում մշակույթի նախարարությունը սրբատեղի վերականգնման ճանապարհին, լոռեցի մի խումբ ակտիվիստներ ստորագրահավաք սկսեցին նախարար Հասմիկ Պողոսյանին եւ հուշարձանների պահպանության գծով փոխնախարար Արեւ Սամուելյանին պաշտոնանկ անելու պահանջով: Նամակ-խնդրագրի տակ, որն ուղարկվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ստորագրել են մոտ 5000 լոռեցիներ: «Չնայած մշակույթի նախարարության տարածած անհամոզիչ ու չփաստարկված «պարզաբանումներին», բարերարը պնդում էր, որ նրան անգամ պետք է եղել «ծանոթներ խառնել», որ իրեն թույլ տան վերականգնել եկեղեցին»»:



Չուշացավ նաեւ նախարարության արձագանքը, փոխնախարար Արեւ Սամուելյանը լրագրողներին հրավիրել էր պարզաբանումներ տալու․ նա նշեց, որ իրեն էլ է հետաքրքիր, թե ով է դրա հետեւում կանգնած, քանի որ մարզպետարանից պարզել է, որ նման տեղեկատվական կենտրոն գրանցված չկա, եւ ամբողջ Օձունում ընդամենը 3 հազար 200 մարդ է ապրում․ «Այսինքն՝ ինչ-որ մեկին ձեռնտու է երբեմն բզբզորել այս թեման։ Եթե 5 հազար մարդ այդքան ցավում է, թող մարդա 1000 դրամ հավաքեն, դա կլինի 5 մլն դրամ, եւ Լոռվա մարզի որեւիցե հուշարձաններից մեկի վրա դրվի, այսինքն՝ թող գործ անեն»։
Փոխնախարարը շեշտեց, որ Օձունի վերականգնման աշխատանքները կատարվել են նախագծով հաստատված նախահաշվով եւ ամբողջությամբ այն ծավալով, որ նախատեսված է եղել, ու որեւիցե խոսակցություն, վերականգնման որակի հետ կապված, չկա․ «Սա աննախադեպ ներդրումային ծրագիր էր, պետական բյուջեն հուշարձանների ոլորտում այս տարի 300 մլն դրամ է, եւ այդքան էլ 3 տարվա ընթացքում ծախսվել է Օձունի վրա։ Հնարավոր չէր անել ավելի աշխատանք, քան արվել է այս 3 տարվա ընթացքում, հուշարձանն ամրակայված է, կանգուն է, վտանգ չի սպառնում, ջրաթափանց չէ»։



Սակայն չէ՞ որ դժգոհություններ կան եկեղեցու շինարարությունից, որը կիսատ է մնացել ֆինանսի բացակայության պատճառով։ Փոխնախարարը վրդովվեց․ «Այդ մարդուն (բարերարին նկատի ունի) չենք կարող ստիպել, ոնց որ մեկին զոռով բռնես, ասես՝ չէ, էլի փող պետք է տաս, համաձայնագիրն ստորագրված է այդքանի, եւ գործն ավարտուն է… համայնքի հոգեւոր հովիվն այլ ուղղություններով թող նույնպես ակտիվ աշխատի, եւ համայնքապետն էլ որեւիցե մեկ անգամ գուցե երեւար շինհրապարակում եւ ասեր՝ տղերք, շինարարներ կարո՞ղ է ձեզ բան է պետք, մածուն, լավաշ եւ այլն։ Իհարկե, կան գործեր, որ արված չեն, բայց դրանք նախատեսված էլ չեն եղել, ու դա չի վնասում հուշարձանին։ Շինարարությունը երբեք չի կանգնել, ես ուղղակի ապշահար եմ, որ 3 տարվա մեջ արվել է լավագույն գործ, որեւիցե որակական, ֆինանսական խնդիր չի եղել, բայց անընդհատ սենց բզբզորոց է գնում։ Ինչ-որ բաներ ծրագրից անգամ ավել են արվել»։



Այն դիտարկմանը, որ թեպետ հրապարակայնորեն բարերարը դժգոհություն չի հայտնում, բայց խոսակցություններ կան, որ նրա գիտությամբ են արվում այդ հայտարարությունները, փոխնախարարը տարակուսեց․ «Ես իսկապես չգիտեմ, պարոն Ձավարյանն ինձ համար մշտապես կա եւ կմնա լավագույն ծրագրեր իրականացրած բարերարներից մեկը»։ Ըստ նրա, Ձավարյանի կողմից երբեւէ դժգոհություն վերջին տարիներին չի եղել, դժգոհ չի եղել նաեւ նախարարությունից․ «Իհարկե, խոսակցություններ եղել են, բայց դրանք ժամանակի ընթացքում լուծվել են։ Ինչպես ինքն է ասել (Ձավարյանի հարցազրույցը նկատի ունի), դրանք չեն տեւել մի տարի, այլ օրեր կամ շաբաթներ, ես դրանց փաստաթղթային օրինակներն ունեմ, երբ դիմել են, ընդհուպ մինչեւ 10 օր, թույլտվությունները եղել են»։



Այն հարցին, որ մարտին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ինքը «Հովհաննես Իմաստասեր կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի տնօրեն Վանուշ Շերմազանյանին ասել է, որ բարերարը պատրաստ է 50 մլն էլ տրամադրել շինարարությունը շարունակելու համար, ապա․ «Ես 50 մլն-ի անուն չեմ տվել, նախ տարօրինակ է, որ հիմնադրամն ինքը գալիս է մեզ մոտ, այսպես ասած, օգնության իր բարեգործի համար խոսելու։ Վերջիվերջո, հիմնադրամը եւ բարեգործը վերջին տարվա ընթացքում բաժանվել էին իրարից, ինչի՞ են բաժանվել, թող գնան հասկանան։ Բարերարն ասել է, որ ծավալով վերջացրել ենք գործը, մենք իր հետ խոսել ենք, ասել ենք, որ դրսի աշխատանքներ կան, որ լավ կլիներ արվեին, ասեց՝ լավ, աշնանը կամ գարնանը կանեմ, որը կկազմի 8-15 մլն դրամ, բայց այդ աշխատանքը կարող է եւ չարվի, դա բանավոր խոսակցություն է եւ կարող է չլինել։ Եթե կան մասնագիտական հարցեր՝ նախագծի հետ կապված, ես պատրաստ եմ դրանց անդրադառնալ»։ Սամուելյանը, անդրադառնալով ֆինանսական չարաշահումների մասին խոսակցություններին, նկատեց, որ հիմնադրամը գումարն ինքն է ուղիղ փոխանցել շինարարին, ում հետ պայմանագիր է կնքել․ «Ի՞նչ կապ ունի նախարարությունն իրենց գումարների հետ, գումար չի մտել մշակույթի նախարարություն»։ Իսկ թե ինչու են բոլոր սլաքները դեպի նախարարություն ուղղվում, ասաց․ «Բոլորին թվում է, թե թույլ օղակը նախարարությունն է»։



Փոխնախարարի հետ հարցազրույցից հետո երեկ կրկին առիթ եղավ Օձունում լինելու, որտեղ լոռեցիներից եւ օձունեցիներից նախ հետաքրքրվեցինք վերոհիշյալ տեղեկատվական կենտրոնի եւ ստորագրահավաքի մասին, ինչի մասին ոչ ոք ոչինչ չգիտեր։ Լոռեցիներից մեկը նշեց, որ իրենց համար կարեւորը ոչ թե նախարարի կամ փոխնախարարի հրաժարականն է, այլ որ եկեղեցու կիսատ շինարարությունն ավարտեն։ Իսկ եկեղեցին, անգամ ոչ մասնագիտական աչքով, կիսատ շինհրապարակ էր հիշեցնում, որի շուրջբոլորն անփութորեն շինավազ, քարեր էին կուտակված, բակով մեկ թափված էին եկեղեցու կամարակապի քարերը, բացի այդ, եկեղեցու հետեւի պատին, ընդհանուր ֆոնի մեջ, առանձնանում էին ուրիշ քարերից հավաքված պատառիկներ։



Մենք փորձեցինք զրուցել եկեղեցու հոգեւոր հովվի հետ, սակայն նա հրաժարվեց հարցազրույց տալ, իսկ տեղացիներն ասացին, որ նա մշտապես քննադատաբար է խոսել եկեղեցու շինարարության մասին, վերջին հարցազրույցից հետո նրան լռեցնելու փորձեր են արվել, դրա համար հրաժարվում է հիմա խոսել։



Կապվեցինք նաեւ համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանի հետ, հետաքրքրվեցինք, թե վերականգնումն ինչ չափով է իրականացվել, եւ այն ավարտված կարելի՞ է համարել, թե՞ ոչ։ «Իհարկե ոչ, բոլորն էլ տեսել են, որ ավարտված չէ, բուն եկեղեցին ավարտված է, իսկ կողքի սրահներն ըստ նախահաշվի ավարտված չեն։ Բարերարը հրաժարվել է ֆինանսավորումից ինչ- ինչ պատճառներով, եւ գործը կիսատ է, ո՞նց կարելի է ասել ավարտված է, մարդու աչքը տեսնում է, չէ՞, որ ավարտված չէ»։ Նա նշեց, որ խնդիրը ֆինանսն է, եթե լինի՝ կավարտվի, բայց այս պահին ոչ մի ֆինանսավորում չկա, եւ աշխատանքներն էլ որեւէ ձեւով չեն շարունակվում։ Ինչ վերաբերում է եկեղեցու ջրահեռացմանը, որն ըստ փոխնախարարի արված է, ապա համայնքի ղեկավարն ասում է․ «Պետք է սրահներն ավարտվեին, որ նոր ջրահեռացումը լիներ, եթե սրահներն ավարտված չեն, ջրահեռացումն ինչպե՞ս կարող էին անել, կիսատ աշխատանքներով չի կարող ջրահեռացում լինի։ Բոլոր դեպքերում, աշխատանքն արվել է, հիմա խնդիրը մնացած աշխատանքներն ավարտին հասցնելու մեջ է, բայց այս պահին կա լուրջ խնդիր, որը կապված է շինարարությունն ավարտին հասցնելու հետ», ու հավելում, որ չգիտի, թե ինչու բարերարը չուզեց այլեւս ֆինանսավորել։



«Հովհաննես Իմաստասեր կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի տնօրեն Վանուշ Շերմազանյանից հետաքրքրվեցինք, թե գո՞հ է եկեղեցու վերականգնման արդյունքներից։ «Այնքան, որքան եղել է, գոհ եմ, բայց այնտեղ ավարտին հասցնելու շատ բան կա։ Ամբողջ ծավալով արված չէ»,- նշեց նա ու պատմեց, որ դեռ 2 տարի առաջ բարերարը ցանկացել է ծրագրից դուրս գալ, կանգնեցնել աշխատանքները, որովհետեւ խնդիրներ են առաջացել, թե ինչ խնդիրներ են եղել՝ չգիտի, միայն ասում է, որ համոզեցին, եւ աշխատանքները շարունակվեցին։ «Այն պահանջները, որ դրվում են, թե ինքն ամբողջական պետք է կատարեր վերականգնումը, նա պարտավոր չէր կամ էլ հնարավորություն չուներ»,- ասում է Շերմազանյանը եւ հավելում, որ տեղյակ չէ, թե «Օձուն» տեղեկատվական կենտրոնի անվան տակ այս հրապարակումներն ում ձեռքով եւ ինչի համար են արվում։



Ինչ վերաբերում է փոխնախարարի այն խոսքին, որ հիմնադիրն ինքն է դուրս եկել իր հիմնադրամից, ապա․ «Չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում հիմնադրամից դուրս է եկել,պաշտոնապես նման բան չկա»։ Նա, անդրադառնալով Օձունի վերականգնման գումարներն ուտելու խոսակցություններին, նկատեց․ «Ոչ ոք չէր կարող գումարներ ուտել, որովհետեւ այդ գումարները մի կազմակերպության միջով էին անցնում, որը նույնպես պատկանում էր Մովսես Ձավարյանին, ամեն ինչ հսկողության տակ է եղել, եւ եթե նույնիսկ մեկը կամենար գումարներ տանել, չէր կարողանա»։