Ես նորմալ իմ աշխատանքը կատարում եմ, բոլորը գոհ են

Ես նորմալ իմ աշխատանքը կատարում եմ, բոլորը գոհ են

Խոսրովի անտառ արգելոցի մասին հիշում ենք այն ժամանակ, երբ այնտեղ հրդեհ, որսագողություն, ապօրինի ծառահատումներ են լինում: Պարզվում է՝ այնտեղ նաեւ ուխտագնացություններ են լինում՝ Կաքավաբերդ, Հավուց Թառ, գեղատեսիլ այլ վայրեր: Խոսրովի արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանն ասում է, որ Խոսրովի արգելոցում մուտքավճար չկա, ուղղակի այցելուն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ցանկանում շրջայց կատարել: «Եթե Հավուց Թառ են ուզում այցելել, 2 հազար դրամ է, բայց առանց գիդի։ Գիդի ծառայությունը 5 հազար դրամ է, որը բնապահպանության նախարարության կողմից է սահմանվել: Կաքավաբերդը տեսնելու համար մի փոքր ավելի գումար են վճարում»: Տնօրենն ասում է, որ շրջայցերի գները չեն գերազանցում 10 հազար դրամի սահմանը: Ցավոք, Խոսրովի արգելոց այցելողներն այնքան էլ շատ չեն:
Արգելոցում ամեն ինչ հանգիստ է, որեւէ արտառոց դեպք այս ամռան ընթացքում չի գրանցվել՝ որսագողություն, ծառահատումներ չեն եղել: Տնօրենը փառք է տալիս աստծուն, որ նույնիսկ հրդեհավտանգ այս իրավիճակում հրդեհ չի բռնկվել: «24-ժամյա հերթապահությամբ աշխատում ենք, տարածքներում պտտվում ենք, դեռեւս հրդեհներ չեն բռնկվել։ Ամենավտանգավոր պահը Վարդավառն էր, ամբողջ անձնակազմով վերահսկում ենք, դեռ վտանգը մեր շուրջը պտտվում է»,- ասաց Հովակիմյանը: Նա ասում է, որ արգելոցում ամեն ինչ լավ է, գերծանրաբեռնված աշխատում են, որպեսզի որեւէ թերացում չլինի: «Այնքան լավ է, երբ ջրի հետ կապված խնդիրներ էլ չունենք, Վեդի, Խոսրով, Ազատ գետերը հոսում են, առվակներ կան, ամեն ինչ լավ է»,- ասաց տնօրենը: «Ամեն ինչին» «վարդագույն ակնոցներով» նայող տնօրենն արդեն երեք տարի այդ պաշտոնն է զբաղեցնում է։ Հովակիմյանը չի ցանկանում գլուխ գովել, բայց ասում է, որ իր գործունեության այս 3 տարիների ընթացքում որեւէ լուրջ խնդիր չի առաջացել, որ գյուղատնտեսության մոնիտորինգի վարչությունն է ստուգել, ամեն բան կարգին է:
Նա հերքում է տարածված լուրերը, որ շուտով իրեն պաշտոնանկ կանեն. «Հնարավոր է ամեն ինչ, բայց ինչի՞ համար պետք է ազատեն, ես ինքս շատ ուրախ կլինեի, որ ազատեին (ծիծաղում է): Եթե մի մարդ 24 ժամ, ամբողջ օրն առանց հանգստի աշխատում է, ոչ մի տոնական օր չեմ հանգստանում, ընտանիքից հեռու: Իհարկե, դժվար է, բայց նմանատիպ խոսակցություններ ես չեմ լսել, նման բան չկա, ես նորմալ իմ աշխատանքը կատարում եմ, բոլորը գոհ են, առավել եւս՝ պահպանությունը շատ հստակ դրված է, մենք խնդիրներ չունենք, պետք է մի բանում թերանանք, որ ազատեն, իսկ ես դեռ նման բան չեմ արել, որ հարցս դրվի ազատման: Լուրեր կարող են շրջանառվել»: Տնօրենին ընտրում են հինգ տարին մեկ. «2 տարի դեռ ունեմ, գուցե, երբ գա թեկնածությունն առաջադրելու ժամանակը, այլեւս չառաջադրվեմ»: